ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է Ռուսաստանին Թուրքիայի պարտքի վերաձևակերպման արձանագրությունը
ՌԴ Դաշնության խորհուրդը լիագումար նիստում վավերացրել է արձանագրություն, որը նախատեսում է Ռուսաստանի Դաշնության հանդեպ Թուրքիայի պարտքի վերաձևակերպում։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի օգոստոսի 18-ին Մոսկվայում և նույն թվականի օգոստոսի 24-ին՝ Անկարայում։
Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը, պետական վարկի գումարը կազմում է 726 մլն ԱՄՆ դոլար։ Նրա խոսքով՝ մինչև 2022 թվականը թուրքական կողմը ժամանակին լրիվ ծավալով կատարել է իր պարտավորությունները, սակայն արևմտյան հակառուսական պատժամիջոցների սահմանումից հետո Անկարան չի կարողացել կատարել 111 միլիոն դոլարի չափով վճարումները 2022 և 2023 թվականներին՝ «իրենից չկախված պատճառներով»։
Քանի որ Թուրքիան վճարումները չկատարելու հարցում մեղք չունի, երկու երկրների կառավարություններն ստորագրել են թիվ 2 արձանագրությունը, որը նախատեսում է ժամկետանց պարտքի մարում 60 օրվա ընթացքում դրա կիրառումը սկսելու օրվանից․ եթե վճարումը կատարվի սահմանված ժամկետում, ապա տուգանքային տոկոսներ չեն հաշվառվի: Սազանովի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերին թուրքական կողմն ամբողջությամբ մարել է ժամկետանց պարտքը, իսկ արձանագրությունը նախատեսում է տուգանքային տոկոսների պարտքի ներում՝ 17 միլիոն դոլարի չափով։
Խորհրդարանականների կարծիքով՝ արձանագրության վավերացումը կնպաստի ռուս-թուրքական տնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: