Բաժիններ՝

Ջենի Էրպենբեկը «Կայրոս» վեպի համար արժանացել է գրականության բնագավառում Միջազգային Բուքերյան մրցանակի

Գերմանացի գրող Ջենի Էրպենբեկը «Կայրոս» (Kairos) վեպի համար դարձել է 2024 թվականի Միջազգային Բուքերյան մրցանակի (The International Booker Prize 2024) դափնեկիր, որը շնորհվում է անգլերենով գրականության ոլորտում։ Հաղթողին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է ժյուրիի նախագահ, կանադացի գրող Էլեոնոր Վաքթելը։

Մրցանակի արժանացած գրողն ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգի (63,5 հազար դոլար) չափով պարգև։ Գոյություն ունեցող կանոնների համաձայն՝ նա պետք է դրամական մրցանակը կիսի գրքի անգլերեն թարգմանչի հետ, որը գերմանացի բանաստեղծ Միխայել Հոֆմանն է։

Գիրքը, որը կոչվում է հունական երջանիկ պատահականության աստծո անունով, պատմում է Կատարինայի և Հանսի հարաբերությունների մասին, որոնք ծավալվում են 1989 թվականին Բեռլինի պատի անկման և դրան նախորդող իրադարձությունների ֆոնին։

«Դա մեծ սիրո և դրա մարման մասնավոր պատմություն է, բայց նաև մի ամբողջ քաղաքական համակարգի փլուզման պատմություն: Պարզ ասած՝ ինչպե՞ս կարող է մի բան, որը սկզբում ճիշտ էր թվում, վերածվել սխալ մի բանի, – ասել է Էրպենբեկն իր վեպի մասին մրցանակի կայքում հրապարակված հարցազրույցում: – Ինձ համար հետաքրքիր էր այդ անցումը: Այստեղ շատ բան կապված է լեզվի հետ, քանի որ լեզվի դերը զգացմունքներն ու գաղափարներն արտահայտելն է, ինչպես և դրանք թաքցնելն ու խաբելը»:

«Կայրոս»-ը 57-ամյա գրողի չորրորդ և առայժմ վերջին վեպն է, որը լույս է տեսել 2021 թվականին և թարգմանվել անգլերեն 2023 թվականին։ Նա նաև նախկինում հրատարակել է մի քանի կարճ գործեր և երկար ժամանակ աշխատել թատրոնում։ Ընդունելով մրցանակը՝ Էրպենբեկը պատմել է, որ ինքը սերում է գրողների գերդաստանից։ Նրա տատն ու պապը գերմանացի գրողներ և դերասաններ Ֆրից Էրպենբեկն ու Հեդդա Ցիներն են, որոնք շատ տարիներ ապրել են Խորհրդային Միությունում և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո աշխատել գերմանախորհրդային բարեկամության ամրապնդման ուղղությամբ: Ֆրից Էրպենբեկի անունն է կրում Բեռլինի արևելյան մասի փողոցներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս