«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում է լայնածավալ գումարտակային մարտավարական զորավարժություն
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ ապրիլի 1-ից ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող գումարտակային մարտավարական լայնածավալ զորավարժություն:
Զորավարժության նպատակն է ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը` միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում:
Մարտավարական զորավարժության շրջանակում, ապրիլի 3-ին, «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է հանդիսավոր միտինգ և շարային ստուգատես: Ողջունելով զորավարժության մասնակիցներին` գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը հետաքրքրվել է նրանց մարտական պատրաստականությամբ ու տրամադրվածությամբ, ներգրավված ստորաբաժանումների, ծառայությունների և տեխնիկական միջոցների պատրաստության մակարդակով:
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարը վստահություն է հայտնել, որ հերթական համատեղ զորավարժության արդյունքները լինելու են գոհացուցիչ և առաջադրված բոլոր ուսումնամարտական և կրակային խնդիրները կատարվելու են արդյունավետ ու բարձր մակարդակով:
Զորավարժության յուրահատկությունն այն է, որ նախօրոք սցենար չի կազմվել և զինծառայողներին խնդիրներ են առաջադրվելու իրավիճակի զարգացմանը զուգահեռ։ Խաղարկվելու են պաշպանողական, հարձակողական, ինչպես նաև հակահարձակողական գործողություններ: Զորավարժությունը կշարունակվի մինչև ապրիլի 12-ը: