Փաշինյան-Տոնոյան-Վանեցյան. հասունացող կոնֆլի՞կտ, թե՞ համաձայնեցված խաղ

«Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է, որովհետև, ճիշտն ասած, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից, որովհետև ի՞նչ է ասել պաշտպանության նախարարը, ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է՝ հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը, շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը: Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտնի հայտարարությանը։

Տոնոյանը, հիշեցնենք, Նյու Յորքում հայտարարել էր, որ ինքը՝ որպես պաշտպանության նախարար, «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը վերաձևակերպում է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևի։

Դավիթ Տոնոյանի այդ հայտարարությունը հայաստանյան մեդիափորձագիտական շրջանակներում, սոցիալական ցանցերում արժանացավ հիմնականում դրական գնահատականների։ Այդ գնահատականներում շատերը շեշտում էին ոչ միայն պաշտպանության նախարարի հայտարարությունները, այլև Դավիթ Տոնոյանի անձը՝ այն տեսանկյունից, որ պաշտպանության նախարարի պաշտոնում նա իրեն դրսևորում է համարժեքորեն և դրական լույսի ներքո։

Ավելի պարզ ասած, Նյու Յորքում արված հայտարարությունից հետո Դավիթ Տոնոյանի վարկանիշը զգալիորեն ավելացավ։

Թվում է՝ ամեն ինչ նորմալ է՝ պաշտպանության նախարարը հայտարարություն է արել, բարձրացել է ոչ միայն նրա անձնական, այլ նաև իշխանության հավաքական վարկանիշը։ Սակայն, դատելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններից, դա այնքան էլ դրականորեն չի ընդունվել վարչապետի կողմից, և նա շտապել է շեշտել, որ Դավիթ Տոնոյանն իր ենթական է։

Իրականում դա ևս նորմալ է, այո, Դավիթ Տոնոյանը վարչապետի ենթական է, սակայն, եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանար շեշտել ոչ թե այդ հանգամանքը, այլ Դավիթ Տոնոյանի հայտարարության արժեքն ու նշանակությունը, հանդես կգար միանգամայն այլ հայտարարությամբ։

Նա կարող էր ասել, որ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հայաստանի իշխանության կողմից իրականացվող ընդհանուր քաղաքականության բաղկացուցիչն է, ինչը կա իրականում։

Բայց Փաշինյանը շեշտել է Տոնոյանի՝ վարչապետին ենթակայությունը, թերևս ցանկանալով, որ Տոնոյանի հայտարարության դափնիները վերագրվեն ոչ թե նրան, այլ վարչապետին։

Սա ցույց է տալիս, որ իրականությունից հեռու չեն այն խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում, եթե իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը բարձր վարկանիշ է ունենում, և բոլոր հնարավոր միջոցներով փորձում է կանխել դա։ Նույնը տեղի է ունեցել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի պարագայում, նույնը կատարվել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեպքում։

Թվարկված և չթվարկված մի շարք դեպքերում Նիկոլ Փաշինյանն ուղղակի և անուղղակի մեթոդներով փորձել է այդ պաշտոնյաներին «ցույց տալ իրենց տեղը»։

Այդ գործելաոճի հիմքում ընկած է Նիկոլ Փաշինյանի այն համոզումը, որ իշխանության վերնախավում չպետք է լինի որևէ պաշտոնյա, ով կունենա իրեն հավասար, առավել ևս՝ իրենից բարձր վարկանիշ։

Դա է պատճառը, որ նա շեշտում է՝ «ես նրան կազատեի նախարարի պաշտոնից»։ Հայաստանում բոլորին նշանակում և ազատում է մեկ մարդ, և այդ մեկ մարդը նա է՝ Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս