«Սուտ է, ժամանակը չի բուժում՝ միայն ստիպում է, որ համակերպվես ցավի հետ». Բագրատ Ալեքսանյանի ծնողներն արդեն երրորդ գարունն են դիմավորում առանց իրենց որդու
Փոխանակ փոխեք սահմանի դրությունը,
Բռնել փոխում եք Սահմանադրությունը,
Հայաստան աշխարհ, ուշքի արի,
Զինվորներդ տուն չեն գալիս:
Այս խոսքերը պատկանում են 2016 թվականի ապրիլյան պատերազմի նահատակ հերոս Բագրատ Ալեքսանյանին: Այն գրվել է 2015 թվականի դեկտեմբերին, երբ Բագրատի աչքի առաջ հերթական դիվերսիան կանխելու ժամանակ մահացել էր ծառայակից ընկերը։ Քառատողը զգոնության կոչ էր՝ ուղղված բոլորին, շարքային քաղաքացիներից՝ մինչև պատկան մարմիններ, որ առաջին հերթին՝ պետք է ամրացնեն ու անառիկ դարձնեն սահմանները, այնուհետև խոսեն երկրի առաջընթացի ու դրան ուղղված քայլերի մասին։
Բագրատ Ալեքսանյանի գրած քառատողն այսօր տեղ է գտել նրա «Վերադարձ» բանաստեղծությունների գրքում և հերոսի անունը կրող հուշաքարի վրա, որը տեղադրվել է նրա մանկության բակում…
Բագրատ Ալեքսանյանի մայրիկի՝ Նարինե Ասրյանի հետ 168.am-ի զրույցը սկսվեց բակում, առաջինը տիկին Նարինեն ցույց տվեց որդուն նվիրված հուշաքարը ու պատմեց, որ այդ բակում է անցել Բագրատի ամբողջ մանկությունը, որտեղ սիրել է ընկերների հետ ժամանակ անցկացնել։
«Բագրատը 16 տարեկան էր, որ որոշեցինք տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն՝ ընդմիշտ մնալու նպատակով։ 18 տարեկան դառնալուց հետո Բագրատը վերադարձավ Հայաստան, ուզում էր ամպայման զինվորական պարտքը տալ հայրենիքին։ Բայց այդ ժամանակ զինկոմիսարիատը Բագրատին բանակ չզորակոչեց՝ ավելորդ քաշի պատճառով, և մեկ տարի ժամկետով տարկետում տվեց։ Բայց որդիս ամեն ինչ անում էր, որ ծառայի, այն էլ՝ Արցախում։ 2013 թվականին կրկին դիմել էր զինկոմիսարիատ ու հստակ պահանջել, որ զորակոչեն բանակ, հակառակ դեպքում՝ դիմում կգրի ու կամավոր կմեկնի։ Փաստորեն իր համառ պայքարից հետո դրական պատասխան էին տվել որդուս, զանգահարեց մեզ, շատ ոգևորված էր, որ վերջապես բանակ է գնում, դա իր երազանքն էր»։
Արդեն տանը տիկին Նարինեն ցույց տվեց որդուն նվիրված անկյունը՝ պատմելով, որ իր բոլոր առավոտները սկսվում են հենց այդտեղից՝ Բագրատի հետ երկար զրույցով։
Սրտում կուտակվածն է արտահայտում, լացով ու ծիծաղով հիշում անցած-գնացած բոլոր օրերը, հիշում, թե որդին ինչպես էր ոգևորված խոսում Հայաստան վերադառնալու, ծառայության անցնելու ու ապագան հայրենիքում կառուցելու մասին, ինչ սիրով էր խոսում սիրած աղջկա՝ Անժելի մասին…
Բագրատին նվիրված անկյունում նրա անձնական իրերն են՝ դրամապանակից մինչև սխրանքի համար ստացած մեդալներն ու պատվոգրերը։
«Որդիս «կյանքի օրագիր» ուներ, որտեղ գրի էր առնում իր մտքերը, օրվա անցուդարձը, այդ օրագրում գրել է նաև բանակ գնալու առաջին օրերի մասին.
«Ծառայության երրորդ օրը բոլորին համազգեստ տվեցին, բացի ինձանից, իմ հագով համազգեստ չկար, գրեթե 10 օր քաղաքացիական հագուստով էի ման գալիս, հետո, չգիտեմ՝ որտեղից, համազգեստ գտան ու ինձ տվեցին, բայց այստեղ էլ մի խնդիր առաջացավ՝ «բլյախի» խնդիրը, քանի որ գեր էի, ու ոչ մի «բլյախ» ինձ վրա չէր լինում ու մեկ ամիս առանց «բլյախի» էի ման գալիս, հետո դա էլ գտան, տվեցին, ու բոլորի նման ես էլ դարձա շարքային զինծառայող։ Ես հպարտ եմ, որ զինվոր եմ, քանի որ Ռուսաստանից իմ կամքով եմ եկել բանակում ծառայելու»։
Այդ օրագրում գրառում է արել նաև իր անբաժան ընկերների, իր կարոտների, բանակ գնալուց առաջ սիրած աղջկան տված վերջին հրաժեշտի, թաքցրած արցունքների ու չասված սիրո խոսքերի մասին»։
Բագրատ Ալեքսանյանը ծառայել է Ջրականում՝ Ջիբրաիլում, զոհվել է Լելե Թեփեի բարձունքում գտնվող իր պահած դիրքում՝ 2016 թվականի ապրիլի 2-ին՝ իր ու զինակից ընկերների վրա վերցնելով թշնամու ամենաթեժ գրոհը։ Երկու անգամ վիրավորում է ստացել ոտքից, սակայն արնաշախաղ ոտքը քարշ տալով՝ ձեռքից վայր չի դրել նռնակաձիգը՝ սպասելով, որ օգնության կհասնեն… Իսկ երբ օգնության են հասել, Բագրատն այլևս ողջ չի եղել՝ թշնամու երկու գնդակներն արդեն դիպել էին նրա սրտին։
«Որդուցս մնացած վերջին իրը նրա խաչն է, այն միշտ վզին է եղել, զարմանում եմ, որ գերի ընկնելիս թշնամին այն չի հանել, զոհվելուց հետո թշնամին մեր տղաների դիերը տարել էր, մարմինները խոշտանգել, բայց ձեռքին դաջված խաչին ու վզի խաչին ձեռք չէին տվել։ Գուցե նրանից է, որ մեծ հավատք ուներ… Որդիս իր զենքով պաշտպանեց հայրենիքը, այդ խաչը՝ մեր հավատքը, ամբողջ հայ ազգին…»։
Բագրատը և կրտսերը եղբայրը՝ Սամվելը, ծառայել են նույն զորամասում, ապրիլի 1-ին Բագրատը բարձրացել է դիրքեր։ Վերջին անգամ տիկին Նարինեն Բագրատի հետ խոսել է այդ ժամանակ։
«Արդեն երեք տարի որդուս ձայնը չեմ լսել, 2016 թվականի ապրիլի 1-ի գիշերը խոսեցի Բագրատիս հետ, ասաց, որ դիրքեր է բարձրանում, չգիտեի, որ դա մեր վերջին զրույցն է լինելու, զրույցը սովորականից երկար տևեց, ամեն ինչի մասին խոսեցինք, ծառայությունից չէր դժգոհում, ասում էր, որ իր մոտ ամեն ինչ լավ է։ Մտքովս չէր անցնում, թե ժամեր անց ինչ կարող է լինել։ Արդեն ապրիլի 2-ին աշխատավայրում էի, գործընկերներիցս մեկն իր խոսքում ասաց, որ Արցախում պատերազմ է, հետո հեռուստացույցով տեսա, որ շատ վիրավորներ են տեղափոխել Երևան, հատկապես՝ Ջիբրաիլից: Զանգահարեցի զինվորական հոսպիտալ, վիրավորների մեջ Բագրատիս անունը չկար։ Զանգեցի Բագրատին՝ հեռախոսն անհասանելի էր, ծանոթ սպա կար՝ նրան զանգեցի, հուսադրեց, թե ամեն ինչ լավ է, իսկ Բագրատին ուրիշ դիրք են տարել, այդ պատճառով էլ հեռախոսն անհասանելի է: Հավատացի, բայց այդ ժամանակ որդիս արդեն չկար…
Որդուս մասին միշտ ներկայով եմ խոսում, քանի որ նա մեր ընտանիքում ներկա է, նա իր արարքով, գրածներով անմահացել է։ Նա ուզում էր բոլորին մեկ բան սովորեցնել՝ սիրել հայրենիքը, մարդկանց, ընկերներին: Իր արարքով այդ ամենն ապացուցեց որդիս։ Նա միշտ ասում էր, որ ինքը կծառայի, բայց եղբայրը չի ծառայելու, փաստորեն այդպես էլ եղավ՝ իր արյան գնով եղբորը բանակից ազատեց։ Սամվելը 10 ամսվա ծառայող էր, երբ Բագրատը զոհվեց, դրանից հետո, ըստ օրենքի՝ փոքր տղաս ծառայությունից ազատվեց, նա նույնպես մասնակցել է պատերազմին»։
Ապրիլյան պատերազմից անցել է երեք տարի, տիկին Նարինեն ասում է, որ տարիները ոչինչ չեն մեղմացրել՝ անասելի կարոտ կա, ցավ, որը ոչ մի կերպ չի կարողանում փարատել, միակ սփոփանքն այն գիտակցումն է, որ որդին հերոսաբար է ընկել՝ զենքը ձեռքին։
Տիկին Նարինեին ու ամուսնուն ապրելու ուժ է տալիս փոքր որդին, ասում են՝ այժմ նրա համար են ապրում։
«Սուտ է, ժամանակը չի բուժում, ժամանակը միայն ստիպում է, որ համակերպվես ցավի հետ։ Ժամանակի հետ ցավն ավելի է խորանում։ Բագրատի զորացրվելուն երկու ամիս էր մնացել, մի անգամ ասացի՝ տղես, քո զորացրվելուց հետո փոքր եղբորդ տար քո վաշտ, մերժեց, զայրացավ։ Մի անգամ էլ ընկերներից մեկն է նման բան ասել, Բագրատը պատասխանել է, որ չի ցանկանում, որ եղբայրն իր վաշտում ծառայի, երբ պատճառը հարցրել են, ասել է, որ Աստված չանի, եթե ինչ-որ բան լինի, գոնե իրենցից մեկը կկարողանա հասնել մեզ։ Բագրատը հստակ որոշել էր, որ Ռուսաստան չի վերադառնալու, երբ վերջին անգամ խոսեցինք՝ ասաց, որ երբ զորացրվի՝ գնալու է Անժելին նշանի, ուրախացել էին: Ասում էր՝ 101 օրից տուն է գալու։ Հիմա, երբ երեք տարի հետ եմ գնում ու հիշում եմ Բագրատի ասածներն ու գրածները, հասկանում եմ, որ ոչինչ հենց այնպես չի լինում, նա չէր ուզում Ռուսաստանում ապրել ու այնպես արեց, որ մենք էլ մնանք Հայաստանում՝ որտեղ Բագրատը, այնտեղ էլ՝ մենք»։
Տիկին Նարինեն դեմ է այն խոսակցություններին, որ, եթե ազատագրված որոշ տարածքներ զիջեն թշնամուն, ապա կհաստատվի խաղաղություն: Ասում է, որ մարդիկ նույնիսկ իրենց մտքում նման բան չպետք է մտածեն։
«Երրորդ գարունն է, որ Արցախի հողը շնչում է մեր որդիների թափած արյունով, այդ հողի վրա ծաղիկն ու խոտը ջրվել են մեր որդիների արյամբ։ Եթե անգամ նման հարց լինի, ինքս պատրաստ եմ զենք վերցնել և գնալ դիրքեր, գնալ պաշտպանել այդ դիրքերը, որն իմ որդին է պաշտպանել։ Ինքս թույլ չեմ տա, որ Բագրատի ու իր ընկերների թափած արյամբ ազատագրված հողն ինչ-որ մեկին զիջեն։ Բագրատս միշտ ասում էր՝ գնանք Արցախում ապրենք, ոգևորված էր Արցախի բնությամբ, սիրում էր այդ հողը, որի համար նվիրեց կյանքը»։
Տիկին Նարինեի միակ ցանկությունն է, որ պետությունը հերոսներին մոռացության չմատնի, հիշի, ֆինանսական աջակցության չեն սպասում, ուզում են, որ պետության ներկայությունն իրենց թիկունքում զգան։ Համոզված է, որ ապրիլի 1-ին լույս 2-ին Բագրատն ու ապրիլյան պատերազմի բոլոր մասնակիցներն աշխարհաքաղաքական աղետ են կանխել, ուստի ճիշտ կլինի, որ ապրիլի 2-ը հայտարարվի սգո օր։
«Ոչ թե խնդրում եմ, այլ պահանջում եմ մեր նոր ղեկավարներից, որ այս հարցին լուծում տան, քանի որ մի օր որդեկորույս մայրերը կարող են ոտքի կանգնել, և ուրիշ բան ստացվի»։
Ապրիլի 2-ին տիկին Նարինեն հարազատների ու Բագրատի ընկերների հետ գնալու է Եռաբլուր, կրկին «զրուցելու» որդու հետ, շատ հարցեր է տալու նրան, ինչպես միշտ՝ երկար է սպասելու ու հարցերի պատասխանը չստանալով՝ տուն է վերադառնալու։ Ասում է՝ Եռաբլուրը դարձել է իր երկրորդ տունը, քանի որ այնտեղ ավելի շատ է լինում, քան տանը։
Ինչպես արդեն նշել ենք, Բագրատը նաև բանաստեղծություններ է գրել, հերոսի ստեղծագործությունները տպագրվել են «Վերադարձ» գրքում։ Ժամանակին, երբ Բագրատն ասել է, որ գիրք է տպագրելու, որևէ մեկն ուշադրություն չի դարձրել, մահվանից հետո մայրը հավաքել է նրա բոլոր բանաստեղծությունները, որոնք գրված են տարբեր թեմաներով, և տպագրել է։ Ասում է, որ երազանքն է կատարել, քանի որ Բագրատը միշտ ցանկացել է իր ստեղծագործությունները տպագրված տեսնել։
Զվարթ Խաչատրյան