«Մանրամասներին հիմա չեմ տիրապետում, բայց ես հասկացա, որ մենք մտահոգվելու ոչինչ չունենք». Անդրանիկ Քոչարյանը՝ Փաշինյան-Ալիև բանակցությունների մասին

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնում էին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Պետք է գոհունակությամբ նշեմ, որ Հայաստանի կամ, ավելի շուտ, «Իմ քայլը» խմբակցության և Արցախի իշխանությունների միջև բանակցային գործընթացի, փիլիսոփայության, նպատակների և մարտավարության շուրջ կա լիակատար փոխըմբռնում»,- հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ արցախյան հակամարտության վերաբերյալ ունեցած մոտեցումներին։

Հարցերին, թե ի՞նչ է իրենց հայտնի բանակցությունների ընթացքից, քննարկվե՞լ են արդյոք այն հարցերը, որոնց մասին Փաշինյանը խոսել էր թե Ստեփանակերտում երկու երկրների անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում, և թե Հայաստանում, մասնավորապես, պարզաբանվե՞լ են արդյոք այն 3 սկզբունքները և 6 տարրերը, որոնք յուրաքանչյուր կողմ յուրովի է մեկնաբանում, և հաշվի առնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ անդրադարձ չկատարեցին Մադրիդյան սկզբունքներին և վերոնշյալ հարցերին, կարո՞ղ ենք ասել, որ կողմերն աշխատում են նոր փաստաթղթի շուրջ, ինչպես նաև մեկնաբանելով այն հայտարարությունը, որ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հումանիտար ոլորտում աշխատանքներ տանել, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ իրենք Արցախից վերադարձել են երեկ երեկոյան և դեռ առիթ չեն ունեցել զրուցելու վարչապետի հետ, բայց մի քանի բան ակնհայտ է։

«Նախ նոր փաստաթուղթ այս պահին չի մշակվում, և դա շատ տրամաբանական է, որովհետև բանակցություններում այս պահին չկա ինչ-որ հստակ բովանդակային փուլ։ Ինչպես բազմիցս նշվել է, կողմերը խոսում են բանակցությունների պատմությունից, խոսում են բանակցությունների վերաբերյալ միմյանց ընկալումից և այլն»,- նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է հումանիտար միջոցառումներին, Ռուբինյանն  ասաց, որ վարչապետը դրա մասին խոսել է Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։

Նա որոշակի օրինակներ է նշել, սակայն, ըստ Ռուբեն Ռուբինյանի, դրանք, ի վերջո, նույնպես պետք է մշակվեն, և այս պահին հստակություն չկա, բայց խոսքը հավասարաչափ, երկկողմանի հումանիտար ակցիաների մասին է, որոնք պետք է միտված լինեն փոխվստահության մակարդակի բարձրացմանը և բանակցությունների համար անհրաժեշտ խաղաղության մթնոլորտին։

Անդրադառնալով այս հարցերին, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ Արցախում նախագահ Բակո Սահակյանն իրենց ներկայացրել է, որ Վիեննա գնալուց առաջ վարչապետ Փաշինյանի հետ իրենք հեռախոսազրույց են ունեցել, այսինքն՝ ճշտել են որոշակի հարցեր։

«Բանակցություններից հետո նույնպես եղել է կոնտակտ ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի միջև։ Մանրամասներին հիմա ես չեմ տիրապետում, բայց ես հասկացա, որ մենք մտահոգվելու ոչինչ չունենք, որովհետև ներկայացված է նոր գաղափարախոսություն, որի համար ժամանակ է պետք, որ այն վերածվի կոնկրետ առաջարկի և փաստաթղթի»,- ասաց Ա. Քոչարյանը:

Պատասխանելով ճշտող հարցին, թե ինչ գաղափարախոսության մասին է խոսքը, նա ավելացրեց. «Գաղափարախոսությունը պարոն Փաշինյանը բազմիցս ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում, և Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հնչեցրած իր տարբերակը դա հենց նոր գաղափարախոսությունն է, որը Հայաստանի կողմից ներկայացվել է հանրությանը»։

Ինչ վերաբերում է սկզբունքների և տարրերի մեկնաբանությանը, Ռ. Ռուբինյանը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ տարիներ շարունակ եղել են տարբեր մեկնաբանություններ, և պետք չէ և տրամաբանական չէ ակնկալել, որ մի հանդիպման ընթացքում պետք է դարակազմիկ առաջընթաց լինի այդ հարցում։

Բանախոսները չպատասխանեցին բանակցություններին վերաբերող այլ հարցերի, մասնավորապես այն հարցին, թե արդյո՞ք դրանց ընթացքում խոսվել է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին՝ կրկին շեշտելով, որ իրենք երեկ գիշերն են վերադարձել Արցախից և չեն խոսել վարչապետի հետ։

Հարցին, թե ինչպես են գնահատում բանակցություններից հետո Ալիևի հայտարարությունները, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց՝ գնահատում եմ նորմալ։

Հանդիպման ՕԳԳ-ի մասին հարցին էլ ի պատասխան՝ Ռ. Ռուբինյանը լրագրողներին առաջարկեց փոխել հարցերի տրամաբանությունը և տալ հարցեր, որոնց ճեպազրույցի մասնակիցները կարող են ֆիզիկապես և տրամաբանորեն պատասխանել։

Այնուամենայնիվ, ինքը կարծում է, որ այս հանդիպումն այնպիսի հանդիպում չէր, որից հնարավոր էր ակնկալել դարակազմիկ արդյունքներ, բայց այն շատ կարևոր էր այն առումով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ և ֆորմատով, ըստ էության, առաջին հանդիպումն էր երկու երկրների ղեկավարների միջև։

«Սա կարևոր հանդիպում էր նաև այն առումով, որ մեր կողմից վերջին ամիսներին հնչեցվել են թարմ գաղափարներ ու տրամաբանական մոտեցումներ, և հենց այս համատեքստում էր, որ տեղի ունեցավ հանդիպումը, բայց սա հանդիպում է, որը լինելու է մի շարք հանդիպումներից մեկը»,- ասաց Ռ. Ռուբինյանը։

Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել էր, որ երկրում համակարգային կոռուպցիա չկա, բայց միևնույն ժամանակ՝ ձերբակալվում են բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռ. Ռուբինյանը պատասխանեց, որ համակարգային կոռուպցիայի բացակայությունը լինում է այն ժամանակ երբ անպատժելի կոռուպցիոներներ չեն լինում, և այն փաստը, երբ ձերբակալվում են պետական պաշտոնյաներ, նշանակում է՝ կոռուպցիան համակարգային չէ։

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով էլ՝ պետք է ուրախանանք, որ արտոնյալ մեկը չկա, և կա քաղաքական պատվեր իշխանական բուրգում, ամենավերևից սկսած՝ կոռուպցիայի դեմ լայնամասշտաբ պայքար ծավալել։

Ինչ վերաբերում է Նյու Յորքում Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, ապա նա նշեց, որ Հայաստանը մշտապես հանդես է գալիս խաղաղ կարգավորման դիրքերից, և մեր բոլոր գործողություններն ու հայտարարությունները միտված են խաղաղությանը։

Տեսանյութեր

Լրահոս