Բաժիններ՝

Ինչո՞ւ է ծաղկում գիտական աշխատանքներ գրելու բիզնեսը

Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով արգելվելու է գիտական աշխատանքների (կուրսային, ավարտական աշխատանք, մագիստրոսական թեզ և այլն) վաճառքի գովազդը։ Վերջին տարիներին Հայաստանում արձանագրված կրթական ճգնաժամը նպաստեց մի շարք բիզնեսների զարգացմանը։

Ցավոք, ունենք իրավիճակ, երբ կրթության որակի անկումը, սովորելու ցանկության նվազումը պարարտ հող ստեղծեց, որպեսզի մարդկանց որոշ խմբեր գումար վաստակեն՝ էլ ավելի խորացնելով կրթության համակարգային ճգնաժամը։ Փոխանակ զարգանան կրթության որակի աճին նպաստող բիզնեսները, օրինակ՝ գրախանութները, զարգանում են որակի նվազմանը նպաստող բիզնեսները։

Մի քանի տարի առաջ ԵՊՀ-ի և Պետական տնտեսագիտական համալսարանի հարևանությամբ բացվեց գրախանութ, որը կարողացավ գոյատևել հաշված ամիսներ։ Մինչդեռ հարևանությամբ գտնվող կուրսային և դիպլոմային վաճառող կետերը ոչ միայն չեն փակվում, այլև ծաղկում են։ Սա կրթության իրական վիճակի մասին ավելի շատ բան է ասում, քան բազմաթիվ զեկույցներ։

Ինչպե՞ս հասանք այս վիճակին։ Խնդիրն այն է, որ ծառայությունների ոլորտի զարգացումը մարդկանց կյանքը հեշտացնում է։ Հենց այս համատեքստում ի հայտ եկան ուսումնական նյութերի բազմացման, գիտական աշխատանքների մուտքագրման, էջադրման, տպագրության բիզնեսները։ Աստիճանաբար առաջ եկավ նաև այդ աշխատանքներն ուսանողների փոխարեն գրելու բիզնեսը։ Շատ ուսանողների համար սա ձեռնտու տարբերակ է։

Խնդիրն այն է, որ գիտական աշխատանքներն ինքնուրույն գրելու համար ուսանողը պետք է ունենա գիտելիքների մեծ պաշար, պետք է կարդա զգալի թվով գիտական հոդվածներ և մասնագիտական գրքեր։

Ցավոք, Հայաստանում նկատվում է գիտական, մասնագիտական գրքեր կարդալու մշակույթի շեշտակի անկում։ Թեև գրավաճառները պնդում են, որ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է գրքերի վաճառքի աճ, այդուհանդերձ, պարզ է, որ այդ աճը հիմնականում արձանագրվում է գեղարվեստական գրքերի վաճառքի հաշվին։ Ցավոք, այս արատավոր բիզնեսի զարգացումը հնարավոր են դարձնում դասախոսները, ովքեր մի կողմից՝ լրացուցիչ գումար են վաստակում, բայց մյուս կողմից՝ կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են։

Այս ամենը հնարավոր դարձավ նաև Հայաստանում գիտության վիճակի վատթարացման հետևանքով։ Լավագույն դեպքում Հայաստանի ուսանողների միայն 10-20%-ին է հետաքրքրում գիտական, մասնագիտական գրքեր կարդալը։ Ուսանողները մտածում են, որ գործնական հմտությունները, աշխատանքը շատ ավելի կարևոր են, քան գրքեր կարդալը։ Դա դժվար ու ժամանակատար աշխատանք է։ Հետևաբար՝ ուսանողը գնում է սուպերմարկետում աշխատելու և իր աշխատավարձի մի մասով գնում է կուրսային աշխատանքը։

Այնպես չէ, որ ուսանողների փոխարեն գիտական աշխատանքներ գրելը բոլորովին նոր երևույթ է։ Դա շատ սահմանափակ ձևով եղել է նաև նախկինում։ Բայց հիմա գովազդի, սոցիալական ցանցերի, տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ՝ հնարավոր է դարձել այդ ծառայությունը հասանելի դարձնել ավելի մեծ թվով ուսանողների համար։

Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական փոփոխությունն այս պահին ենթադրում է միայն գովազդի արգելում։ Հասկանալի է, որ գովազդի արգելումը խնդիրը հիմնովին չի լուծի։ Բայց հենց գովազդն է այս ծառայությունը դարձրել այդքան ցանկալի, քանի որ գովազդներում օգտագործվում են էմոցիոնալ, մանիպուլյատիվ միջոցներ։

Օրինակ՝ Ռուսաստանում նմանատիպ գործունեություն ծավալող մի ընկերություն իր գովազդը կառուցում է հետևյալ տեքստի վրա. «Գիտական աշխատանքներ գրելը դժվար է ու ժամանակատար։ Մենք առաջարկում ենք այդ աշխատանքն անելու կարճ ճանապարհ՝ մատչելի գնով»։ Նման գովազդը ուսանողին հստակ ասում է, որ երկար-բարակ չարչարվելու փոխարեն՝ մեզ վճարիր ու հանգիստ ապրիր։ Ի դեպ, այս ուղերձն իր մեջ պարունակում է կրթությունն ու գիտությունը կազմաքանդող բովանդակություն։

Բանն այն է, որ սովորելը, գիտական աշխատանք անելը բարդ աշխատանք է։ Բայց դա մարդու և մարդկության զարգացման լավագույն ձևն է։ Մարդկության բոլոր կարևոր ձեռքբերումներն արձանագրվել են դժվարություններ հաղթահարելու, տևական աշխատանքի արդյունքում։

Երբ մենք գովազդի միջոցով կոչ ենք անում խուսափել դժվարություններից, ժամանակատար աշխատանքներից, դրանով մենք մարդկությանը տանում ենք դեպի մտավոր ծուլություն՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով։ Իսկ սա հատված է Հայաստանում գործող ընկերություններից մեկի գովազդից.

«Մեզ համար անիրագործելի առաջադրանք չկա: Յուրաքանչյուր պատվիրատուի նկատմամբ կիրառվում է անհատական մոտեցում: Անվերապահորեն հաշվի ենք առնում պատվիրատուի բոլոր ցանկություններն ու առաջադրված ժամկետները:

Մեր փորձառու մենեջերները կտրամադրեն Ձեզ ծառայություններին վերաբերող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Մենք սիրում ենք մեր աշխատանքը և ապահովում ենք յուրաքանչյուր պատվերի գերազանց կատարումը»։

Որպեսզի այս խնդիրը հիմնարար լուծում ստանա, մենք պետք է նաև զարգացնենք օտար լեզուների ուսուցումը։ Հայաստանում մասնագիտական գրականության զգալի մասը ռուսերենով է կամ անգլերենով։ Բայց այսօր ուսանողների զգալի մասը դժվարանում է մասնագիտական գրքեր կարդալ ռուսերենով և անգլերենով։ Հետևաբար՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում շատերը չեն կարող ինքնուրույն գիտական աշխատանք գրել։ Իրավիճակը կարող է բարելավվել, եթե ռեսուրսներ հատկացվեն մասնագիտական գրականությունը հայերեն թարգմանելու նպատակի համար։ Բայց հաշվի առնելով մեր տնտեսության վիճակը, դժվար թե մոտակայում այդ նպատակի համար շոշափելի գումարներ հատկացվեն։

Խնդիր է նաև քննադատական մտածողության թերզարգացած վիճակը։ Որպեսզի ուսանողը հաճույք ստանա գիտական աշխատանք գրելուց, նա պետք է ունենա որոշակի համոզմունքներ, վարկածներ, որոնք հերքելու կամ հաստատելու համար խորամուխ լինի գրքերի ու գիտական հոդվածների մեջ։

Ամեն դեպքում, այս օրենսդրական նախաձեռնության ընդունումը դրական ազդեցություն կունենա այն առումով, որ պետությունն իր բացասական դիրքորոշումը նման երևույթներին կամրագրի օրենքով։ Իսկ հարցը հիմնարար ձևով լուծելու համար պետք են ավելի խորքային փոփոխություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս