«Այն անձինք, ովքեր եղել են ԿԳԲ-ի գործակալ, պետական պաշտոն չպետք է զբաղեցնեն»
Հայաստանում անցումային արդարադատության մեխանիզմների ներդրմանը զուգահեռ՝ քննարկվում է ծանր հանցագործությունների դեպքում առանց դատարանի որոշման ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտների գործարկման հնարավորությունը։ Բովանդակային առումով, ինչպես ավելի վաղ նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սա անցումային արդարադատության բաղադրիչներից է։
Գործընթացի նպատակը պետք է լինի խախտված իրավունքների վերականգնումը, զոհերի և մեղսագործների միջև հաշտության հասնելը։ Այլ կերպ ասած՝ արդարության և հանրային համերաշխության հաստատումը։ Ընթանում են քննարկումներ անցումային արդարադատության մոդելների շուրջ։ Վարչապետի հանձնարարականով ստեղծվել է նաև հատուկ հանձնաժողով՝ առանց դատարանի որոշման ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման համար։
«Անցումային արդարադատությունը շատ կարևոր է: Հանրային պահանջ պետք է լինի՝ օրակարգ ձևավորելու համար, չպետք է նայենք՝ իշխանությունն այն քննարկո՞ւմ է, թե՞ ոչ: Վստահեցնում եմ՝ առանց անցումային արդարադատության իրականացման՝ մենք դատապարտված ենք ձախողման: Հեղափոխությունը եղավ սոցիալական արդարության բացակայության, ընտրովի արդարադատության, անապատժելիության, կոռուպցիայի պատճառներով, ուստի առանց անցումային արդարադատության՝ այն չի հաջողի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Լյուստրացիան էլ ենք այս կոնտեքստում դիտարկում: Այնպես չէ, որ բոլոր գործակալական ցուցակները պետք է հանենք: Ով որ փորձի պաշտոն ստանալ՝ կհրապարակվի նրա՝ գործակալ լինելու փաստը: Կարելի է այնպիսի սահմանումներ տալ, որպեսզի զերծ մնանք խնդիրներից, որոնց մեջ թաղված ենք: Օրենքով կարող է սահմանվել, որ այն անձինք, ովքեր եղել են ԿԳԲ-ի գործակալ, պետական պաշտոն չպետք է զբաղեցնեն, բայց, եթե գնում է պաշտոնի, կարող է հրապարակվել նրա՝ գործակալ լինելու մասին»,- հավելեց Արթուր Սաքունցը:
Դիտարկմանը, թե այդ դեպքում եվրոպամետը ռուսամետին է գործակալ համարելու, ռուսամետն էլ՝ եվրոպամետին, ինչպե՞ս են կողմնակալությունը բացառելու, նա պատասխանեց. «Ես այդ հարցերի պատասխանները չունեմ, բայց ՀՀ-ում, ինչպես ես հասկանում եմ՝ ԿԳԲ-ից բացի, գործակալական ցանց չի եղել»:
Իրավապաշտպանը նշեց՝ օրերս ճանաչողական այցով Ուկրաինայում է եղել, ծանոթացել է Մայդանից հետո տիրող իրավիճակին ու նկատել է, որ այնտեղ լուրջ խնդիր է դատական իշխանության բարեփոխված չլինելը:
«Դատական իշխանությունն այնտեղ չի բարեփոխվել, դարձել է ինքնակառավարվող, հաճախ ընդունում է հակաիրավական որոշումներ, և, եթե այսօր կա հեղափոխությունից ոգևորված գործընթաց՝ չի նշանակում, որ հետագայում, հանձին դատական իշխանության՝ չենք ունենալու լուրջ խոչընդոտ»,- ասաց Արթուր Սաքունցը՝ ընդգծելով, որ կարելի է քննարկել առանձին խնդիրներ, բայց հարց է, թե ովքե՞ր են իրականացնելու այդ լուծումները:
«Եթե մարդը չհիմնավորի, թե գույքն ինչպես է ձեռք բերել, չապացուցի դրա օրինականությունը, ապա դատարանի որոշմամբ այն պետք է վերցնեն: Սակայն մենք ունեք տվյալներ, որ մի շարք դատավորներ նույնպես բիզնես շահեր են հետապնդել, հետևաբար՝ առաջին հերթին կարևոր է դատական իշանության զտման գործընթացը: Պետք է հասարակության կողմից վստահելի դատավորներն իրականացնեն արդարադատությունը»:
Անի Կարապետյան