Քանդելուց առաջ գոնե հաշվե՞լ են, թե ինչքան վնաս են տվել պետությանը
Փոխարենը մտածելու, թե ինչ կարելի է անել տնտեսական գործընթացները երկրում ակտիվացնելու և մարդկանց համար աշխատելու ու արժանապատիվ ապրելու հնարավորություններ ստեղծելու համար, եղածն էլ քանդում ենք` առանց մտածելու հետևանքների մասին։ Քանդելը, թերևս, ամենահեշտ բանն է, որը կարելի է անել։ Բայց այսօր խնդիրը ոչ թե քանդելու, այլ նախ և առաջ՝ սարքելու մեջ է։
Իսկ սարքել նոր իշխանություններին այնքան էլ չի հաջողվում։ Ու որպեսզի ծածկեն իրենց ձախողումները, անում են այն, ինչ կարողանում են։ Թեև դրանից հասարակության վիճակն ամենևին էլ չի թեթևանում։
Մոտենում է իշխանափոխության մեկ տարին։ Երբևէ կառավարությունը հարց տվե՞լ է իրեն, թե ի՞նչ է արել այս ընթացքում տնտեսությունն աշխուժացնելու, նոր աշխատատեղ բացելու, սոցիալական խնդիրներ լուծելու, մարդկանց ապրելու պայմանները բարելավելու առումով։ Փոխարենը այս կամ այն գործարանը փակելու, ներդրումային ծրագիր կասեցնելու, աշխատատեղ կրճատելու, օպտիմալացում անելու վերաբերյալ հայտարարությունների պակաս չկա։
Հիմա էլ ընկել են սրճարանները քանդելու հետևից։ Քանդելը` քանդենք։ Հազիվ թե կարելի է մի քանի տասնյակ կամ հարյուր մարդ գտնել, որ դեմ է դրան։ Բայց արդյո՞ք այսօր դրա ժամանակն է։ Սրճարան քանդելն այդքան հրատապ խնդի՞ր էր, երբ տնտեսությունն առանց այն էլ տեղից չի շարժվում, ակտիվություն չկա, ներդրումներ չկան, չեն ստեղծվում նոր աշխատատեղեր։
Այս պայմաններում ինչպե՞ս կարելի է ևս մի քանի հարյուր մարդու փողոց շպրել։ Մարդիկ նոր իշխանություններից սպասում են իրենց սոցիալական վիճակի բարելավում, կենսամակարդակի բարձրացում, կյանքի և ապրելու պայմանների լավացում, և ոչ թե՝ վատացում։
Ինչքան էլ փոքր, բայց այդ սրճարաններում ևս ՀՆԱ է ստեղծվում, հարկ է գոյանում, փող է մտնում պետական բյուջե։ Մի՞թե տնտեսությունն այնքան է առաջ գնացել, որ այլևս չունի դրա կարիքը։ Առանց այդ էլ՝ տնտեսական աճը մնացել է առևտրի և ծառայությունների հույսին։ Էլ չասենք, թե ինչ են անում հարկային մարմինները բյուջեի մուտքերն արհեստականորեն ավելացնելու և հասարակության աչքին թոզ փչելու համար։
Այսօր կառավարությունը ոտ ու ձեռ ընկած՝ հարկային բեռ է ավելացնում, լուրջ ճնշում է դնում սպառողների գրպանին, ինչ է թե՝ կարողանա բյուջեի ճեղքերը փակել։ Բայց քանդում է մի բան, որտեղից կարող էր եկամուտ ստանալ։
Քանդելուց առաջ գոնե հաշվե՞լ են, թե ինչքան վնաս են տվել պետությանը։
Եվ, որ շատ ավելի կարևոր է, ի՞նչ նախադեպ ենք ստեղծում սրանով մյուսների և պոտենցիալ ներդրողների համար։ Հիմա ո՞նց եք պատկերացնում, ոլորտում գործող որևէ մեկ այլ սուբյեկտ պատրա՞ստ է նոր ներդրումներ անել, երբ գիտի, որ ցանկացած պահի կարող են նույն կերպ վարվել իր հետ։ Մի կողմից՝ ուզում ենք՝ մարդիկ ներդրումներ անեն, բիզնես բացեն, աշխատատեղեր ստեղծեն, մյուս կողմից` խնդիրներ ենք ստեղծում գործող բիզնեսի համար։ Անկախ նրանից, դրանք հասարակության մեծ մասի սրտո՞վ են, թե՞ ոչ, այսպիսի տնտեսական ու սոցիալական պայմաններում նման քայլի գնալուց առաջ հազար անգամ պետք է ծանր ու թեթև անել. ի՞նչ ենք ստանում դրանից և ի՞նչ ենք կորցնում։
Ի վերջո, միշտ էլ կարելի է քանդել։ Բայց դա հնարավոր էր անել նաև ավելի քաղաքակիրթ ձևով։ Ոչ մեկը չի վիճարկում, որ այն, ինչ արվում է, օրինական է։ Քաղաքապետարանին տրված է այդ իրավունքը։ Բայց մի՞թե դա էր միակ լուծումը։ Իհարկե` ոչ։ Պարզապես այս պահին քաղաքական իշխանությանը հերթական շոուն էր պետք` հասարակության ուշադրությունն այլ, ավելի կարևոր խնդիրներից շեղելու համար։
Մինչ խնդիրների պակաս Հայաստանում չկա, իշխանություններին ոչ մի կերպ չի հաջողվում լուծումներ տալ դրանց։ Հասարակության շրջանում աստիճանաբար գլուխ է բարձրացնում հիասթափությունների ալիքը։
Այնպես որ, սրճարանները քանդելուց առաջ քաղաքապետը լավ կաներ՝ մտածեր քաղաքային շատ ավելի առաջնային և հրատապ խնդիրները լուծելու մասին։ Այս ընթացքում ի՞նչ առաջընթաց է եղել` հասարակական տրանսպորտի վիճա՞կն է բարելավվել, թե՞ աղբահանության ու փողոցների մաքրության հետ կապված խնդիրներն են վերացել, վերելակնե՞րն են եվրոպականացվել և նորացվել, թե՞ համատիրություններն են սկսել լավ աշխատել, փողոցային առևտո՞ւրն է դադարել, թե՞ ապօրինություններն ու անօրինականություններն են վերացել։ Ինչո՞վ է թեթևացել երևանցու հոգսը։
Փոխարենը` քաղաքապետն անընդհատ աղմկոտ պատմությունների մեջ է հայտնվում։
Ու քանի որ այլ ուղղություններով առաջընթաց չկա, հավանաբար ընտրվել է այն տարբերակը, որն ամենալավն է ստացվում նոր իշխանությունների մոտ, որքան էլ հասարակությունը նրանցից շատ ավելի կարևոր սպասելիքներ ունի։ Անշուշտ, սրճարանների քանդումը, եթե նույնիսկ մտնում է դրանց մեջ, ապա բնավ էլ առաջնային տեղերում չէ։
Այսօր մարդիկ նոր իշխանություններից ակնկալում են առաջին հերթին՝ երկրում կուտակված տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծում։ Մինչդեռ, հարկերը ավելացնելով, տնտեսավարողների համար սպառնալիքներ ստեղծելով, աշխատատեղեր փակելով և մարդկանց փողոց շպրտելով, թե ո՞ւր ենք հասնելու, դժվար չէ պատկերացնել։ Տնտեսության համար խթաներ ստեղծելու փոխարեն` անընդհատ նոր խոչընդոտներ են հարուցվում։ Տնտեսական ու ֆինանսական հատվածի բազմաթիվ մասնակիցներ կանգնած են փակման սպառնալիքի առջև։ Աշխատանքը կորցնելու և գործազուրկ դառնալու վտանգի տակ են հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր քաղաքացիներ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ առանց այդ էլ աշխատունակ քաղաքացիների առնվազն 20 տոկոսն աշխատանք չունի։
Խոսքը 200-220 հազար մարդու մասին է՝ չհաշված, թե քանիսն են կանգնած նրանց հետևում։ Պատահական չէ, որ երկրի բնակչության ավելի քան մեկ քառորդն աղքատ է։
Ահա այս խնդրի լուծումն է այսօր Հայաստանում հրատապ, և ոչ թե՝ սրճարան քանդելը և գործազուրկների ու սոցիալապես անպաշտպան քաղաքացիների բանակն ավելացնելը։ Օպերայի հարակից տարածքները մաքրելով և կանաչապատելով` մարդկանց չես կերակրի։ Աշխատատեղ է պետք ստեղծել, և ոչ թե՝ փակել։ Ամեն մի աշխատատեղի փակումը մեծ վնաս է երկրի համար։ Առավել ևս հիմա, երբ տնտեսությունը և հասարակությունը կանգնած են լուրջ մարտահրավերների առջև։
Պատահական չէ, որ քաղաքական իշխանության չկշռադատված քայլերի հետևանքով դժգոհությունների ալիքը երկրում գնալով ընդլայնվում է։ Այնինչ ոչ վաղ անցյալում մեծ հավատ ու վստահություն էր առաջացել ապագայի հանդեպ։ Ցավոք, իշխանությունն ամեն օր մսխում է այդ վստահության պաշարը` ոչինչ չավելացնելով կուտակված խնդիրների լուծմանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ