Բաժիններ՝

Երևանի Ն.Աճեմյանի անվան քոլեջի ուսխորհուրդը պատրաստ է դասադուլ ու բողոքի ակցիաներ իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ ԿԳ նախարարն իրենց հետ չի հանդիպել

Մարտի 14-ից Երևանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում հայտարարվել էր անժամկետ դասադուլ, իսկ արդեն մարտի 18-ից քոլեջի ուսանողներն ու դասախոսներն իրականացնում են բողոքի ակցիաներ՝ քոլեջի նախկին տնօրեն Կառլեն Հայրապետյանի պաշտոնական լիազորությունները վերականգնելու պահանջով։

Քոլեջի իրավունքի դասախոս Գարիկ Սահակյանի խոսքով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից նախկին տնօրենի պաշտոնավարման լիազորությունները դադարեցվել են այն բանից հետո, երբ այս և նախորդ տարվա ընթացքում նրա նկատմամբ հայտարարվել էր երկու խիստ նկատողություն։

«Հայրապետյանը տնօրեն է նշանակվել 2017 թվականի սեպտեմբերին, նշանակումից անմիջապես հետո քոլեջում անցկացվեց տեսչական ստուգում և աուդիտ։ Մեկ տարվա տնօրենին ուղղակի պետք է թողնեին աշխատել, 2018 թվականին քոլեջում անցկացվեց տեսչական ստուգում, որի արդյունքում պարզվեց, որ որոշակի թերացումներ կան, մեր տեղեկություններով՝ քոլեջի աշխատակիցներն իրենց լիազորությունները չարաշահել էին, որից հետո մեր տնօրենի կողմից բացատրագիր է գրվել ու ժամանակ է տրվել տնօրենին, որպեսզի թերացումներն ուղղվեն։ Դրանից օրեր անց անցկացվեց աուդիտ և հայտնաբերվեցին թերություններ, տնօրենին հանձնարարեցին դրանք շտկել, կարճ ժամանակում ամեն ինչ շտկեց։ Խախտումները վերացվել էր, բայց խիստ նկատողությունը չէր հանվել»,- ասաց Գագիկ Սահակյանը։

Քոլեջի Հումանիտար և սոցիալ-տնտեսական զարգացման ամբիոնի վարիչ Ալինա Համբարձումյանի կարծիքով՝ նախկին տնօրենին տրված երկրորդ խիստ նկատողության հիմքերը շատ թույլ են, հայտնաբերված խախտումները մեծամասամբ վերաբերել են տնօրենի կողմից կադրային նշանակումներին։

«Նրանցից մեկն ունի սեփական տուրիստական գործակալություն, հրաշալի վարում է բիզնեսը և ունի բոլոր առանձնահատկությունները՝ զբաղվելու մանկավարժությամբ, քոլեջը նրանց կարիքն ավելի շատ ունի, քան նրանք՝ քոլեջի։ Խախտում են համարել նաև նախկին զինղեկի նշանակումը, որը վաղուց էր աշխատում քոլեջում, սակայն չուներ համապատասխան որակավորում, այդ սխալը տնօրենը շտկել էր և աշխատանքի էր հրավիրել նոր զինղեկի։ Հայրապետյանը կարգավորել էր ամբողջ փաստաթղթային հենքը»,- նշեց Ալինա Համբարձումյանը։

Քոլեջի դասախոսների կարծիքով՝ նախկին տնօրենին պաշտոնից հեռացնելը զրպարտությունների և բանսարկությունների արդյունք է։

Ասում են՝ իրենց նախկին գործընկերը՝ Մխիթար Պատվականյանը, չհամակերպվելով տնօրենի պաշտոնավարմանը, սկսել է անտեղի նրան զրպարտել, նրա բողոքներն ու զրպարտությունները գուցե հոգնեցրել են ԿԳ նախարարությանը, որն էլ որոշել է այդ բողոքներն այլևս չլսելու համար դադարեցնել նախկին տնօրենի լիազորությունները։

Նրանք նաև տեղեկացրեցին, որ Մխիթար Պատվականյանն իր լիազորությունները լիարժեք չկատարելու համար նախկինի տնօրենի կողմից քոլեջից հեռացվել էր, որը «լսարան է մտել քարոզչություն իրականացնելու նպատակով և հայտարարել, որ, եթե Նիկոլը մերժել է Սերժին, ապա իրենք էլ տնօրենին պետք է մերժեն»։

«Նա ոչ միայն պահանջում էր նախկին տնօրենի, այլև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը»,- շեշտեց Ալինա Համբարձումյանը։

Քոլեջի փոխնօրեն Մարինա Մադոյանի համար զարմանալի են պատկան մարմինների կողմից ստեղծված իրավիճակին տրվող գնահատականները։

«Մեզ ասում են, թե մեր քոլեջը լավն է, տնօրենի դեմ ոչինչ չունեն, ուստի նա կարող է իր բոլոր հարցերն իրավական դաշտում լուծել։ Հարց եմ տալիս բոլորին, պարոն վարչապետին ու նախարարին, աշխատող մարդու աշխատանքից հանենք տանենք դատարան, ասենք՝ քեզ արդարացրո՞ւ, պետք չէ՞ աշխատող մարդու գնահատել։ Մեր քոլեջը վատ տնօրենի պարագայում կարո՞ղ էր լավը լինել։ Նախարարը հայտարարել է, որ տնօրեին հեռացրել է, այսինքն՝ նախարարն էլ չգիտեր՝ ինչ աներ, որ մեր տնօրենից պրծնե՞ր, մեր ուսանողներն էլ որոշեցին ինքնաբուխ հարցը լուծել իրենց ձևով։ Կառլեն Հայրապետյանը ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, կիրթ ու հանդուրժող մարդ է, չի գնահատվում, վաղը կգնա Գերմանիա և իր ուղեղը կվաճառի, ո՞վ է տուժելու՝ մենք»,- ընդգծեց Մարինա Մադոյանը։

Նա նաև հավելեց, որ դեռևս չի հաջողվում հանդիպել ԿԳ նախարարի հետ, նախորդ հինգաշբթի գնացել են Կառավարության շենքի մոտ և պահանջել հանդիպում, որը սակայն չի կայացել՝ հանդիպել են փոխնախարարի հետ, որը խոստացել է, որ նախարարի հետ միասին կգնան քոլեջ՝ հարցը քննարկելու, սակայն քոլեջ այցելել է միայն փոխնախարարը և հայտարարել, որ հարցը պետք է լուծվի իրավական դաշտում։ Նրանք խնդրի առնչությամբ նամակ են գրել նաև ՀՀ վարչապետին, որը կրկին մնացել է անպատասխան։

Քոլեջի ուսխորհուրդը պատրաստ է դասադուլ ու բողոքի ակցիաներ իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ ԿԳ նախարարն իրենց հետ չի հանդիպել և հարցը չի քննարկել։

Նշենք, որ քոլեջում դասախոսները և ուսանողները միասին մոտավորապես 6 հարյուր հոգի են։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս