Համանախագահների պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որը կարելի է որակել՝ որպես պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։ Նախ՝ համանախագահները դրական են գնահատում շփման գծում վերջին շրջանում ստեղծված իրավիճակը։ «Մարտի 1-ի իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները  ողջունեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ շուտով հանդիպելու համանախագահների հովանու ներքո:

Համանախագահները, ովքեր սերտորեն համագործակցում են երկու արտգործնախարարների հետ, նախապատրաստական աշխատանքներ էին տանում ղեկավարների այս կարևոր հանդիպման համար, որը լինելու է երկու ղեկավարների միջև առաջին ուղիղ շփումը համանախագահների հովանու ներքո: Համանախագահներն ընդգծում են այնպիսի միջավայրի պահպանումը, որը թույլ կտա իրականացնել արդյունավետ քննարկումներ, և շարունակում են դրականորեն գնահատել վերջին շրջանում շփման գծում մահվան դեպքերի բացակայությունը: Համանախագահները նաև ողջունում են որոշ սկզբնական քայլերը, որոնք իրականացվում են տարածաշրջանում՝ նախապատրաստելու բնակչությանը խաղաղությանն ու քաջալերելու կողմերին ինտենսիվացնել նման ջանքերը»,- ասված է հայտարարության մեջ:

Այդ գնահատականից հետո, սակայն, համանախագահները, բնականաբար, առանց անուններ տալու, սակայն շատ ուղղակիորեն անդրադառնում են Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու մասին հայտարարությանը։

«Միևնույն ժամանակ՝ համանախագահները վերահաստատում են լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»,- հայտարարում են համանախագահները:

Այսինքն՝ համանախագահները Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը գնահատում են՝ որպես բանակցային գործընթացի շարունակության նախապայման, ինչը համարում են անընդունելի ու «առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն»։

Այս հայտարարությունն էականորեն դժվարացնում է բանակցային գործընթացում Հայաստանի ու Նիկոլ Փաշինյանի դիրքերն ու մանևրելու հնարավորությունները։ Որովհետև ստացվում է, որ կամ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվի իր իսկ առաջ քաշած պահանջից, որն իրականում բանակցային գործընթացը շարունակելու նախապայման է, կամ պետք է հրաժարվի բանակցային գործընթացին մասնակցելուց, ինչն անթույլատրելի է ու վտանգավոր։

Ինչ վերաբերում է համանախագահների հայտարարության մյուս հատվածին, ապա նրանք, ի տարբերություն նախկին հայտարարությունների, այս փաստաթղթում մանրամասն անդրադարձել են բանակցային գործընթացի հիմնական սկզբունքներին։

«Հղում անելով Մինսկի խմբի գործընթացի էության վերաբերյալ որոշ հակասական հրապարակային հայտարարություններին՝ համանախագահները վերահաստատում են, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես, կապված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման վրա: Այն նաև պետք է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որն անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն»,- ասված է հայտարարության մեջ:

Համանախագահները, փաստորեն, կրկին առաջնային են համարում ազատագրված տարածքների վերադարձը, ապա միայն Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը՝ առանց հանրաքվեի հիշատակման։

Ի՞նչ դիրքորոշում կարտահայտի հայկական կողմը՝ ի պատասխան այս հայտարարության, որո՞նք կլինեն Նիկոլ Փաշինյանի հետագա քայլերը՝ պարզ կլինի առաջիկայում։

Այս պահին ակնհայտ է միայն, որ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու նրա հայտարարության ժամանակը, մեղմ ասած, ճիշտ չէր ընտրված, և այդ հայտարարությունն անելիս հաշվարկված չէին բոլոր գործոնները։

 

Տեսանյութեր

Լրահոս