ԵԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին. Լայչակ
ԵԱՀԿ-ն մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին ու պատրաստ է նպաստել կառուցողական զարգացումներին: ԵԱՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը` Բաքվում կայացած ասուլիսում:
Լայչակը վերահաստատել է ԵԱՀԿ-ի աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու գործում և վստահության ու երկխոսության կայունությունն ամրապնդելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
«Քայլ առ քայլ և առանց ընդհատումների, ավելի ու ավելի ակտիվ երկխոսությամբ կարելի է հասնել այն մարդկանց կյանքի բարելավմանը, որոնք տուժել են հակամարտությունում: Ժողովրդին խաղաղության նախապատրաստելը շատ կարևոր է»,- ասել է Լայչակը:
Նա ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահությամբ պատրաստակամություն է հայտնել սատարել համագործակցության ու երկխոսության զարգացմանն ուղղված քայլերին:
«ԵԱՀԿ-ն ոգևորված է ոչ պաշտոնական երկխոսություններով, որոնց ականատեսն ենք լինում մինչ օրս: Մենք ուշադիր հետևում ենք կառուցողական զարգացումների հնարավորություններին և պատրաստ ենք նպաստելու դրան, երբ անհրաժեշտ լինի»,- նշել է Լայչակը: