Բաժիններ՝

Հայկական  Renderforest-ը դարձել է Amazon Web Services-ի տեխնոլոգիական գործընկեր

Հայկական Renderforest հարթակը փետրվարին  դարձել է Amazon Web Services-ի տեխնոլոգիական գործընկերը:

Amazon Web Services-ի հետ բանակցություններ է վարել Renderforest-ի մարքետինգի թիմի ղեկավար Ռոման Դանեղյանը: 168.am-ի հետ զրույցում Ռոման Դանեղյանը պատմել է հարթակի ներկայիս գործունեության և առաջիկա պլանների մասին:

Ռոման Դանեղյանը նշում է, որ Renderforest-ը հարթակ է բոլորի համար՝ թե՛ բիզինեսմենների, և թե՛ սովորական հաճախորդների:

«Մենք կենտրոնացած ենք երկուսի վրա էլ: Մենք տրամադրում ենք ծառայություններ բոլորի համար, կապ չունի՝ բիզնե՞ս, թե՞ սովորական հաճախորդ:

Կարդացեք նաև

Հիմա ունենք երկու պրոդուկտ՝ մեկը՝ օնլայն տեսանյութեր պատրաստելու հարթակը, մյուսը՝ լոգոներ պատրաստելու հարթակը: Այդ ամենը կատարվում է բրաուզերի մեջ, և ոչ մի ավելորդ ծրագրեր ներբեռնելու անհրաժեշտություն չկա: Օգտատերերը կարող են պատրաստել իրենց ցանկացած տեսանյութը՝ պարզապես գրելով իրենց տեքստերը, տեղադրելով իրենց ֆայլերը: Իսկ լոգոների դեպքում մարդիկ մի քանի բառով գրում են, թե ինչ տիպի  լոգո են ցանկանում ստանալ, և մենք մեր արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների հիման վրա առաջարկում ենք լոգոների տարբերակներ, որոնցից օգտատերը կարող է ընտրություն կատարել»:

Renderforest-ը հայկական հարթակ է, սակայն հիմնականում աշխատում է դրսի շուկայի հետ:

«Մենք ամենասկզբից սկսել ենք կենտրոնանալ գլոբալ շուկայի վրա: Իսկ հայկական շուկայի վրա չենք կենտրոնացել բավականին երկար ժամանակ, քանի որ տեխնիկական լուծումներ չկային: Ավելի կոնկրետ՝ չկային համապատասխան ֆոնտեր, որոնք կաշխատեին մեր տեխնոլոգիաների հետ: Այդ իսկ պատճառով մենք անցած տարի որոշեցինք ստեղծել unicode տեսակի ֆոնտեր, որոնք արդեն թույլ կտային մեր հարթակում կիրառել հայկական ֆոնտերը և ստեղծել հայալեզու անիմացիաներ:

Մեր օգտատերերի մեծ մասը Ամերիկայի Միացյալ Նահանգներից են, հետո գալիս են եվրոպական երկրները, ինչպիսիք են՝ Գերմանիան, Անգլիան, Իսպանիան, Պորտուգալիան, նաև ունենք մեծ վաճառքներ Թուրքիայից»:

Renderforest-ը վիդեո անիմացիաների, լոգո ստեղծման, ինչպես նաև վեբ կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող օնլայն «Երեքը մեկում» բրենդավորման հարթակ է։

«Հիմա մենք համարվում ենք 3-ը 1-ում հարթակ, բայց վեբ կայքեր պատրաստելու հնարավորությունը հասանելի է լինելու մի փոքր ուշ: Դա կլինի մեր երրորդ պրոդուկտը, և մենք կհամարվենք տեսանյութեր, լոգոներ և վեբ կայքեր պատրաստելու հարթակ:

Կարելի է ասել, որ մեր հարթակը դառնում է բրենդինգի բոլորը՝ մեկում հարթակ: Մենք թույլ ենք տալիս սկսնակ և փոքր  բիզնեսներին օնլայն, մի կայքից օգտվելով՝ ստեղծել իրենց բրենդինգը: Բրենդինգի համար առաջնայինը լոգոն է, մենք թույլ ենք տալիս լոգո պատրաստել: Հետո մարդիկ կարող են գեղեցիկ գովազդային հոլովակ ստանալ՝ օգտագործելով մեր երկրորդ պրոդուկտը, և արդեն երրորդը կլինի վեբ կայքեր պատրաստելը»:

Ռոման Դանեղյանը դեռևս չի բացում փակագծերը, սակայն նշում է, որ առաջիկայում Renderforest-ից պետք է սպասել նոր և հետաքրքիր պրոդուկտներ:

Հիշեցնենք, որ Renderforest համաշխարհային հեղինակություն ունեցող G2crowd-ի կողմից ընդգրկվել է 2019 թվականի աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների ցանկում:

Ներկայումս Renderforest-ն ունի օգտատերերի կողմից պատրաստված ավելի քան 5 միլիոն տեսահոլովակ, շուրջ 3 միլիոն օգտատեր և ավելի քան 200,000 ամսական գրանցում։ Վերջերս հարթակը գրանցել էր օրական 8000 նոր օգտատեր, ինչպես նաև 5 նոր գրանցում՝ 1 րոպեում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս