«Մարզերի հզորացումը Բարձր տեխնոլոգիաների միջոցով». ծրագիր
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը պետք է կենտրոնանա ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում. սրանում համոզված են «Մարզերի հզորացումը Բարձր տեխնոլոգիաների միջոցով» ծրագրի հեղինակները: Հայաստանում արդեն անցկացվել են այս թեմայով երկու համաժողովներ, որոնք նպատակ ունեին ներկայացնել բարձր տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի մարզերը հզորացնելու նախաձեռնության հաջողությունն ու ազդեցությունը՝ նոր ծրագրեր նախաձեռնելու և հետագա քայլերը որոշելու համար:
Այս ծրագիրը նպատակ ունի դեպի մարզեր ուղղորդել բարձր տեխնոլոգիական ոլորտի բիզնես հնարավորությունները, նորարարական ծրագրերը, ներդրումները, ընկերությունների մասնաճյուղերը, մոտիվացնել, քաջալերել ներդրողներին և գործընկերներին՝ ծրագրերը սկսել հենց մարզերում:
Նախագծի հեղինակները նշում են, ոչ ոլորտում ներդրումների պայմանը մասնագետների առկայությունն է, տաղանդաշատ երիտասարդների արտագաղթի կանխումը: Գյումրիի ու Վանաձորի հաջողված մոդելը ոգևորեց ներդրողներին՝ նաև ծրագրերն ուղղորդել այլ մարզեր:
Նպատակը իրագործելի դարձնելու համար հմախմբվել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն ու Հայ Օգնության ֆոնդը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) Տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը 168.am-ի հետ զրույցում նշում է, որ տեխնոլոգիական կրթական ծրագրերը մեկնարկել են արդեն Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Որպես գլխավոր գործընկերներ՝ ընտրվել են մարզպետարանները և այս մարզկենտրոններում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունները: Ըստ Ամալյա Եղոյանի՝ առաջիկայում այս ծրագրին կմիանա նաև Սյունիքի մարզը:
Ըստ նախաձեռնության հեղինակների՝ մարզերում առկա են դպրոցական մի շարք նորարարական ծրագրեր, սակայն ուսանողների և երիտասարդների հմտությունների ու գիտելիքների հզորացմանն ուղղված ներդրումները բացակայում են, որի պատճառով դպրոցից հետո շատերն արտագաղթում են մարզից տեխնոլոգիական ու ժամանակակից կրթություն ստանալու և աշխատանք գտնելու համար։
Ծրագրի շրջանակներում 17 տարեկան և բարձր մարզաբնակները կսովորեն ծրագրավորում և ձեռներեցություն։ Երևանյան լավագույն տեխնոլոգիական ընկերություններից դասավանդողները կմեկնեն մայրաքաղաքից մարզեր: Պարտադիր պայման է պրակտիկ դասավանդողների ներգրավվածությունը, ովքեր նաև ուսանողներին կաջակցեն հենց ընկերությունների և շուկայի պահանջներին համապատասխան մասնագետ դառնալուն: Զուգահեռ՝ կազմակերպիչների կողմից կսկսվեն բանակցություններ մայրաքաղաքային և արտասահմանյան ընկերությունների հետ, որպեսզի վերջիններս դիտարկեն մարզերում ծրագրին մասնակցող հեռանկարային մասնագետներին՝ որպես պոտենցիալ կադրեր հենց մարզում գործունեություն ծավալելու համար: Կազմակերպիչները նշում են, որ կրթական ծրագրի կարևորագույն բաղադրիչը ձեռներեցության և թիմային հմտությունների փոխանցումն է մարզաբնակ երիտասարդներին, որը կխթանի ստարտափների ստեղծումը մարզերում:
Օրերս այս ծրագրի շրջանակներում Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Տավուշի մարզպետարանը և Երևանի Պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը եռակողմ հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Իջևան քաղաքում կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր:
Հայ Օգնության ֆոնդի կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակում կանցկացվեն դասընթացներ երկու ուղղություններով՝ մոբայլ ծրագրավորում, այդ թվում՝ C, C++, Swift, iOS, OOP Design Patterns, և վեբ ծրագրավորում՝ HTML/CSS, Core JS, jQuery, Node.js, MongoDB, Angular JS, React JS:
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան անցնել երկամսյա պրակտիկա՝ ամրապնդելով իրենց տեսական և գործնական գիտելիքները և արդեն իսկ ծանոթանալով աշխատաշուկայի հետ։
Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանի խոսքով՝ իրենք վստահ են, որ այս կարևոր քայլերի արդյունքները տեսանելի կլինեն շուտով:
Ամալյա Եղոյանն էլ նշում է, որ ծրագիրը հնարավորություն է՝ ստանալու որակյալ կրթություն և, միաժամանակ, մասնակցելու մարզի զարգացման գործին:
Սիրարփի Աղաբաբյան