Արգիճիի և Աստղաձորի ջրամբարներն ընդգրկված են 22 միջին և փոքր ջրամբարների կառուցման ցանկում
Արգիճի եւ Աստղաձորի ջրամբարների կառուցումը մեծապես կնպաստի Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգի զարգացմանը, բնապահպանական մի շարք խնդիրների կարգավորմանը, էլեկտրաէներգիայի խնայողությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սհոյանը, Արգիճի եւ Աստղաձոր գետերի վրա ջրամբարների կառուցման ծրագրեր փորձել են իրականացնել ինչպես ԽՍՀՄ տարիներին, այնպես էլ Հայաստանի անկախացումից հետո: Խնդիրը քննարկվել է նաեւ 2015 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Սակայն մինչ այժմ խնդրի լուծումը քննարկումների փուլից այն կողմ չի անցել, թեեւ այդ երկու ջրամբարների կառուցման համար դրական եզրակացություն տվել են Գեղարքունիքի մարզպետարանը եւ գերատեսչական մյուս կառույցները:
«Արգիճիի ջրամբարը կարող է ամբարել մինչեւ 9, Աստղաձորի ջրամբարը՝ մինչեւ 1-1,5 միլիոն խորանարդ մետր ջուր: Դա հնարավորություն կտա ինքնահոս ոռոգման մշտական ջրով ապահովել 12 բնակավայրեր, ավելացնել ոռոգելի տարածքները մոտ 1000 հեկտարով, զարգացնել գյուղատնտեսությունը, խնայել մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա՝ տարեկան մինչեւ 3,5 միլիոն կիլովատ-ժամի չափով, իսկ Սեւանա լճից ոռոգման ջուր մղող 6 պոմպակայանների աշխատանքը կդադարեցվի: Ջրամբարները նպաստավոր կլինեն նաեւ ձկնաբուծության զարգացման ու Սեւան թափվող գետերում ամռան ամիսներին ջրի մշտական հոսք ապահովելու համար: Ջրամբարների կառուցումը նախատեսված է բնական այնպիսի թասերի վրա, որոնք քիչ ծախսերով մեծ արդյունքներ կարող են ապահովել:
Առհասարակ, մեր պայմաններում ջրամբար ունենալը կենսական կարեւոր խնդիրներ կարող է լուծել հատկապես երաշտի պայմաններում, որից գրեթե ամեն տարի տուժում են տնտեսությունները: Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ մեր լեռնային գոգավորությունները գրեթե բնական պատվար են ջրամբարների համար եւ կարող են շատ արագ լցվել բավարար քանակի ջրով»,-ներկայացրեց Հայկ Սհոյանը: Ըստ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի՝ Արգիճիի եւ Աստղաձորի ջրամբարների կառուցման նախագծերն արդեն պատրաստ են ու սպասում են պահանջվող ներդրումներին:
«Արգիճիի եւ Աստղաձորի ջրամբարների կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կազմում են կառավարության տարբեր գերատեսչությունների եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ: Բոլոր առումներով տրվել է դրական եզրակացություն, եւ այդ երկու ջրամբարները գտնվում են այն 22 միջին կամ փոքր ջրամբարների ցանկում, որոնց կառուցման մեկնարկը կտրվի համապատասխան ներդրումներ գտնելու դեպքում: Ջրամբարները կարող են կառուցվել ինչպես պետական միջոցների, այնպես էլ մասնավոր ներդրումների հաշվին»,-ամփոփեց Հայկ Սհոյանը:
Խոսրով Խլղաթյան