Ղարաբաղի հարցը և Հայաստանի ինքնիշխանությունը
Հայաստանն «ավելցուկով» պետություն է: Իր չափի, միջազգային կալիբրի, տիպի (հետսովետական) պետության համար Հայաստանի փաստացի ինքնիշխանության և սուբյեկտության չափն ավելին է, քան սովորաբար լինում է նման դեպքերում: Հայաստանը մի քիչ իր «գլխից վեր թռած» պետություն է: Դրա պատճառն ու հիմքը Ղարաբաղյան խնդիրն է:
Այստեղ ունենք քաղաքականության և ռազմավարության համար բավականին տիպիկ օրինակ մի պարադոքսի, երբ մի երևույթ, որը սովորական, առօրյա բանականության տեսակետից խնդիր է, «վատ է», ռազմավարական տեսակետից դառնում է առավելություն և հավելյալ որակի հիմք: Այդ պարադոքսը լավագույնս ձևակերպել է Է. Լյուտվակը, երբ իր «Ռազմավարություն» գրքում ասում է, թե ռազմավարությունը միակ ոլորտն է, որտեղ վատ ճանապարհը կարող է ավելի լավ լինել, քան լավ ճանապարհը: Եթե, օրինակ, շարունակում է նույն հեղինակը, դու որոշում ես հարձակվել թշնամու վրա լավ ճանապարհով, ապա դա նրա համար սպասելի է, և նա կազմուպատրաստ սպասում է քեզ իր լավագույն ուժերով, իսկ եթե դու ընտրում ես վատ ճանապարհը, ապա դա անսպասելի է հակառակորդի համար՝ համապատասխան օգուտներով հարձակվողի համար:
Եթե Ղարաբաղյան խնդիրը չլիներ Հայաստանի Հանրապետության անկախության ակունքներում և ցայսօր էլ չշարունակեր հիմնավորել մեր ներքին և արտաքին քաղաքականությունը, ապա Հայաստանը լինելու էր ամենասովորական մի հետսովետական պետություն՝ չէինք ունենա ոչ միայն «մեր գլխից վեր» զինված ուժեր, այլև՝ քաղաքական համակարգ, քաղաքական պայքարի ավանդույթ և շատ այլ բաներ, որոնք մեզ տարբերում են մյուսներից, դարձնում են ոչ միայն եզակի, այլև ավելի ուժեղ և ինքնիշխան, քան պետք է լինեինք «նորմալ ընթացքով»:
Զինված ուժերի խնդիրն ինքնին պարզ է: Իհարկե, Հայաստանի տնտեսության և հանրության վրա ծանր բեռ է՝ ունենալ զինված ուժի ավելցուկ, էլ չասած այն զոհերի մասին, որը ստիպված ենք վճարել դրա դիմաց: Բայց մյուս կողմից այլընտրանքը լինելու էր այն, որ ունենալու էինք միայն անվանական բանակ, ինչպես ունեն մեզ նման բազմաթիվ հետսովետական և ոչ այլ պետություններ, և մի օր՝ իրական վտանգի դեպքում, ստիպված էինք լինելու դա ստեղծել զրոյից, և մեծ հարց է՝ կհաջողեի՞նք արդյոք: Իսկ մեր տարածաշրջանում իրական վտանգները որևէ օր անխուսափելի են:
Բայց հարցը, ինչպես ասացինք, միայն զինված ուժերը չեն: Նույնիսկ առաջին հերթին՝ զինված ուժերը չեն: Եթե չլիներ Ղարաբաղյան հարցը, Հայաստանում մեծ հավանականությամբ ձևավորվելու էր նաև հետսովետական տարածքի արևելյան հատվածներին բնորոշ քաղաքական համակարգ, ուր տասնամյակների ընթացքում իշխելու էր վերանվանված Կոմկուսի մի որևէ «անմահ առաջնորդ»: Որքան էլ բողոքենք Երրորդ Հանրապետության քաղաքական համակարգից, դա իրականության մեջ շատ ավելի բարդ է, ճկուն է, բազմաշերտ է և հարուստ: Խոսքն ինքնանպատակ բարդության մասին չէ՝ բազմաշերտությունն ու ճկունությունը մեզ ավելի ուժեղ է դարձնում՝ որպես պետություն, այդ թվում՝ արտաքին աշխարհի նկատմամբ, լավ իմաստով՝ անկանխատեսելի:
Ղարաբաղյան հարցի շնորհիվ է, որ մենք նաև ունենք հրապարակային զանգվածային քաղաքականության ավանդույթ, որը դարձել է մեր մշակույթի անբաժանելի մասը, և որը մեր քաղաքական կյանքի դինամիկ տարրն է: Դա յուրահատուկ ազգային դեմոկրատիա է, որը ներմուծովի, փոխառովի չէ, այլ սեփական պայքարով և սեփական փորձով ձևակերպված: Դա գուցե գլխացավանք է եղել մեր բոլոր իշխող ուժերի համար, բայց նաև անփոխարինելի զենք է բոլոր ընդդիմությունների համար, այդ թվում՝ նրանց, ով նախկին իշխանություն է եղել: Բացի այն, որ այս կարևոր քաղաքական մշակույթը բնիկ է, և բացի այն, որ դա քաղաքական ճահճացման դեմ լավագույն գործիքն է, սա նաև Հայաստանի իրական, այլ ոչ՝ անվանական ինքնիշխանության կարևոր աղբյուր է և գործիք: Շնորհիվ դրա՝ հայ ժողովուրդը գոնե պատմական որոշ փուլերում իրապես ազդեցություն և մասնակցություն է ունենում քաղաքական կյանքում:
Այլընտրանքային, «նորմալ» Հայաստանը, որը չէր ունենալու իր ակունքներում Ղարաբաղյան հարց, լինելու էր իր չափի համար ավելի սովորական «անշառ» պետություն, ազնվականական ինքնիշխանությամբ, որը լիովին կառավարվելու էր «միջազգային ստանդարտներով», որում ժողովուրդը չէր ունենալու ոչ մի մասնակցություն, չէր լինելու որևէ քաղաքականություն, այլ միայն գորշ, անհատականությունից զուրկ մի տարածքի նույնքան գորշ, առօրյա կառավարում: Ընդ որում՝ այս գորշ հովվերգությունը մի օր անպայման ավարտվելու էր անսպասելի պայթյունով՝ արտաքին իրավիճակի ցանկացած փոփոխությամբ: Եվ, բացի ամենից, այս Հայաստանն անխուսափելիորեն դառնալու էր Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական և քաղաքական կցորդը, կրտսեր եղբայրը:
Բայց հարցը միայն անցյալը չէ: Ղարաբաղյան խնդիրը միայն անցյալով չէ, որ պայմանավորել է Հայաստանի քաղաքական համակարգն ու ինքնիշխանության ավելցուկը:
Սոցիոլոգիայի դասական Կարլ Մանհայմը գրում էր, որ քաղաքականությունը տարբերվում է կառավարումից նրանով, որ կառավարումն իրացվում է սահմանված, կանոնակարգված, հայտնի լուծում ունեցող ընթացակարգերով, իսկ քաղաքականության խնդիրն է՝ միանշանակ լուծում չունեցող, կանոնակարգման չենթարկված, անհայտների հետ գործ ունենալու արվեստը: Այս իմաստով հասկացված քաղաքականությունը, իհարկե, ոչ այնքան հնարավորի, որքան անհնարինի արվեստ է, որովհետև «հնարավորը» կարող է անել նաև լավ մենեջերը՝ քաղաքականության արվեստը դառնում է անիմաստ: (Անհնարինի մասին ձևակերպումս որոշ իմաստով հիպերբոլա է, այն պետք չէ մեկնաբանել բառացի):
Այսօր էլ Ղարաբաղյան հարցի առկայությունը ստիպում է, որ Հայաստանում լինի ոչ միայն՝ կառավարում, այլև՝ քաղաքականություն: Պատմությունը մեր առջև դրել է խնդիր, որը «մեր գլխից վեր է», հետևաբար՝ Մանհայմյան իմաստով՝ քաղաքական է, արժանի է քաղաքական արվեստի: Ղարաբաղյան հարցն այսօր չէ՝ ի սկզբանե էլ մեր գլխից վեր է եղել՝ 88-ին էլ, 91-ին էլ, 94-ին էլ և հետագայում էլ: Չէր կարող լինել այս աշխարհում որևէ իրապաշտական հաշվարկ, որով 1988-ին հնարավոր լիներ ապացուցել Ղարաբաղյան շարժման հաջողությունը: Ավելին՝ ցանկացած միջին հաշվարկ հակառակի մասին պետք է պնդեր և՛ 88-ին, և՛ 91-ին: Դա չի նշանակում, որ այստեղ գործ ունենք ապաբանական երևույթի հետ: Պարզապես բանականությունը միայն մաթեմատիկորեն հասկացված հաշվարկը չէ՝ կան բանականության ավելի բարդ տեսակներ, քան զուտ դատողականությունը: Քաղաքականության և ռազմավարության բանականը դիալեկտիկ է, պարադոքսալ:
Այսօր Ղարաբաղյան հարցի կարգավորում կոչվածն ըստ էության նույնանում է կոնֆլիկտի գոտում խաղաղապահ (ենթադրաբար՝ ռուսական) զորք տեղադրելու հարցի հետ: Մնացածն այս գերխնդրի շղարշն է: Եվ այստեղ նույնպես Ղարաբաղյան խնդիրն անմիջապես կապվում է ինքնիշխանության խնդրի հետ: Գոնե հետսովետական տարածքում Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտին միակն է, ուր ի սկզբանե և երբեք չի եղել տեղադրված խաղաղապահ (տվյալ դեպքում՝ ռուսական) զորք: Ղարաբաղյան կոնֆլիկտը միակն է, ուր հաշտությունն ու անվտանգությունն ապահովվում է տեղական՝ գերազանցապես հայկական զորքի շնորհիվ: Այս իրողությունը նույնպես մասն է ինքնիշխանության ավելցուկի, «գլխից վեր թռնելու», որի մասին նշեցինք հոդվածի հենց սկզբում: Առանձին թեմա է, թե որքանով են կոնֆլիկտային այլ գոտիներում՝ Օսիայում, Աբխազիայում եղած խաղաղապահներն իրականում խաղաղություն ապահովել:
Պետք է արձանագրենք՝ չկա Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման առաջարկ այսօր: Կա խաղաղապահների տեղադրման հարց, որին ածանցված է մնացած ամենը: Հայաստանը 3 տասնամյակ կարողացել է խուսափել հարցի նման «լուծումից»: Հարցը դրված է այսպես՝ սեփական ուժերով ապահովված թեկուզև վատ խաղաղությո՞ւն, որը կարող է ընդհատվել ապրիլյանի տիպի կարճատև պատերազմներով (որոնց նպատակն էլ հենց նույն խաղաղապահ զորքի տեղադրումն է), թե՞ օտար զորքով ապահովվող և նույնպես վատ խաղաղություն, որը կարող է ընդհատվել ցանկացած պահի, երբ «ապահովիչը» որոշի, որ իր շահերից է բխում դա: