
«Կառավարության ծրագիրը՝ պատասխանատվությունից խուսափելու միջոց. փորձ է արվում կառավարությունը փոխարինել վարչապետով». ՀՅԴ ԳՄ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ ՀՅԴ Գերագույն մարմնի կողմից ստեղծվել են 11 հանձնախմբեր՝ էկոնոմիկայի, ներդրումների, հարկային քաղաքականության ու հանրային ֆինանսների, կրթություն և գիտություն, արտաքին քաղաքականություն, սփյուռք, հայրենադարձություն, ազգային անվտանգություն, պաշտպանություն, Արցախ և այլն, որոնց նպատակն է՝ մանրամասն ուսումնասիրել Կառավարության և Ազգային ժողովի գործունեությունը, տալ եզրակացություն և պարբերաբար հանդես գալ առաջարկություններով։
Ներկայացնելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը Կառավարության ծրագրի և կառուցվածքի վերաբերյալ, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարությունը կազմավորվել է Սահմանադրության և օրենքի կամայական մեկնաբանությամբ` հիմք ընդունելով առաջիկայում իրականացվելիք կառուցվածքային փոփոխությունների մտադրությունը, իսկ իրականում մի շարք նախարարությունների գործունեության չհիմնավորված (սպասվելիք) դադարեցումը:
«Հակառակ իշխող ուժի հնչեցրած մոտեցումներին և հանձնառություններին՝ կառավարության ծրագիրը չի անդրադառնում քաղաքական համակարգի բարեփոխումներին, անմիջական ժողովրդավարությանը, մամուլի և խոսքի ազատությանը, ընտրական համակարգին, սուպերվարչապետության վերացմանը:
Մի կողմից՝ անտեսվել են խոստացված բարեփոխումները, մյուս կողմից՝ փորձ է արվում կառավարությունը փոխարինել վարչապետով` գերկենտրոնացնելով կոլեգիալ կառավարման մարմնի լիազորությունները, ինչը կարող է վտանգել երկրի ժողովրդավարական զարգացման հեռանկարը: Ծրագիրը բավարար անդրադարձ չի կատարել ազգային անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական անվտանգության երաշխավորման մեխանիզմներին: Բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման և սփյուռքի հետ կապերի ոլորտներում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Հայտարարության մեջ նաև ասված է, որ թեև կառավարությունն իր առջև նպատակ է դրել իրականացնել «տնտեսական հեղափոխություն», սակայն ներկայացված ծրագիրը չի պատասխանում, թե ի՞նչ է հասկացվում այդ եզրույթի տակ, ինչպե՞ս է այդ «հեղափոխությունն» իրականացվելու, և ի՞նչ արդյունք է այն արձանագրելու: Տնտեսության տարեկան 5% ակնկալվող աճը, որն արձանագրված է ծրագրում, բավարար չէ կառավարության տնտեսական քաղաքականությունը հեղափոխական կոչելու համար:
«Ծրագիրը մշակվել է պատասխանատվությունից խուսափելու և հանրությանը հաշվետու չլինելու մոտեցմամբ` հակասելով իշխող ուժի բազմիցս հնչեցրած հավաստիացումներին: Ծրագրում բացակայում են կոնկրետ թիրախներ, հանրային կյանքի որակի բարելավումը բնութագրող նպատակադրումներ և ժամկետներ, գերիշխում են դեկլարատիվ բնույթի հայտարարություններ: Այն պարունակում է ներքին հակասություններ ունեցող բազմաթիվ մտքեր:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն արձանագրում է, որ կառավարության ներկայացրած ծրագիրը բավարար նախադրյալներ չի ապահովում «Զարգանալ՝ չզիջելով» կենսական սկզբունքի իրացման համար, և այն գնահատում է ժամանակի մարտահրավերներին ոչ համարժեք»,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։
Զվարթ Խաչատրյան