Արցախի առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները հաճախորդներին ներել են ավելի քան 210 մլն 813 000 դրամ
Արցախում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից Արցախի ռեզիդենտ հաճախորդ 272 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց 2018 թվականին ներվել է ավելի քան 210 մլն 813 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Անցած տարվա ընթացքում հայտարարվել էր առևտրային բանկերի կողմից սկսված մի գործընթացի մասին, որի համաձայն՝ բանկի կողմից սահմանված որոշակի պայմանների կատարման դեպքում, կզիջվեն ֆիզիկական և առանձին բանկերի պարագայում նաև իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների անհուսալի վարկերի տույժերն ու տուգանքները: Ամփոփելով 2018թ. այս ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները՝ հայտնում եմ, որ Արցախում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից Արցախի ռեզիդենտ հաճախորդ 272 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց 2018 թ. ներվել է ավելի քան 210 մլն 813 հազար դրամ (համապատասխանաբար՝ մոտ 169 մլն և մոտ 42 մլն դրամ)»,- նշել է Գրիգորի Մարտիրոսյանը:
Նշվածը որակելով որպես կարևոր գործընթաց, Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծել է, որ Արցախի կառավարությունը խստագույնս հարգում է բանկային համակարգի լինելիության և անկախության դերը երկրի ֆինանսատնտեսական զարգացման գործում:
« Շնորհակալ ենք այս սեկտորի մեր գործընկերներին կառավարության առաջարկին ականջալուր լինելու և խոսքի առարկա տույժ-տուգանքների ներման համար։ Միևնույն ժամանակ կոչ ենք անում մեր քաղաքացիներին բանկային և վարկային կազմակերպությունների հետ իրավահարաբերվելիս, այդ թվում՝ վարկային կամ այլ պարտավորություններ ստանձնելիս ցուցաբերել ավելի մեծ շրջահայացություն և սոցիալական ինքնապատասխանատվություն»,-նշել է նա: