«Բանակցային գործընթացում Հայաստանը չի թուլացնում իր դիրքերը, այլ կորցնում է». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հանդիպումից անմիջապես հետո Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով հանդիպմանը, որը տևել էր մոտավորապես 1,5 ժամ, գրել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների վերաբերյալ։
Այնուհետև ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ալիևի հետ հանդիպումը նախապես ծրագրված չի եղել: «Դավոսի կազմակերպիչները տեղեկացել են, որ մենք երկուսով այստեղ ենք լինելու, հարցրել են՝ արդյո՞ք մենք դեմ չենք լինի հանդիպմանը, ասել ենք, որ դեմ չենք։ Այս հանդիպման հիմքը եղել է այն պայմանավորվածությունը, որ առնվազն, եթե երկուսս էլ այստեղ ենք, ապա հանդիպումից չենք խուսափի, նկատի ունեմ, որ մեր պայմանավորվածություններն այնպիսին են, որ, եթե այսպիսի միջոցառումների դուրս ենք գալիս իրար դեմ դիմաց, ապա գոնե երկու բառ պետք է փոխանակենք, այսինքն՝ չխուսափենք որևէ շփումից։
Ինչ վերաբերում է քննարկման բովանդակությանը, ապա մեր երեք հանդիպումների ընթացում ըստ էության քննարկել ենք բանակցությունների պատմությունը, թե որ փուլում ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս և այլն։ Քննարկել ենք նաև հնարավորությունները, թե կոնտեքստում ինչ կարգավորումներ կան, ուզում եմ ասել, որ այս կոնտեքստում որևէ կոնկրետ դետալ մենք չենք քննարկել»,- ասել էր ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք, որ սա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ոչ ֆորմալ երրորդ հանդիպումն էր։
Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի ոչ պաշտոնական հանդիպման վերաբերյալ 168.am-ը զրուցեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։
– Պարոն Մելիք-Շահնազարյան, Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում Ալիևի հետ «քննարկել են բանակցությունների պատմությունը»։ Նորմա՞լ է, երբ բանակցությունների պատմությունը ՀՀ վարչապետը քննարկում է Ադրբեջանի նախագահի հետ։
– Հույս ունեմ, որ ՀՀ վարչապետը մի օր էլ չի ասելու, որ ամբողջ այս հանդիպումների ընթացքում պատմական փաստաթղթեր են ուսումնասիրել։ Ակնհայտ է, որ գործընթացները նախկին տրամաբանությամբ չեն շարունակվում։ Նիկոլ Փաշինյանը «Եվրոնյուզի» հետ զրույցում հայտարարում է, որ աշխարհաքաղաքականությամբ չի զբաղվում, մեզ ասում է, որ Ալիևի հետ բանակցություններ չի վարում, այնուհետև հայտարարում, որ չի միջամտում այս կամ այն գործին։ Այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ է անում երկրի ղեկավարն ամիսներ շարունակ իր աշխատասենյակում։
– Հայաստանում իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ առանց նրա մասնակցության հարցը չի կարող լուծվել։ Այս ընթացքում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներն են հանդիպել, ոչ ֆորմալ երեք հանդիպում է տեղի ունեցել Փաշինյանի և Ալիևի միջև, այս հարցն արծարծվե՞լ է հայկական կողմից, արձագանքներ նկատե՞լ եք։
– Իհարկե, չեմ տեսել, որ այս հարցը բարձրացվի, և Նիկոլ Փաշինյանը նախկին խոստումներն արդարացնելու համար հայտարարում է, թե իբրև ոչ պաշտոնական հանդիպում է եղել, և դրանք բանակցություններ չեն։ Ակնհայտ երևում է, որ գործընթացներ կան, և այդ գործընթացների դրսևորումները մենք արդեն տեսնում ենք։ Օրինակ՝ Հանրային հեռուստաընկերությունն ինչ-որ քարոզ է իրականացնում և ասում, որ անհրաժեշտ է, որպեսզի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստենք, և փորձում են ցույց տալ ադրբեջանցիների հետ հաշտ ապրելու առավելությունները։ Այս պահվածքից բոլորովին չեմ զարմանում։
– Պարոն Մելիք-Շահնազարյան, շատ վերլուծաբաններ նշում են, որ բանակցային գործընթացում ժողովուրդներին նախապատրաստում են խաղաղության մի քանի փուլերից հետո, Արցախի բանակցային գործընթացում ի՞նչ փուլեր ենք անցել, որից հետո պետք է պատրաստվենք խաղաղության։
– Այս հարցին պետք է պատասխանեն իշխանությունները, իսկապես ես չգիտեմ, թե նրանք ինչ են բանակցում։ Պարզ չէ՝ «Մադրիդյան սկզբունքները» պահվո՞ւմ են, թե՞ ոչ, ոչինչ պարզ չէ, և որևէ տեղեկատվություն չի տրվել։ Նախկինում, եթե երկրների ղեկավարները հանդիպում էին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ լավ ուրվագծում էին, թե ինչ սկզբունքների շուրջ են բանակցում, կամ դրա հիմքում ինչ կա դրված, այժմ դրա մասին էլ խոսք չկա։
Ես կարող եմ միայն ասել, որ այսօր տեղի է ունենում շատ փակ գործընթաց, իմ տպավորությամբ՝ անգամ երկու-երեք հարթակներում՝արտգործնախարարների և Մինսկի խմբի համանախագահների ներգրավվածությամբ, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի «ոչ պաշտոնական» հանդիպումները, և տպավորություն է, որ արտաքին գործընկերների հետ նույնպես Փաշինյանը տարբեր բաներ է խոսում. ռուսների հետ՝ մի բան, ամերիկացիների հետ՝ մեկ այլ բան։ Թե ինչ կստացվի այս ամենի արդյունքում՝ դժվար է ասել։
– Նախկինում ՀՀ ղեկավարության հետ հանդիպումից անմիջապես հետո Ալիևը հանդես էր գալիս ռազմատենչ հայտարարություններով, սահմանում իրականացնում էր սադիչ գործողություններ, այժմ տարօրինակ չէ՞ նրա այս հանգիստ պահվածքը։
– Չգիտեմ, թե իրականում ինչի վրա է հիմնված Ադրբեջանի լավատեսությունը, բայց ենթադրում եմ, որ լավատես լինելու պատճառներ բավականին շատ ունեն։ Անգամ, եթե բացառենք, որ այս բանակցությունների ընթացքում Փաշինյանը նրանց որևէ լավ բան չի խոստանում, միայն այն, որ Հայաստանը թեկուզ տնտեսական զարգացման առումով նախնական ընթացքից այնքան հետ է ընկել, որ ցանկացած հակառակորդ միայն կուրախանա և լավատեսությամբ կտրամադրվի։ Երկիրը խնդիրների առջև է կանգնած, և ամեն ինչ խորանում է առանց նրանց միջամտության, ինչո՞ւ չպետք է լավատես լինեն։
– Արցախի բանակցային գործընթացում Հայաստանն իր դիրքերը թուլացրե՞լ է։
– Բանակցային գործընթացում Հայաստանը չի թուլացնում իր դիրքերը, այլ կորցնում է դիրքերը բազում պարամետրերով, որոնք կային մինչև հեղափոխություն։ Այսօր այդ ամենն արդեն չկա, ամեն դեպքում հայտարարություններում կամ բանակցության կծկտուր տեղեկատվության մեջ դրանք չեն երևում։
Զվարթ Խաչատրյան