Եվ ինչի՞ վրա է զարմանում վարչապետը
Նիկոլ Փաշինյանը զարմանում է, թե ինչի համար են այն դժգոհությունները, որ իշխանափոխությունից հետո երկրում բան չի փոխվել։ Բան չի փոխվել ասվածը գուցե մի քիչ չափազանցված է։
Իհարկե, փոխվել է. Հանրապետականներին փոխարինել են «իմքայլականները»։ Հայտարարվել է, որ Հայաստանում այլևս չկան մենաշնորհներ և կոռուպցիա, խոսվում է տնտեսության թռիչքաձև աճի և տնտեսական հեղափոխության մասին։ Իսկ թե դրանից ի՞նչ է շահել հասարակությունը, այլ հարց է։
Մարդկանց կյանքում արագ և հեղափոխական փոփոխություններ խոստացող վարչապետն այլևս մոռացել է այդ մասին։ Ու հիմա պարզվում է, մեղավորը ոչ թե կառավարությունն է, որ քաղաքացիները լավ չեն ապրում, այլ հենց իրենք։
«Չի կարող լինել մի իրավիճակ, երբ տանը բազմոցին պառկած անձը սպասի, թե իր կյանքը երբ է փոխվելու։ Այդ մարդու կյանքը երբեք չի փոխվելու։ Կփոխվի այն ժամանակ, երբ կառավարությունն իր անելիքն անի, իսկ կառավարությունը միանշանակ կանի իր անելիքը, իսկ բազմոցին պառկած մեր հայրենակիցն անի իր անելիքը»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։
Այնպես չէ, որ մարդը լավ օրից է անգործ պառկած բազմոցին։ Իսկ ի՞նչ է արել կառավարությունն այսքան ժամանակ, որպեսզի այդ մարդը ոչ թե պառկի բազմոցին, այլ աշխատանք ունենա և գործով զբաղվի։ Եթե վարչապետը կարծում է, թե հավասար տնտեսական պայմանների ապահովման խոստումները կամ կոռուպցիան արմատախիլ անելու վերաբերյալ հայտարարությունները բավարար են, որպեսզի վաղը բոլորը գործարարությամբ զբաղվեն, ապա այդպես չի լինում։ Հայաստանի տնտեսական միջավայրը խիստ սահմանափակ է դրա համար։ Եղածն էլ արդեն վաղուց զբաղված է։ Այստեղ մուտք գործելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Ու քանի դեռ կառավարությունը քայլեր չի ձեռնարկել գործարար ծրագրերը խթանելու և այդ ճանապարհով գործազրկության խնդիրն ինչ-որ կերպ մեղմելու ուղղությամբ, մեծ սպասելիքներ չպետք է ունենալ։ Պատահական չէ, որ աշխատատեղերի խնդիրն այսօր Հայաստանում նույնքան սրությամբ է դրված, ինչքան նախկինում։
Որքան էլ փորձ արվի տպավորություն ստեղծել, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում աշխատող քաղաքացիների թիվը մի քանի հազարով ավելացել է, դա դեռ չի նշանակում, թե նոր աշխատատեղեր են բացվել։ Ընդհակառակը` անզեն աչքով էլ կարելի է տեսնել, որ իրական աշխատատեղերը նույնիսկ կրճատվել են։ Միայն այն, որ հանքարդյունաբերության ոլորտում մի քանի հազար մարդ իշխանափոխությունից հետո կառավարության անհեռանկար և պոպուլիստական գործողությունների հետևանքով հայտնվել է հարկադիր պարապուրդում, բավարար է դրանում համոզվելու համար։ Ու հիմա վարչապետը դժգոհում է, թե ինչու են մարդիկ պառկում բազմոցին։ Պարզ չէ, որ պատճառն աշխատանք չունենալն է։
Միայն թե պետք չի ասել, որ Հայաստանում նաև թափուր աշխատատեղեր կան։ Իհարկե, կան, և դա նոր բան չէ։ Նման աշխատատեղեր միշտ էլ եղել են։ Բայց դրանք այնքան ցածր են վարձատրվում, որ մարդիկ գերադասում են անգործ մնալ, քան մի ամբողջ ամիս աշխատել և կոպեկներ ստանալ։
Սա բնավ չի նշանակում, թե մարդիկ ծույլ են և չեն ուզում աշխատել։ Պարզապես աշխատանքը պետք է արժանապատիվ վարձատրվի։
Ի՞նչ է արել դրա համար կառավարությունն այսքան ժամանակ։ Նույնիսկ փորձ չարվեց բարձրացնել նվազագույն աշխատավարձի շեմը, որը թույլ կտար ինչ-որ չափով լուծել ցածր աշխատավարձերի հետ կապված խնդիրը։ Ու հիմա մարդիկ շարունակում են նույնքան վատ ապրել, որքան նախկինում։ Չեն երևում նաև լավ ապրելու հեռանկարները։
Չնայած տված խոստումներին, այնուհանդերձ կառավարությունն այդպես էլ միջոցներ չգտավ հանրային ծառայություններն էժանացնելու համար։ Այսօր արդիական է դարձել գազի թանկացման խնդիրը, ինչի հետևանքները՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ հասարակության վրա դժվար չէ պատկերացնել։
Իշխանափոխությունից հետո տնտեսական իրավիճակը Հայաստանում բարելավման որևէ նշան ցույց չի տալիս։ Ընդհակառակը` ակտիվությունը գնալով դանդաղում է։ Տնտեսությունը բնութագրող բազմաթիվ ցուցանիշները վատացել են։ Չկան ներդրումային նոր ծրագրեր։ Անիմաստ է խոսել ներդրումային բումի մասին։ Ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին կապիտալը շարունակում է չվստահել Հայաստանի տնտեսությանը։ Իրավիճակի փոփոխություն չի նկատվում նաև խորհրդարանական ընտրություններից հետո, չնայած նոր Ազգային ժողովում այլևս չկան ներդրումների համար խոչընդոտ համարվող քաղաքական ուժերը։
Ամենևին էլ պետք չէ զարմանալ, որ այս ամենից հետո հասարակության շրջանում գնալով ավելանում են դժգոհությունները, իսկ լավ ապրելու հույսերը մարում են։ Մարդիկ չեն տեսնում իրական փոփոխություններ իրենց կյանքում։
Դրա մեղավորությունն իշխանությունն իր մեջ պետք է փնտրի։ Անցել է մեղքն ուրիշների վրա բարդելու ժամանակը։ Երկրին իսկապես տնտեսական հեղափոխություն է անհրաժեշտ։ Բայց պետք է հասկանալ, որ դա խոսքերով չի լինում։ Արդեն տևական ժամանակ կառավարությունը խոսում է այդ մասին, բայց գործնական ոչինչ չի անում։ Դեռ որքա՞ն պետք է հասարակությունը ժամանակ տա կառավարությանը, որպեսզի տեսնի հեղափոխության իրական արդյունքները։
«Հիմա հին տնտեսական համակարգից գնում ենք նոր տնտեսական համակարգին։ Քաղաքական հեղափոխությունից քայլելով գնում ենք տնտեսական հեղափոխության»,- ասում է վարչապետը։
Ի՞նչ նոր տնտեսական համակարգի մասին է խոսքը, հայտնի չէ։ Այդպես էլ այսքան ժամանակ պարզ չդարձավ, թե ո՞րն է նոր իշխանությունների տնտեսական մոդելը։ Այս պայմաններում դժվար է անգամ պատկերացնել տնտեսության թռիչքաձև աճը։ Տնտեսական այն միջավայրը, որն առկա է Հայաստանում, ամենևին էլ նպաստավոր չէ դրա համար։
Վարչապետը խոսում է փոքր բիզնեսը հարկերից ազատելու մասին, բայց մոռանում է, որ հիմա էլ այդպես է։ Հարկման արտոնյալ շեմն ընդամենը 5-6 մլն դրամով բարձրացնելն այս առումով մեծ բան չի փոխում։ Առավել ևս, եթե պիտի «ՀԴՄ-ական դիկտատուրա հաստատվի», ինչպես ասում է վարչապետը։
Չնայած անհաջող ձևակերպմանը, այնուհանդերձ, «ՀԴՄ-ական դիկտատուրան» իսկապես անհրաժեշտ է։ Բայց մինչ այդ պետք է մտածել հարկային օրենսդրության լուրջ վերանայումների մասին, այլապես բիզնեսը կարող է կանգնել ծանր փորձության առջև։
Եվ հետո, պետք չէ «ՀԴՄ-ական դիկտատուրա» հաստատելու պատասխանատվությունը դնել հասարակության վրա` պատասխանատվությունից խուսափելու համար։ Իշխանության խնդիրն է՝ այնպես անել, որ կտրոն չտրամադրելը ձեռնտու չլինի։ Այլապես ոչինչ էլ չի փոխվի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ