«Լարսն այսօր խոչընդոտ է ոչ միայն դեպի ԵԱՏՄ արտահանումների համար, այլև ԵՄ ուղղությամբ». Րաֆֆի Մխչյան
Արտահանման աճը, ըստ պաշտոնական ցուցանիշների, ամենևին գոհացուցիչ չէ։ Թեև այս տարվա հունվար-նոյեմբերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9.8 % աճ է գրանցել, սակայն նոյեմբերը հոկտեմբերի նկատմամբ 12.4% անկում է եղել, իսկ 2017 թ. նոյեմբերի նկատմամբ՝ 5% անկում։
Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ արտահանման այս ցուցանիշների վրա էական է Լարսի ազդեցությունը։
«Լարսը չի կարողանում մեր բոլոր պահանջները բավարարել արտահանման առումով, նաև ներմուծման ժամանակ բավականին խանգարում է։ ԵԱՏՄ-ի հարցով ռուսական կողմը միշտ խոստանում էր, որ Լարսում հատուկ «կանաչ ուղի» կբացվի Հայաստանի համար, սակայն այդ մասին մոռացան ընդհանրապես, իսկ հեղափոխությունից հետո երևի այդ թեման այլևս չի շոշափվել։ Ամեն դեպքում, մենք պետք է հասկանանք, որ դա էլ ելք չի, Հայաստանի համար այլընտրանք չի, և դրանից բացի՝ պետք է ուրիշ ճանապարհ լինի, որը կարողանա մեր պահանջները բավարարել»,- ասաց Ր. Մխչյանը։
Թե ի՞նչ այլընտրանք պետք է լինի՝ միության նախագահը դժվարացավ նշել, բայց հաստատապես ասաց, որ բնական աղետների հաճախ ենթարկվող Լարսի ճանապարհը պետք է չլինի, այդ այլընտրանքը պետք է կարողանա բնության զայրույթից զերծ պահել արտահանման հարցերը։
Ըստ նրա՝ Լարսն այսօր խոչընդոտ է՝ ոչ միայն դեպի ԵԱՏՄ արտահանումների համար, այլև՝ ԵՄ ուղղությամբ նույնպես։
Ր. Մխչյանի խոսքով՝ վերջերս անձամբ ինքը ցամաքային ճանապարհով ապրանք է ուղարկել ԵՄ երկրներից մեկը, սակայն բեռնատարները Լարսում «գերի են ընկել», բեռն ուշացել է.
«Արտահանումն արդեն նպատակային չի դառնում, եթե պատվիրողն իր ապրանքի խմբաքանակը ժամանակին չի ստանում, չի վաճառում, իր հաճախորդին չի գոհացնում, բնականաբար, հետագայում համագործակցությունը խզվում է։ Այսինքն՝ մեր արտահանման հիմնական խոչընդոտը, ճանապարհային արտահանումը կախված է Լարսից։ Նույնիսկ Եվրոպա արտահանողը գինը նվազեցնելու համար ստիպված է ընտրել ցամաքային փոխադրումը, սակայն այդ դեպքում էլ Լարսում են խնդիրներ ծագում։
Փոթիի նավահանգստով Եվրոպա բեռ ուղարկելու դեպքում էլ ուշացումներ են լինում։ Այսինքն՝ մեր արտահանման հիմնական խնդիրը լոգիստիկան է, որ սահմաններ չունենք, ճանապարհներ չունենք, և սա մեր կառավարությանը պետք է հուզի, այնպիսի քաղաքականություն պետք է վարեն, որ սահմանները բացվեն, և մեր ճանապարհները բացվեն»։
Ր. Մխչյանը նշեց, որ ամեն դեպքում ուրախալի է, որ դեպի ԵՄ արտահանումները գերազանցել են ԵԱՏՄ արտահանումներին, մասնավորապես՝ սեպտեմբերի դրությամբ ԵԱՏՄ արտահանվել է 26%, իսկ ԵՄ՝ 26.5%. «Սա բավականին ուրախացնող ցուցանիշ է։
Գալիք տարի պետք է ավելի շատ աշխատենք, որպեսզի այլընտրանքային տարածքներ գրավենք արտահանման համար, շարունակենք մեր ջանքերը, որ կարողանանք ԵՄ-ի ուղղությամբ ավելի շատ ելքեր ունենանք»։
Նա նկատեց, որ հանքարդյունաբերությունը խոշոր տատանումների դեպքում զգալիորեն ազդում է ընդհանուր արտահանման ցուցանիշի վրա, իսկ այս տարի այդ ոլորտում բավականին խնդիրներ եղան։ Առանց հանքարդյունաբերության, ըստ Ր. Մխչյանի, մյուս ոլորտների՝ գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն և այլն, արտահանման ծավալները լրջորեն ավելացել են. «Այդ ոլորտներում բավականին լավ ցուցանիշներ ունենք, օրեցօր շատանում են այն ապրանքները, որ «Made in Armenia» բրենդի տակ մտնում են ԵՄ»։