Բաժիններ՝

«Մակունցն ասաց, որ կողմ չէ, որպեսզի Մշակույթի նախարարությունը միացվի այլ գերատեսչության հետ». Երանուհի Մարգարյան

ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Մշակույթի նախարարության օպտմալացմանը և նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի դիրքորոշմանը՝ նշեց, որ Լ. Մակունցը տեղեկանալով, որ կրճատման մասին նախարարության աշխատակիցներն արդեն գիտեն, նրանց հրավիրել է հանդիպման և վստահեցրել, որ օպտիմալացման վերաբերյալ շրջանառվում է երեք նախագիծ:

«Մենք ասացինք, որ երեք նախագիծ չի շրջանառվում, այլ մեկը։ Եթե նախկինում կառավարությունում եղել է երեք նախագիծ, ապա այսօր պաշտոնապես շրջանառվում է մեկը։ Հետևաբար, դուրս է գալիս, որ նախարարի պաշտոնակատարը տեղյակ չէ, որ հենց դրա վրա է սևեռված կառավարության ամբողջ ուշադրությունը։ Մակունցն ասաց, որ կողմ չէ, որպեսզի Մշակույթի նախարարությունը միացվի այլ գերատեսչության հետ, վստահ եմ, որ սա նաև նրա քաղաքացիական դիրքորոշումն է»,- նշեց Ե. Մարգարյանը։

Անդրադառնալով 168.am-ի հարցին, թե նախարարությունը կրճատելու պարագայում քանի՞ աշխատակից է դառնալու գործազուրկ, Երանուհի Մարգարյանը պատասխանեց, որ, եթե դիտարկի օրենքի այն նախագիծը, որով պետք է օպտիմալացվի նախարարությունը, ապա այնտեղ  որևէ հիմնավորում չկա, կա միայն առաջարկ, որը կրկնօրինակն է ընդհանուր նախագծից՝ առաջարկ միավորման։

«Այդ նախագծի տակ որևէ վերլուծություն չկա այն մասին, թե նախարարությունում ինչ անարդյունավետ գործոններ են հայտնաբերվել, որով նպատակահարմար է նախարարության օպտիմալացումը, չկա հաշվարկ։ Առնվազն այդ նախագծի տակ պետք է լիներ հետևյալ հաշվարկը, թե ինչ դրական ու բացասական կողմեր կարող են առաջանալ, այս մասին բացարձակապես ոչինչ չկա»,- ընդգծեց Երանուհի Մարգարյանը։

Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանն էլ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ՝ թող Մշակույթի նախարարության աշխատակիցները վեց ամիս գործադուլ անեն՝ տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞,  նկատեց, որ նախարարության կառուցվածքում կա մշակութային արժեքների պահպանության գործակալություն, ինչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կոնվենցիայի հիման վրա՝ Հայաստանի ստանձնած միջազգային  պարտավորությունների հիման վրա, ստեղծված ազգային ծառայություն է, որը պատասխանատու է մշակութային արժեքների ապօրինի արտահանումը կանխարգելելու գործառույթներ իրականացնելու համար։

«Այդ գործակալությունն ամենօրյա ռեժիմով սպասարկում է տասնյակ քաղաքացիների, որոնք Հայաստանից դուրս են գալիս և իրենց սեփականությունը հանդիսացող մշակութային արժեքներն արտահանում։ Սա տեղավորվում է հենց այն մշակութային քաղաքականության մեջ, որտեղ հարցադրում է արվում, թե ի՞նչ է մշակութային քաղաքականությունը։ Այո, ՀՀ-ն ունի հստակ մշակութային քաղաքականություն՝ մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հետ կապված»,- նշեց կառավարման փորձագետը։

Նրա խոսքով՝ եթե այս գործառույթն իրականացնող ստորաբաժանումը նախարարության ներսում մի քանի օր չաշխատի, ապա Հայաստանից մեկնող որևէ խումբ՝ իր երաժշտական գործիքներով, չի կարողանա դուրս գնալ։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ նույն գործառույթները չի կարող իրականացնել ԿԳ նախարարությունը, Սերոբ Անտինյանն ընդգծեց, որ նույն կոնվենցիայի պահանջն է, որպեսզի պետության կառուցվածքում լինի առանձին ճյուղային գերատեսչություն, որը կմշակի և կիրականացնի քաղաքականություն այդ բնագավառում։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս