«Անվերջության ժապավեն» և «Արձագանք» հուշարձանները վերականգնելու համար տեղի կունենա դրամահավաք. Մակունց
Հայտնի քանդակագործ Դավիթ Բեջանյանի 1979 թվականին ստեղծված «Անվերջության ժապավեն» պղնձաձույլ քանդակից, որը գտնվում էր Երևան-Սևան ճանապարհի վրա, այսօր գրեթե ոչինչ չի մնացել։ Տարիներ շարունակ քանդակը դարձել էր գանձագողերի թիրախ, որի հետևանքով էլ նախկին տեսքն ամբողջությամբ կորցրել էր և աղճատվել։
Մոտ երկու տարի առաջ քանդակի վնասված հատվածի մի մասը տեղափոխել էին Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տարածք, իսկ մյուս մասը` Չարենցավանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տարածք, որից հետո ՀՀ մշակույթի նախարարությունը և Կոտայքի նախկին մարզպետը հայտարարել էին, որ քանդակն անպայման կվերականգնվի և կտեղադրվի նախկին տեղում։
Արձանի մասամբ ոչնչացումն առաջ էր բերել նաև քանդակագործի ընտանիքի անդամների մտահոգությունը, Դավիթ Բեջանյանի կինը՝ երջանկահիշատակ Նադեժդա Սարգսյանը, դեռևս 2016 թվականին հույս էր հայտնել, որ գոնե մեկ տարի հետո ամուսնու քանդակը կտեսնի վերականգնված։
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակուցը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Անվերջության ժապավեն» քանդակի ճակատագրին, տեղեկացրեց, որ Սևանի մայրուղու հատվածում, բացի այս քանդակից, կա նաև «Արձագանք» արձանը, և երկու հուշարձաններն էլ վերականգնելու կարիք ունեն։
«Սա է պատճառը, որ մենք արձանները տեղափոխել ենք այլ վայր, որպեսզի վերականգնենք։ Դրանցից մեկի վերականգնման համար պահանջվում է 12,5 միլիոն դրամ, մյուսի համար՝ 180 մլն դրամ։ Քանի որ բյուջեով նախատեսված չէ այդ արձանների վերականգնումը, մենք ամեն ինչ անելու ենք դրամահավաքի տեսքով։ Մոտ ժամանակներս կորոշենք, թե ինչ ժամանակահատվածում և մշակութային ինչ միջոցառումների շրջանակներում կարող ենք կազմակերպել դրամահավաքը»,- նշեց Լ. Մակունցը և ընդգծեց, որ դրամահավաքին գումարը եթե չբավարարի, ապա պակասը կլրացնի կառավարությունը։
Նշենք, որ քանդակագործ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանը նույնպես բրոնզաձույլ էր և գանձագողերի ձեռքով հայտնվել է ոչնչացման եզրին։
Զվարթ Խաչատրյան