«Եկել է մի փողատեր, ասում է՝ դուրս արի, ես եմ ուզում այստեղ աշխատել. ո՞ւր գնամ, ո՞նց անեմ». Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավար

2007թ. ՀՀ ԳԱԱ օպտիմալացման գործընթացի շրջանակներում երեք կազմակերպությունների միավորմամբ (Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, Օրգանական քիմիայի ինստիտուտ և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոն) ստեղծվել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, որն այսօր կանգնած է բարդ խնդրի առջև: Կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում «Վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշման նախագիծ կար, համաձայն որի՝ ցանկանում էին կենտրոնի շինություններից մի քանիսը վերցնել և վարձակալությամբ տրամադրել մասնավոր «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» և «Արրատա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին: Այս պահին որոշման նախագիծը հանվել է կառավարության նիստի օրակարգից, և այն պետք է լրամշակվի հավելյալ քննարկումների արդյունքում:

Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներին որոշման այս նախագիծը շատ է զայրացրել: Նրանք օրերս Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ հայտնելով իրենց դժգոհությունը:

Կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը 168.am-ին հայտնեց, որ ԿԳ նախարարի հետ դեռ որևէ հանդիպում չի եղել, Պետական գույքի կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն էլ խոստացել է, որ կգնա գիտխորհրդի հետ հանդիպելու, բայց այդպես էլ չի գնացել:

«Անցած շաբաթ Նարեկ Բաբայանի հետ խոսում էինք զիջումների մասին, որին մենք էլ դեմ չենք գնալ, սակայն հստակ զգացվեց, որ նա «խաղում է» փողատիրոջ կողմից, ուստի ընդհատվեցին բանակցությունները: Հետո զանգեց, ասաց, որ ուզում է գիտխորհրդի հետ հանդիպել, բայց չեկավ մարդը, ես հո զոռով չե՞մ բերելու… Այս ամբողջը մեկ նախադասությամբ գիտե՞ք, թե ինչպես կլինի: Եկել է մի փողատեր, ասում է՝ դուրս արի, ես եմ ուզում այստեղ աշխատել: Իսկ, թե ի՞նչ կլինի ինձ հետ՝ իրեն չի հետաքրքրում: Ես էլ եմ, չէ՞, ուզում աշխատել: Ո՞ւր գնամ, ո՞նց անեմ, սրանք իրենց չեն հետաքրքրում: Կառավարությունն այսօր խնդրին հետևյալ կերպ է մոտենում. դուք դուրս եկեք, խտացեք, սա արեք, նա արեք: Մի հատ եկեք հասկացեք, թե ի՞նչ չափով է կարելի խտանալ: 33 մարդ է աշխատում այդ երկու մասնաշենքում: ԿԳ նախարարությունից ու մյուսներից մեկ բան եմ ակնկալում՝ չխանգարել մեր աշխատանքին»,- ասաց Վիգեն Թոփուզյանը:

Կարդացեք նաև

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի հաղորդմամբ՝ իրենց մոտ աշխատողների 30 տոկոսը երիտասարդներ են՝ մինչև 35 տարեկան: «Արդեն իսկ ցածր է մեր աշխատավարձը, գոնե լաբորատորիայի վարիչը նախարարի չափ աշխատավարձ պետք է ստանար, որովհետև ամբողջ օրը նստած մտավոր աշխատանքով է զբաղվում: Սա՝ մի կողմ, 30 տարվա մեջ մի կոպեկ չեն տրամադրել, որ կարողանանք մի բան վերանորոգել: Մեր խնայողությունների հաշվին ենք արել»,- հավելեց նա:

Վիգեն Թոփուզյանի փոխանցմամբ՝ ընկերություններից մեկը՝ «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզը», իրենց մասնաշենքերից մեկի 3-րդ հարկում է, հիմա նույնպես աշխատում են:

«Այդ փոքր տեղը, որ տվել էինք, ամբողջությամբ առաջին մասնաշենքի 3-րդ հարկն է: Դա տվեցինք 4 տարի առաջ, քանի որ Էկոնոմիկայի նախարարությունից էին շատ խնդրել: Ասում էին՝ մարդ է եկել, ուզում է ներդրումներ կատարել, իրենց կանաչ ճանապարհ տվեք: Տարբեր առաջարկներ արեցինք. օրինակ՝ Քանաքեռում մեծ տեղ կար, կարող էին այնտեղ գնալ, իրենք պնդեցին, որ այստեղ են ուզում, ասեցինք՝ լավ:

Մի հարկը դատարկեցինք, մի քիչ խտացանք, ասեցինք՝ թող աշխատեն: Ինչ վերաբերում է «Արրատա» ընկերությանը, ապա նրանք արտադրական հատվածում մի փոքր տեղ էին խնդրել, տվել էինք: Հետո մեզ նեղացրին, հողակտոր վերցրին, որտեղ մի շենք ունեինք, ուզում էինք դա կարգի բերել, բայց երբ որ մեր ձեռքից գնաց, իրենց ասացինք, որ արտադրական հատվածում գործ ունենք, ու DITILIN (մկանային ռելաքսանտ) արտադրության սարքավորումները բերեցինք, քանի որ Ուկրաինայից պատվեր ունեինք:

Ուկրաինացիները եկան, տեսան, հիմա իրենց մոտ գրանցում են կատարում, որ պատվիրեն: Այսօր մենք շատ հիվանդությունների, օրինակ՝ լյարդի ցիռոզի բուժման համար դեղ ենք ստեղծում: Մեր արտադրանքը կարող եք դեղատներում գտնել: Մեր դեղերի հումքը ոչ թե դրսից է բերվում, այլ մենք ենք ստեղծում: Մեզ վրա հոգս ենք վերցրել՝ առանց պետական աջակցության հիվանդին դեղ ենք հասցնում: Էլ ի՞նչ անենք այս երկրի համար»,- մանրամասնեց Վիգեն Թոփուզյանը:

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենը հայտնեց նաև, որ, եթե հարցն ի վնաս ինստիտուտի լինի՝ կրկին բողոքի ցույցեր կանեն:

«Ոնց որ թե ուզում են հարցն ընկալել, նոր լուծում տալ: Եթե լուծումը ինստիտուտին վնաս չլինի՝ մենք երկու ձեռքով կողմ ենք, եթե կենտրոնի, աշխատակիցների շահերը հաշվի չառնեն՝ բնականաբար, կբողոքենք»,- հավելեց նա:

Կապ հաստատեցինք նաև «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» ընկերության հետ: Փոխտնօրեն Քրիստինե Գևորգյանը հաղորդեց, որ իրենց 2014թ. հատկացվել է առաջին մասնաշենքի

3-րդ հարկը, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրինությունն էլ տվել է իր համաձայնությունը, և աջակցել են, որ լաբորատորիան բացեն հենց այդ մասնաշենքում և հարկում:

«Ոչ միայն տեղյակ են եղել այս մասին, այլև եղել է պայմանագիր, փոխըմբռնման հուշագիր, որտեղ հստակ գրված էր, որ սկզբում լինելու է գիտահետազոտական լաբորատորիա, ապա՝ կիլոլաբ և արտադրություն: Չի կարող նույն օրգանիզմը տարբեր տեղերում աշխատել: Հիմա գնում է նորմալ գործընթաց, այն, ինչ խոստացվել է ընկերության կողմից՝ շարունակել ներդրումները»,- ասաց Քրիստինե Գևորգյանը:

Ինչ վերաբերում է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների դժգոհություններին ու տպավորությանը, թե իրենց դուրս են անում շենքից, նկատեց. «Որևէ ընկերության չենք կարող ասել՝ դուրս եկեք: Մենք իրավունք չունենք խառնվել ուրիշների գործերին: Կա ծրագիր, որը համաձայնեցված է: Մենք մեր խոսքի տերն ենք լինելու և շարունակելու ենք ծրագիրը: Ո՞նց եք պատկերացնում՝ մեծ ներդրում, և՝ մեկ հարկում:

Տարածքներ են պետք, և սա բոլոր կողմերի համար սկզբից պարզ էր: Մեզ տարածք է պետք, որ ընդլայնվենք: Այս պահի դրությամբ լաբորատորիան զբաղվում է գիտահետազոտական գործունեությամբ: Այս փուլում արտադրանք չկա, գործընթացը սկսել ենք 0-ից՝ մոլեկուլի ուսումնասիրությունից: Հիմա պետք է անցնենք հումքին, հետո՝ արտադրությանը: Ահռելի աշխատանքներ կան՝ և՛ մարդկային ռեսուրսների, և՛ սարքավորումների մասով: Ընկերությունը կառավարությանը ծրագիր է ներկայացրել. ամենաքիչը ներդրումային ծրագրի ավարտից հետո 75-100 աշխատատեղ է բացվելու»:

Նշենք, որ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում կատարվում են գիտական հետազոտություններ, քիմիական նյութերի և դեղերի արտադրություն և իրացում:

Գործունեության հիմնական ոլորտներն են՝ սրտանոթային համակարգի հիվանդությունների, չարորակ ուռուցքների, նյարդահոգեկան խանգարումների և վարակիչ հիվանդությունների դեմ բուժական և կանխարգելիչ դեղամիջոցների ստեղծում, վիրաբուժության մեջ կիրառվող դեղամիջոցների մշակում:

Ինստիտուտի մշակումներից են՝ DITILIN (մկանային ռելաքսան), GANGLERON (ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցային հիվանդության և ստենոկարդիայի բուժման համար), SUBECHOLINE (շնչառության խթանիչ), ARPENAL (բրոնխիալ ասթմա, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցային հիվանդություն, պարկինսոնյան հիվանդություն), QUATERON (ստենոկարդիա, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցային հիվանդություն, հիպերտոնիկ հիվանդություն), MESPHENAL (հիպերտոնիկ հիվանդություն, խոցային հիվանդություն, բրոնխիալ ասթմա), FUBROMEGAN (պեպտիկ և 12-մատնյա աղիի խոց, բրոնխիալ ասթմա), NALECIN (որովայնային տիֆ, դիզենտերիա), ETPENAL (ստենոկարդիա, բրոնխիալ ասթմա), PUPHEMID (էպիլեպսիա), TIODINE (ռադիկուլիտներ, պոլինևրիտներ, պլեքսիտներ):

Օրգանական միացությունների կառուցվածքի որոշում տարբեր ֆիզիկա-քիմիական մեթոդներով, կառուցվածքային հետազոտություններ հակավիրուսային հատկություններով օժտված պիրոլիդինի ածանցյալների շարքում, մետաղապորֆիրինների սուբլիմված թաղանթների հետ կենսաբանական կարևոր նշանակություն ունեցող գազերի փոխազդեցության ուսումնասիրություն և ընտրողական կոորդինացիոն հատկություններով օժտված կայուն մետաղապորֆիրինային թաղանթների հայտնաբերում, կենսաբանական և օրգանական մոլեկուլների տարածական կառուցվածքի որոշում հեղուկ բյուրեղներում և թույլ ուղղորդված միջավայրերում միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրասկոպիայի մեթոդով:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս