«Եթե իրավիճակն ապակայունացավ, ապա իրենք լիովին կկիսեն պատասխանատվությունը». ինչո՞ւ է «Սասնա ծռեր» կուսակցությունը մեկնում Արցախ
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներն արդեն հայտնել են, որ պատրաստվում են Արցախում հիմնադրել քույր կուսակցություն, և այդ նպատակով նոյեմբերի 17-ին կմեկնեն Արցախ՝ կուսակցության ծրագրերը ներկայացնելու և համագումար անցկացնելու համար։ Այսօր կուսակցությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում է՝ դեպի Արցախ 2018 թ. նոյեմբերի 17-ի ավտոերթի և Արցախում նախատեսվող միջոցառումների հիմնական նպատակն է՝ ՀՀ-ին Արցախի դե յուրե միացումն ամրագրել՝ որպես համահայկական օրակարգի գերակա հարց:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի տեղեկություններով՝ «Սասնա ծռերի» անդամներն ինչի համար դիմել են, Արցախի քաղաքապետարանից համապատասխան թույլտվություն ստացել են:
«Ե՛վ ՏԻՄ մարմինների, և՛ պետական մյուս մարմինների հետ կոնտակտը կա, իրենք համագումար են ունենալու, որի համար տրամադրվել է համապատասխան տարածք։ Իմ տեղեկություններով՝ որևէ դժվարություններ, խնդիրներ չկան, իրենք էլ չեն դժգոհել որևէ խնդրից, թե իրենց համար դժվարություններ, խոչընդոտներ են ստեղծվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ Արցախի իշխանություններն այնքան են վերահսկում իրադրությունը, և նմանապես «Սասնա ծռերը», որոնք հայրենասիրությունը հռչակել են՝ իբրև իրենց գերակա արժեքներից մեկը, Արցախում ամեն ինչ կանեն, որպեսզի վիճակը չապակայունանա.
«Եթե իրավիճակն ապակայունացավ, ապա իրենք լիովին կկիսեն պատասխանատվությունը՝ հաշվի առնելով իրենց պատմությունը՝ քրեական մեադրանքներով կալանավորվել են, համաներումով դուրս են եկել։ Ինձ թվում է՝ երկուստեք աչալուրջ կլինեն՝ թե՛ Արցախի իշխանությունները, թե՛ «Սասնա ծռերը»»։
Սեդրակյանի խոսքով՝ Արցախ մեկնելը միշտ ու բոլորի կողմից ճիշտ քայլ է, պարզապես կարևոր է, թե ինչ նպատակներով ես մեկնում այնտեղ. «Եթե նրանք գրանցվել են Հայաստանում, իսկ Արցախն ու Հայաստանը նույնն են, ուրեմն՝ «Սասնա ծռերն» այնտեղ իրավունք ունեն կազմակերպություն հիմնել, դա օրենքի տառին համապատասխան է»։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ ամեն ինչ պետք է որ հարթ ընթանա։
«Ի վերջո, 2015թ., երբ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն էին ավտոերթով փորձում մեկնել Արցախ, իրավիճակն այլ էր, սկսած՝ Արցախի իրավապահ մարմինների պատրաստվածությունից։ Իսկ «Սասնա ծռերի» այնտեղ մեկնելու նպատակահարմարության հարցը մաքուր քաղաքական խնդիր է` որքանով է ճիշտ Արցախը դարձնել ներհայաստանյան քաղաքական պրոցեսի թատերաբեմ։ Ես ընդհանրապես կողմ չեմ Արցախը ներհայաստանյան պրոցեսներին ներգրավելուն, այդուհանդերձ, որքան հասկանում եմ՝ այդ քաղաքական ուժն Արցախը դիտում է՝ որպես միասնական Հայաստանի մաս, և գուցե ուղերձը հենց այդպես են փորձում ներկայացնել։ Ես չեմ ուզում որևէ խորհուրդ տալ քաղաքական ուժերին, բայց չէի ցանկանա, որ որևէ քաղաքական ուժ Արցախում իրականացնի Հայաստանի տեսանկյունից ներքաղաքական պրոցես»,- նշեց մեր զրուցակիցը։
Մելիքյանի խոսքով՝ Արցախի Հանրապետությունն ունի իր օրենքները, որոնք սահմանում են հավաքների ազատության իրականացման գործիքակազմ. «Որքան տեղյակ եմ՝ այդ գործիքակազմը տվյալ քաղաքական ուժի կողմից օգտագործվել է, եղել են սահմանված հայտեր։ Ես մեծ հույս և որոշակի վստահություն ունեմ, որ որևէ կերպ չի կրկնվելու այն, ինչ տեղի է ունեցել 2015թ.։ Ի դեպ, ես ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա Արցախի մարդու իրավունքների պաշտպանը չէի և չեմ, և որպես քաղաքացի եմ այս հարցին վերաբերվում»։
ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարվեց «Սասնա ծռերի» այս քայլի վերաբերյալ որևէ կարծիք հայտնել։
«Սասնա ծռեր» կուսակցության ԶԼՄ հարցերով պատասխանատու Հերմինե Մկրտչյանն էլ 168.am-ին հայտնեց. «Ստեփանակերտի քաղաքապետարան մենք իրազեկել ենք, ընդունվել է ի գիտություն, իսկ թե ՀՀ ոստիկանները մեր ավտոերթը կուղեկցե՞ն, թե՞ ոչ, թողնում ենք իրենց հայեցողությանը»։
Նա հավելեց, որ նախատեսում են նաև հանդիպումներ ունենալ արցախցիների հետ. «Ստեփանակերտում երթեր գուցե չլինեն, լինեն առանձին հանդիպումներ, ճանապարհին գյուղերում ինչ-որ հանդիպումներ ունենանք»։