«Ենթադրում եմ, որ Պուտինը կզիջի Փաշինյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում». Լևոն Շիրինյան

«Ասել եմ, Արցախի հարցում մենք պետք է առաջ շարժվենք, և առաջարկում եմ, որպեսզի քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժերը չքննարկեն Արցախի հարցի այն տարբերակը, որը մինչև այժմ քննարկվել է, քանի որ հարցը լուծված է, իսկ մնացածը մի օր կձևակերպենք։ Արցախի հարց այլևս գոյություն չունի, այն արհեստածին շահարկում են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքագետ  Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե խորհրդարան անցնելուց հետո Արցախի հարցի լուծման ինչ տարբերակներ կառաջարկի։

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությանը, Լևոն Շիրինյանը նշեց, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի համար կարևոր է, բացի այդ, այստեղ կա նաև արժանապատվության հարց։

«Հայաստանը կիրառել է վետոյի իրավունքը, որը պետք է շարունակի, և վերջ։ Մեր իրավասության մեջ է՝ գլխավոր քարտուղարին հետ կանչել։ ՀՀ իշխանություններին առաջարկում եմ իրենց տեսակետը պաշտպանել և զիջումների չգնալ, հո քարանձավում չե՞նք ապրում։ Եթե ՀԱՊԿ-ը պաշտպանելու է իր տեսակետը, ապա այն ռեֆորմի և քաղաքակրթվելու կարիք ունի։ Մենք գործել ենք բացարձակ ճիշտ և հետևողական, և այս գիծը պետք է շարունակվի»,- ասաց Լ. Շիրինյանը։

Հարցին՝ դեկտեմբերի 6-ին նախատեսված Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հնարավո՞ր է՝  Հայաստանը ՀԱՊԿ-ում պահպանի գլխավոր քարտուղարի պաշտոնը, Լևոն Շիրինյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Ենթադրում եմ, որ Պուտինը կզիջի Փաշինյանին և ընդառաջ  կգնա Հայաստանի պետական շահերին, մենք պաշտպանում ենք մեր իրավունքը»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս