«Զանգակատուն գյուղի հատվածում ադրբեջանական դիրքերի առաջ բերելն ունի հեռահար նպատակ՝ կտրել Սյունիք և Արցախ տանող կոմունիկացիան». Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արարատի մարզի Զանգակատուն գյուղի հարակից տարածքում ադրբեջանական դիրքերի առաջ բերելուն, նշեց, որ Զանգակատան հատվածում ադրբեջանական կողմի առաջխաղացման հեռահար, մարտավարական նպատակը Տիգրանաշենի հատվածում հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Սյունիք և Արցախ տանող կոմունիկացիան կտրելն է։

Հիշեցնենք, որ Զանգակատուն համայնքի ղեկավար Հովիկ Կարապետյանը նոյեմբերի 10-ին հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պետական սահմանից այն կողմ առաջ է բերել դիրքերը, որի հետևանքով մի քանի կիլոմետրով մոտեցել է միջտարածքային տարածությունը, ինչի արդյունքում ավելացել են կրակոցները, և մշակովի 11 հեկտար ցանքատարածություն հայտնվել է թշնամու կրակի տակ։

«Ադրբեջանն այստեղ հետապնդում է հեռահար նպատակ, որի ֆոնին ադրբեջանական կողմը կարող է իրադրական խնդիրներ ստեղծել մեզ համար` ի դեմս տեղի բնակիչների՝ կապված գյուղատնտեսական աշխատանքների կատարման հետ։ Այստեղ էականն այն է, որ մենք ամենաչնչին ագրեսիվ դրսևորումներին պատասխանենք անհամաչափ կտրուկ. սա անտեղի հռետորաբանություն չէ։ Սա Ադրբեջանի և թուրքական աշխարհի հետ մեր հարաբերվելու փորձի հիման վրա արված միակ ճիշտ և ադեկվատ հետևությունն է։ Իմ այս տեսակետը կիսում են խնդրին տեղյակ բազմաթիվ փորձագետներ, քաղաքագետներ, բոլոր նրանք, ովքեր գիտեն, թե ինչ ասել է Ադրբեջան, թուրքական աշխարհ, որոնք շատ լավ հասկանում են նրանց ծավալապաշտական նկրտումները»,- նշեց Դավիթ Ջամալյանը։

Ըստ ռազմական փորձագետի` եթե հայկական կողմը նման դեպքերում շատ կտրուկ ու համաչափ պատասխան տա, ապա Ադրբեջանն առժամանակ լուռ կմնա։

«Սա իրենից նվազագույնը ենթադրում է հրաձգային, անգամ թեթև հրետանային միջոցներով, մասնավորապես՝ ականանետային կրակոցներով հենակետերի ճնշում, անհրաժեշտության դեպքում` ոչնչացում, իսկ լավագույն դեպքում, ինչին պետք է նույնպես պատրաստ լինենք, նաև հենակետերի լիակատար ոչնչացում և հայկական հենակետերի առաջմղում։

Այսինքն, երբ մեզ պարտադրվում է պատերազմ, մարտական գործողություններ, ապա այդ պարագայում մենք պետք է խաղանք այդ մարտական գործողությունների տրամաբանությամբ։ Այստեղ այդ ամենն Արցախի շուրջ պատահական չի արվում. ծավալվող քաղաքական, դիվանագիտական զարգացումների նախաշեմին բանակցային գործընթացի նոր փուլ է կարծես մեկնարկելու, և այս ֆոնին, բնականաբար, ադրբեջանական կողմը բարձրացնում է նշաձողը, ինչն արվում է մի կողմից ծավալապաշտական հայտարարություններով` ի դեմս նախագահ Ալիևի, մյուս կողմից՝ սահմանում սրելով իրավիճակը»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը և հավելեց, որ հայկական կողմն այս պարագայում նույնպես պետք է բարձրացնի իր նշաձողը և մարտական գործողությունների տրամաբանության համաձայն պետք է լինի ավելի կտրուկ, քան հակառակորդը՝լռեցնելով ադրբեջանական այս կամ այն կետի ակտիվությունը կամ անհրաժեշտության դեպքում` ոչնչացնելով, իսկ խիստ անհրաժեշտության պարագայում հայկական դիրքերն առաջ տանել է պետք։

Հարցին, թե կատարվող այս իրադարձությունների հետևում արդյո՞ք պատերազմ չէ, Դավիթ Ջամալյանը պատասխանեց, որ 2016 թվականի ապրիլից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն անհրաժեշտ հետևություններ չի արել, և առկա իրողությունների հետ համակերպվելու փոխարեն զբաղված են եղել իրենց զինված ուժերի խարխլված մարտունակությունը վերականգնելով և նախապատրաստվելով երրորդ ագրեսիայի։

«Որքանո՞վ է Ադրբեջանն ունակ հասնելու հաջողության երրորդ ագրեսիայի ժամանակ՝ այլ հարց է, կարճ ասեմ, որ չեն հասնելու այդ հաջողությանը, և նվազագույնը մենք կարողանալու ենք վերահաստատել Արցախի սահմանը։ Բայց միևնույն ժամանակ մենք պատրանքների չպետք է տրվենք և հստակ հասկանանք, որ, այո՛, Ադրբեջանն ամենայն հավանականությամբ դիմելու է երրորդ ագրեսիայի, ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում, սա արդեն այլ խնդիր է։

Օրինակ, եթե ներքաղաքական անկայունությունը հասնի այնպիսի կրիտիկական շեմի, և մենք թուլանալու պարագայում դառնանք խոցելի, մյուս կողմից, եթե աշխարհաքաղաքական հանգամանքներով պայմանավորված` կրկին հայտնվենք խոցելի իրավիճակում։ Ադրբեջանը պատրաստվում է ագրեսիայի, այս դադարի, հարաբերական ու խաբուսիկ դադարի ժամանակահատվածում զբաղվում է իր մարտունակությունը վերականգնելով ու ագրեսիայի նախապատրաստվելով, նման զարգացումների պետք է պատրաստ լինել։

Բնավ պատահական չեմ համարում նաև այդ ագրեսիայի նախապատրաստական ֆոնին ինչ-որ ադրբեջանամոլության պրովոկացիաները։ Պետք է պատրաստ լինել երրորդ անգամ ադրբեջանական նկրտումները ոտնատակ տալու և գոնե առաջինը՝ Արցախյան ազատամարտի ձեռքբերումները վերջնականապես ամրագրելու»,- շեշտեց ռազմական փորձագետը:

Դիտարկմանը, որ Զանգակատան ուղղությամբ թշնամին դիրքերն առաջ է տալիս այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին Դուշանբեում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք էր բերվել օպերատիվ կապ, որի մասին հայտարարել էր Ն. Փաշինյանը, Դավիթ Ջամալյանը նկատեց.

«Հույս ունեմ, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը կունենա այնքան խոհեմություն, որ անկեղծորեն չի վստահի ադրբեջանական կողմի հետ ձեռքբերված այդ պայմանավորվածությանը և Ադրբեջանի հետ հարաբերվելուց հաշվի կառնի տարիների փորձը։ Սա նշանակում է, որ ամեն վայրկյան պետք է պատրաստ լինել ադրբեջանական կողմի հնարավոր բոլոր սադրանքներին` լինի Նախիջևանի թե մեկ այլ ուղղությամբ»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը։

Տեսանյութեր

Լրահոս