«Հայաստանը ՀԱՊԿ-ի ներսում թուլացրել է հենակետը». Լուկիանով
«Մինչ միջազգային կազմակերպություններում տարատեսակ հարցեր բարձրացնելը, ՀՀ նոր իշխանությունները պետք է արտաքին քաղաքական հստակ ծրագիր ունենան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Աստանայում այսօր մեկնարկող ՀԱՊԿ խորհրդի նիստին:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Աստանա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այցի ընթացքում նախատեսվում է Հայաստանի կառավարության ղեկավարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ղազախստանի մայրաքաղաք են մեկնել նաև Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Ինչպես հայտնի է, օրակարգի գլխավոր թեմաներից մեկը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել էր, որ ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ՝ դիտարկվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի երեք թեկնածություն։ Գագաթաժողովի ընթացքում կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները պետք է նրանցից մեկին ընտրեն՝ արդեն նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի թափուր պաշտոնը լրացնելու համար։ Նրա խոսքերով՝ Հայաստանը պնդում է, որ նոր քարտուղարը պետք է ներկայացվի Հայաստանի կողմից, քանի որ նա փոխարինելու է նույն Հայաստանի կողմից ներկայացված Խաչատուրովին։
Մյուս թեկնածուն կարող է լինել Բելառուսի ներկայացրած անձը, քանի որ ռոտացիայի պայմանի հաշվառմամբ՝ Հայաստանից հետո հաջորդ քարտուղարին պետք է ներկայացներ Բելառուսը։
Երրորդ տարբերակը ներկայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար հանդիսացող Վալերի Սեմերիկովն է, որը կարող է քարտուղարի գործառույթները կատարել մինչև «Հայաստանի ժամկետի» ավարտը։ Ինչ որոշում կընդունեն երկրների ղեկավարները, Ուշակովը հրաժարվել է մեկնաբանել, սակայն տեղեկացրել է, որ այդ որոշումն ընդունվելու է փակ քննարկման արդյունքում։
Ֆյոդոր Լուկիանովի դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ին բարդ աշխատանք է սպասվում, ինչպես միշտ՝ բարդ ընտրություն է լինելու ՀԱՊԿ անդամ երկրների միջև, քանի որ երևում է՝ կան երկրներ, որոնք պատրաստվում են պնդել իրենց դիրքորոշումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ: Դրանցից մեկը, ըստ նրա՝ Հայաստանն է, որը բարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանը պետք է պահպանի այդ պաշտոնը:
«Բոլոր մյուս երկրները հակված են պաշտոնը փոխանցել Բելառուսին: Կարծում եմ՝ թեժ քննարկումներ են սպասվում, քանի որ ՀՀ իշխանությունները, որոնք հայտարարել են, որ պաշտոնը պետք է պահպանեն, պետք է իրենց դեմքը պահելու համար պնդեն իրենց դիրքորոշումը: Բայց կարծում եմ, որ հայկական կողմի օգտին հանդես եկող հանգամանքները չափազանց քիչ են, քանի որ Հայաստանը սխալ որոշում կայացրեց` դրանով իսկ ՀԱՊԿ-ի ներսում թուլացնելով իր հենակետը: Բայց Հայաստանը փորձելու է նաև ՀԱՊԿ-ում խնդիրներ վեր հանել, որոնք վերաբերում են ՀԱՊԿ-ի դերակատարությանն անդամ երկրների համար, միասնական դիրքորոշումներին, և այլն:
Սակայն, կարծում եմ, նման հարցեր բարձրացնելու համար հարմար ժամանակ չէ, քանի որ ՀԱՊԿ անդամ երկրները գլխավոր քարտուղարի հետ կատարվածից ստացան որոշակի բացասական ազդակներ, տպավորություն, թեև չեմ բացառում, որ դա տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների փորձառության բացակայության արդյունքում: Սակայն, ըստ իս, ստեղծված իրավիճակը ժամանակավոր է, վաղուց են հասունացել կոնկրետ և լուրջ քննարկումներ՝ ՀԱՊԿ-ի ներսում վերացնելու համար առկա տարաձայնությունները մի շարք կարևոր հարցերի շուրջ: Ժամանակի ընթացքում այդ խնդիրները պետք է լուծվեն»,- ասաց նա:
Նրա խոսքով, մինչ միջազգային կազմակերպություններում տարատեսակ հարցեր բարձրացնելը, ՀՀ նոր իշխանությունները պետք է արտաքին քաղաքական հստակ ծրագիր ունենան, առաջնահերթություններ ու ուղղություններ:
«Ներկայումս հասկանալի չէ, թե ինչ առաջնահերթություններով է շարժվում ՀՀ կառավարությունը, գուցե դա տեսանելի դառնա սպասվող ընտրություններից հետո»,- ասաց նա: