«ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններին զուգահեռ՝ նոր օրակարգեր են ի հայտ գալիս ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում». վերլուծաբան

«Այս պահին համանախագահների հայտարարությունը բացահայտում է, որ կա նոր իրավիճակ, որը բխում է Դուշանբեի համաձայնությունից, և նախորդ իշխանությունների օրոք տեղի ունեցած կարգավորման տարբեր փուլեր` հաջողված կամ անհաջող, այլևս անցյալում են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց անգլիացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հակամարտ գոտու տարածաշրջան կատարած այցին:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարություն էին տարածել տարածաշրջան՝ Երևան, Ստեփանակերտ և Բաքու, այցի կապակցությամբ: Այցի հիմնական նպատակն էր՝ քննարկել սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցի արդյունքները, նախանշել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված հետագա քայլերը և գնահատել առկա իրավիճակը: Համանախագահները հիշեցրել են, որ տարածաշրջանային այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, խորհրդակցություններ անցկացրել երկու երկրների Արտաքին գործերի և Պաշտպանության  նախարարների հետ, հանդիպում ունեցել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, հետևել առաջնագծում հրադադարի պահպանման ռեժիմին՝ դիտորդական առաքելության շրջանակում:

«Երկու երկրների ղեկավարները հաստատել են, որ առաջնագծում լարվածության մակարդակը զգալիորեն նվազել է, քանի որ Դուշանբեում վերահաստատել են լարվածությունը թուլացնելու իրենց հանձնառությունը: Խորհրդակցությունների ընթացքում համանախագահները լրացուցիչ տեղեկատվություն են ստացել Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ ուղիղ կապի հաստատման վերաբերյալ: Համանախագահները ողջունել են տեղի ունեցող զարգացումները, բարձր գնահատել կառուցողական միջոցառումներ իրականացնելու՝ կողմերի բարեխիղճ քայլերը, և աջակցություն հայտնել առաջնորդներին՝ երկխոսությունը շարունակելու ուղղությամբ»,- նշել էին համանախագահները:

Համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ինտենսիվ բանակցությունների համար ընդգծել են փոխվստահության մթնոլորտի պահպանման կարևորությունը: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպել մինչև տարեվերջ:

Նեյլ Մաքֆարլեյնի խոսքով՝ ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններին զուգահեռ՝ նոր օրակարգեր են ի հայտ գալիս ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Դրանցից  մեկը, ըստ նրա, ռուսականն է, երկրորդը` ամերիկյանը:

«ՀՀ նոր իշխանությունների հետ բոլոր կենտրոնները կարծես ցանկանում են իրենց հարմար օրակարգով աշխատել: Ռուսաստանը ցանկանում է հրադադարի ռեժիմի պահպանում՝ իր միջնորդությամբ համաձայնությունների և իր դերակատարության շեշտման միջոցով, առանձնապես մեծ ջանքեր չգործադրելով հակամարտության կայուն և վերջնական կարգավորման համար: Մյուս կողմում ամերիկյան նախաձեռնությունն է, որի նպատակն է  հակամարտության կարգավորումը՝ կրկին տարածաշրջանում իր ազդեցության հաստատման և ավելի ամուր ներկայության համար:

Այս պահին համանախագահների հայտարարությունը բացահայտում է, որ կա նոր իրավիճակ, որը բխում է Դուշանբեի համաձայնությունից, և նախորդ իշխանությունների օրոք տեղի ունեցած կարգավորման տարբեր փուլեր` հաջողված կամ անհաջող, այլևս անցյալում են, և բոլորը` թե՛ կողմերը, թե՛ համանախագահ երկրները, ներկայումս այլ ծրագրեր ու ակնկալիքներ ունեն, որը պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ: Բայց վստահաբար իրենց ծրագրերն ունեն ՀՀ իշխանությունները, և առաջիկայում, չեմ կարծում, թե կլինեն առաջընթացներ կարգավորման գործընթացում: Առաջընթացն Արևմուտքի պատկերացմամբ՝ Մադրիդյան սկզբունքներն են, որոնք անընդունելի են հայ հասարակության համար»:

Ըստ նրա՝ ներկայումս առաջ է մղվում Արցախին բանակցային սեղանի աշխատանքային մասնակից դարձնելու հարցը, որն իր հերթին՝ անընդունելի է Ադրբեջանի համար, և օրերս Ռուսաստանն արտահայտվեց այդ թեմայով: «Ամփոփելով՝ նշեմ, որ Դուշանբեի համաձայնությունը շատերին հույս է ներշնչել, որ իրավիճակը ՀՀ-ում տեղի ունենալիք փոփոխություններից հետո գուցե փոխվի դեպի լավը, և հակամարտությունը կարգավորվի, բայց հասարակություններում տիրող արմատական տրամադրությունները ԼՂ հակամարտության կարգավորման տարրերի վերաբերյալ չեն փոխվել, իսկ առանց այդ փոփոխության ես չեմ կանխատեսում: Ինչպես տեսնում եք, իրերի և շահերի դրությունն այնքան հակասություններ է պարունակում, այնքան շատ են տարաձայնությունները, որ դժվար է խոսել հակամարտության կարգավորման մասին: Նախադրյալները կարգավորման արհեստական են թվում, քանի չնայած Դուշանբեին, թե համանախագահների, թե կողմերի օրակարգերը տարբեր են: Իսկ համանախագահների խնդիրն է՝ աջակցել կարգավորման գործընթացին, սակայն ռուս-ամերիկյան դիմակայությունը որքան էլ որ շրջանցում է Ղարաբաղյան հակամարտությունը,  Բոլթոնի երևանյան հայտարարությունները զենքի վաճառքի և կարգավորման հեռանկարների մասին ցույց տվեցին, որ կա մրցակցություն  նաև ԼՂ հակամարտության կարգավորման գոտում»,- նման տեսակետ հայտնեց Նեյլ Մաքֆարլեյնը:

Ըստ նրա՝ հետագա զարգացումները կախված են այն հարցից, թե ինչպես, ինչ դիվանագիտական հմտությամբ ՀՀ նոր իշխանությունները կկարողանան դիմակայել արտաքին միջնորդների ճնշումներին Ղարաբաղյան հակամարտության ապագայի վերաբերյալ` միևնույն ժամանակ կարողանալով առաջ մղել հայկական շահը:

«Գուցե, ինչպես Բոլթոնն էր նշում, այս հարցում Հայաստանին օգնի առաջիկա ընտրությունների ընթացքում ստացած աջակցությունը: Բայց դեռ վաղ է այդ մասին խոսելը, քանի որ իրավիճակը զարգանում է դեռ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս