Կառավարությունը փոխվեց, բայց գիտության և գիտնականի նկատմամբ համակարգային անտարբերությունը մնաց
Մի շարք երկրներում մոլեգնել է խոզերի աֆրիկյան ժանտախտը։ Ռուսաստանից հետո այն հասել է Չինաստան: Խոզերի աֆրիկյան ժանտախտը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը թողնում է զգալի տնտեսական հետևանքներ՝ ազդելով երկրում խոզերի պոպուլյացիայի վրա: 2007 թվականին Վրաստանում հիվանդության հայտնվելու պահից ի վեր խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսը տարածվեց ամբողջ տարածաշրջանում:
Գիտնականները զգուշացնում են՝ վտանգ այժմ էլ կա։ Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը, ով 2010 թվականից սկսել է հետազոտել խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսը, ասում է՝ իրենց խումբը ոչ թե պատվաստանյութ է փորձում ստանալ, այլ հակավիրուսային նյութեր, որոնք խոզին ներարկելուց հետո կճնշեն վիրուսը, ու խոզը կամ չի սատկի, կամ երկար ժամանակ կդիմադրի վիրուսին՝ մինչև սկսի աշխատել իմունային համակարգը: Ուստի ուսումնասիրում են բուսական ծագման նյութերը, որոնք ավելի էժան են, քան քիմիականները: Նրանք վերջերս պարզել են, որ կանաչ թեյի բաղադրիչներից մեկը վիրուսին ճնշում է շատ ավելի լավ, քան իրենց հայտնաբերած բոլոր մյուս նյութերը:
– Պարո՛ն Զաքարյան, Դուք հետազոտում եք խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսը: Ի՞նչ արդյունքներ եք գրանցել, այժմ կա՞ այդ վիրուսի տարածման վտանգ:
– Գիտական իմ խումբն արդեն 3 տարի զբաղվում է այս վիրուսի դեմ հակավիրուսային միացություններ ուսումնասիրելով: Այս պահին մենք ունենք մի քանի միացություններ, որոնք շատ խոստումնալից են լաբորատոր փորձարկումների մակարդակում: Մենք շարունակում ենք նորանոր միացություններ հայտնաբերել և փորձարկել, քանի որ վիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհով, և մշտական վտանգ կա, որ Հայաստանում և Արցախում նորից կլինեն համաճարակային դեպքեր: Պատվաստանյութի բացակայության պատճառով հակավիրուսային դեղամիջոցները դառնում են պայքարի միակ արդյունավետ միջոցը:
– Հայտնի է, որ ձեր խմբին հաջողվել է ստանալ բուսական ծագման ապիգենին և գենիստեին նյութեր: Փոքր-ինչ կմանրամասնե՞ք:
– Երկու միացություններն էլ պոլիֆենոլներ են, այսինքն՝ քիմիական կառուցվածքի մեջ ունեն ֆենոլային օղակներ: Այո, բուսական ծագման են, այսինքն՝ սինթեզվում են բույսերի կողմից և շատ կարևոր են բույսերի կենսագործունեության համար: Ապիգենինով շատ հարուստ է մաղադանոսը և երիցուկը, իսկ գենիստեինով՝ սոյան, բակլան ու մի շարք այլ բույսեր: Երկու միացություններն էլ շատ լավ ճնշում են վիրուսի բազմացումը բջիջներում, ընդ որում՝ ապիգենինն ավելի արդյունավետ է, սակայն գենիստեինի պարագայում մենք գիտենք նաև վիրուսային թիրախը, ինչի հետ գենիստեինը փոխազդում է: Դա վիրուսային ֆերմենտ է:
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մեր մյուս գործընկերները մեզ համար համակարգչային մեթոդներով մոդելավորել են այդ ֆերմենտի կառուցվածքը: Ֆերմենտի համակարգչային մոդել ունենալը մեզ հնարավորություն է տալիս փորձարկել միլիոնավոր միացությունների վիրտուալ փոխազդեցությունը ֆերմենտի հետ և դրանից հետո լավագույն թեկնածուներին փորձարկել լաբորատոր պայմաններում: Սա դեղերի հայտնաբերման ամենաժամանակակից մոտեցումն է: Նախ՝ համակարգչային փորձարկում, հետո՝ լաբորատոր, վերջում՝ կենդանիների վրա: Եվ մենք այդ ամենը հիմա անում ենք ամենաբարձր մակարդակով, որի վկայությունը մեր արդյունքներն են և հոդվածները, որոնք տպագրվել են մեր ոլորտի լավագույն ամսագրերում, օրինակ՝ Antiviral Research-ում:
– Ձեր Ֆեյսբուքի էջում գրել էիք, որ Չինաստանը սկսել է համագործակցել իսպանացի գիտնականների հետ հիվանդության դեմ պայքարի հարցերում: «Ափսոս, որ այդպես էլ չկարողացանք մեր կառավարությանը հասկացնել, որ նույն համագործակցության առաջարկը կարող էր Հայաստանն անել»,- նշված էր գրառման մեջ: Ո՞ւմ հետ և ե՞րբ եք հանդիպել, ու ի՞նչ են պատասխանել:
– Հեռախոսազրույց եմ ունեցել Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի հետ: Փորձել եմ բացատրել, թե ի՞նչ կարող ենք անել, և ինչպե՞ս օգնել չինացիներին: Բայց, հավանաբար, համոզիչ չէին իմ խոսքերը:
– Անդրադառնանք նաև կանաչ թեյին: Ճի՞շտ է, որ բաղադրիչներից մեկը վիրուսին ճնշում է շատ ավելի լավ, քան ձեր հայտնաբերած բոլոր մյուս նյութերը:
– Հենց հիմա հետազոտում ենք մի քանի միացություններ, որոնցից մեկը կանաչ թեյի բաղադրության մեջ մտնող միացությունն է: Շատ խոստումնալից է: Ընդհանրապես մենք կենտրոնացել ենք բուսական ծագման միացությունների վրա, որովհետև նրանք պակաս թունավոր են և էժան, ինչը կարևոր գործոն է, եթե ուզում ենք ստանալ դեղ, որը նախատեսված է կենդանիների համար:
– Այսօր ի՞նչ խնդիրներ ունի հայ գիտնականը, որո՞նք են այն դժվարությունները, որոնց նա հանդիպում է ու հաղթահարել չի կարողանում:
– Ես, 11 տարի է՝ զբաղվում եմ գիտությամբ. այդ տարիների ընթացում ամեն ինչ փոխվեց՝ և՛ նախագահներ, և՛ մի քանի վարչապետ, բազմաթիվ կառավարություններ, բայց մեր խնդիրները մնացել են նույնը: Գիտության և գիտնականի նկատմամբ համակարգային անտարբերություն, խոսքերի և իրական գործի 180 աստիճան տարբերություն: Եվ ամենացավալին այն է, որ մեր պաշտոնյաները երբեք չեն պատկերացրել՝ ինչո՞ւ է պետք մեր նման պետությանն ունենալ գիտություն: Դրա համար էլ գիտությանը վերաբերվել են՝ որպես ծանր բեռ, որ ժառանգել ենք խորհրդային ժամանակներից: Ոչ կարող ենք այդ բեռից ազատվել, ոչ էլ ցանկություն ունենք դա զարգացնել:
Ցանկանում ենք ինովացիոն տնտեսություն ունենալ, սակայն չենք հասկանում, որ ինովացիաները գալիս են լաբորատորիաներից՝ գիտնականներից: Եթե չկա գիտություն, չեն լինի նաև ինովացիաներ, որոնք հավելյալ բարձր արժեքով արտադրություն կտան: Իսկ գիտություն ունենալու համար իրականում պետք է երկու բան՝ պետական երկարաժամկետ ներդրումներ գիտության մեջ և օրենսդրական այնպիսի դաշտ, որում գիտությամբ զբաղվելը կլինի մաքսիմալ արդյունավետ: Մենք չունենք այդ երկու կետերից և ոչ մեկը, բայց խոսում ենք ինովացիոն տնտեսությունից: Զավեշտ է:
– Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը 2016թ.դեկտեմբերին հանդիպել էր գիտնականներին ու ասել. «Գաղափարը ձևակերպեք իքս կառույցին և վաճառեք, որպեսզի նա ձեզ հետ դառնա համահետազոտող և իր վրա վերցնի գիտնականների ծախսը՝ գիտակցելով, որ հինգ տարի հետո դառնալու է հաղթող: Ապրանք վաճառելու խնդիրն ապրանքի տիրոջ խնդիրն է, ոչ թե՝ գնորդի: Դուք պետք է բիզնեսի հետ սերտ աշխատեք, դուք պետք է ձեզ մոտ ունենաք կոմերսանտ մտածող գիտնական, որը կհասկանա ձեր ոլորտի կիրառական էֆեկտը և կփորձի դա վաճառել»: Ի՞նչ եք կարծում, գիտնականը պե՞տք է այս ամենով զբաղվի, թե՞ ոչ: Գիտնականն արդեն բիզնեսմեն չի՞ դառնա, ու չի՞ տուժի գործը: Եվ, որպես գիտնական՝ ո՞րն է Ձեր առաջարկը ներկայիս կառավարությանը:
– Ես ենթադրում եմ, որ պարոն Կարապետյանը նույնիսկ չէր պատկերացնում, թե ի՞նչ ճանապարհ է անցնում ինովացիոն պրոդուկտը լաբորատորիայից մինչև շուկա, ի՞նչ դեր է դրանում ունենում անհատ գիտնականը և պետությունը՝ մի կողմից, և գործարարը՝ մյուս: Նորմալ է, որ նման պաշտոնի մարդիկ դա չեն պատկերացնում, բայց նորմալ չէ, որ նման մարդիկ իրենց շրջապատում են խորհրդականներով և նախարարներով, ովքեր նույնպես տեղյակ չեն՝ ինչպե՞ս է աշխատում ինովացիոն տնտեսությունը, բայց ցանկանում են նման տնտեսություն ունենալ: Տեսեք, պետությունը, իրականում, այն իքս կառույցներից մեկն է, որը պետք է գիտնականներից գնի արդյունքներ:
Երբ պետությունն իր գիտնականների մեջ ներդրում չի անում, չի վստահում, անլուրջ է նման բան սպասել մասնավորից: Ավելին, պետությունը պետք է համապատասխան միջավայր ձևավորի, որում գիտական նախագծերի մեջ ներդրումներ անելը շահավետ լինի մասնավորի համար: Օրինակ, հարկային լուրջ արտոնություններ տալ, ինչպես արվում է շատ երկրներում:
Ներկա և ապագա կառավարությունները՝ վարչապետը և համապատասխան նախարարները, պետք է ստեղծեն գիտնականների հետ աշխատանքային քննարկումների իրական հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի եղած բոլոր խնդիրներին տալ արագ և արդյունավետ լուծումներ, մշակել գիտության և տեխնոլոգիաների զարգացման իրատեսական ռազմավարություն և հետևել դրան: Ընդհանրապես, գիտնականներին լսելը, գիտնականների հետ առավել հաճախ հանդիպելը, իրենց լաբորատորիաներ գնալը և սեփական աչքով խնդիրներին ու հաջողությունների ծանոթանալը վատ բան չէ, ավելին՝ օգտակար է:
– Ինչո՞ւ հայերը չեն կարողանում իրենց գյուտը շուկա հանել:
– Որովհետև չի գործում այն շղթան, որը գիտական արդյունքը լաբորատորիայից պետք է հասցնի շուկա: Այդ շղթայում կան մի քանի կարևոր օղակներ, որոնք երբեք իրենք իրենց չեն առաջանա, եթե պետությունը դրանցով չզբաղվի: Չի՛ կարելի խոսել ինովացիոն տնտեսություն ունենալու մասին, եթե չենք ստեղծում այդ շղթան, որի առաջին օղակը գիտնականն է և իր լաբորատորիան:
Անի Կարապետյան