Ինչու է դանդաղել արդյունաբերության աճը

Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության դանդաղումը վերջին շրջանում տնտեսական լրահոսի ամենաբուռն քննարկվող թեման է։

Հիշեցնենք, որ 2018 թ.ի հուլիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմեց տպավորիչ 11.1%, ինչից հետո ականատես եղանք նույնքան տպավորիչ դանդաղման։ Օգոստոսին՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, ՏԱՑ հավելաճը նվազեց մինչև 0.6%, իսկ սեպտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, հասավ 0.2%-ի։ Չնայած սրան՝ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի կտրվածքով տնտեսական ակտիվության աճը դեռ բավականին բարձր է՝ 6.5%, ինչը պայմանավորված է տարվա առաջին եռամսյակում և հունիս-հուլիս ամիսների բարձր տեմպերով։ Սակայն վերջին երկու ամիսների միտումները խոսում են այն մասին, որ տարվա վերջին եռամսյակում էական բարելավում չունենալու դեպքում տարին կփակենք ավելի ցածր աճի ցուցանիշով։

Հոկտեմբերի 20-ին հրապարակված օպերատիվ տվյալներից երևում էր, որ տնտեսական ակտիվության աճի դանդաղումը պայմանավորված էր հիմնականում գյուղատնտեսության անկումային ցուցանիշներով, ինչպես նաև՝ արդյունաբերության ոլորտի աճի դանդաղմամբ։ Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 1 տրլն 1 244.7 մլրդ դրամ, ինչը 4%-ով է գերազանցում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Իսկ ամսական կտրվածքով դանդաղումն ավելի ակնհայտ էր. 2018թ. սեպտեմբերին՝ 2017-ի սեպտեմբերի համեմատ, արդյունաբերության աճը նվազել է մինչև 0.9%, ծավալը՝ 145.9 մլրդ դրամ։

Շատերը դեռ օպերատիվ տվյալների հիման վրա ենթադրում էին, որ արդյունաբերության ոլորտի վատ ցուցանիշները պայմանավորված են հիմնականում հանքարդյունաբերության վիճակով։ Վիճակագրական կոմիտեի կողմից հոկտեմբերի 31-ին հրապարակվեց նաև մակրոտնտեսական ցուցանիշների մանրամասն բացվածքը, որը հաստատում է այդ ենթադրությունը։

Աղյուսակում տեսնում եք, որ արդյունաբերական արտադրանքի թույլ աճի գլխավոր մեղավորը հանքարդյունաբերությունն է, մասնավորապես՝ մետաղական հանքաքարի արդյունահանումը։

Այսպես, հունվար-սեպտեմբերի կտրվածքով՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի արտադրանքը կազմել է 225.4 մլրդ դրամ, ինչը 2017թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշից ցածր է 12.7%-ով։ Իսկ միայն սեպտեմբեր ամսվա կտրվածքով ոլորտի անկումն ավելի խորն է։ Այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի արտադրանքը նվազել է 29.1%-ով և կազմել 19 մլրդ դրամ։ Այդ թվում, մետաղական հանքաքարի արդյունահանման ծավալները (արժեքային առումով) նվազել են ավելի քան 30%-ով և կազմել 17.9 մլրդ դրամ։

Ինչ վերաբերում է բնեղեն ծավալներին (ըստ քաշի), տվյալները ներկայացված են աղյուսակի ստորին մասում։ Մեր արտահանման գլխավոր հոդվածի՝ պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները հունվար-սեպտեմբերին կրճատվել են 22%-ով և կազմել 246.9 հազար տոննա (ինչը մեծ մասամբ պայմանավորված է Թեղուտի հանքավայրի խնդիրներով)։

Ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը նվազել է 7.4%-ով և կազմել 22.5 հազար տոննա, իսկ ալյումինե գլանվածքի արտադրությունը նվազել է ավելի քան 3 անգամ՝ հասնելով 156 տոննայի։

Նվազել են նաև մոլիբդենի, ֆեռոմոլիբդենի և կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները։

Հիմնային մետաղների արտադրության և մետաղական հանքաքարի արդյունահանման գծով աճել են միայն ցինկի խտանյութի արդյունահանումը (21.2%-ով) և պողպատյա խողովակների արտադրությունը (2.1%-ով):

Նշենք նաև, որ բացի հանքարդյունաբերությունից՝ 0.4%-ով նվազել է նաև ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտի հասույթը, սակայն ծավալը չափազանց փոքր է (19.5 մլրդ դրամ), և արդյունաբերության ընդհանուր ցուցանիշի վրա սա մեծ ազդեցություն չի թողել։

Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտն աճել է 4.2%-ով, ծավալը հունվար-սեպտեմբերին՝ 189.7 մլրդ դրամ։ Այդ թվում, էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման ծավալներն աճել են 5.7%-ով, իսկ գազակերպ վառելիքի բաշխման ծավալները՝ նվազել 3.2%-ով։

Արդյունաբերական ոլորտի վիճակագրության միակ լուրջ լուսավոր կետը մշակող արդյունաբերությունն է։ Հունվար-սեպտեմբերի կտրվածքով մշակող արդյունաբերությունն աճել է 9.6%-ով, իսկ արտադրանքի ծավալը կազմել է 810 մլրդ դրամ։ Ամսական դինամիկան ավելի լավն է՝ 2018թ. սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալն աճել է 11.4%-ով և հասել 105.5 մլրդ դրամի։

Մշակող արդյունաբերության աճին ամենից շատ նպաստել են այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը (ծավալը հունվար-սեպտեմբերին՝ 44.5 մլրդ դրամ, աճը՝ 42.6%), ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը (ծավալը հունվար-սեպտեմբերին՝ 37.5 մլրդ դրամ, աճը՝ 32.1%), հագուստի արտադրությունը (ծավալը հունվար-սեպտեմբերին՝ 9.7 մլրդ դրամ, աճը՝ 82%), ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունը (ծավալը հունվար-սեպտեմբերին՝ 25.1 մլրդ դրամ, աճը՝ 14.6%)։

Մշակող արդյունաբերության ամենախոշոր խումբը՝ սննդամթերքի արտադրությունը, աճել է 6.8%-ով, ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է  230.1 մլրդ դրամ։

Հաջորդ խոշոր խումբը՝ ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, հունվար-սեպտեմբերին աճել է 7.6%-ով (ծավալը՝ 115.8 մլրդ դրամ)։ Նշենք, որ ծխախոտի արտադրության դինամիկան շատ ավելի ոգևորիչ է. այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 46.7% աճ։

Խմիչքների արտադրությունը հունվար-սեպտեմբերին աճել է 2.9%-ով և հասել 108.6 մլրդ դրամի, սակայն սեպտեմբերին՝ նախորդ սեպտեմբերի համեմատ, ունենք 0.7% անկում։

Տեսանյութեր

Լրահոս