««Լիդիան Արմենիա» ընկերության շուրջ բարձրացված աղմուկն անտեղի է»
Հանքարդյունաբերությունը վերջին շրջանում դարձել է լայն քննարկումների առարկա։ Արդյո՞ք Հայաստանը պետք է ունենա հանքարդյունաբերություն, թե՞ ոչ, կարո՞ղ ենք պատկերացնել տնտեսությունն առանց այդ ոլորտի։ Բնապահպանական թևը բավականին ակտիվ է, բայց ոլորտի մասնագետները կարծես լուռ են։ 168.am-ը մասնագետներից փորձել է ստանալ վերոնշյալ և մի շարք այլ հարցերի պատասխաններ։
Երկրաբանական գիտությունների թեկնածու Արկադի Մուխսի-Հովեյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղն է.
«Հայաստանի ընդերքը հարուստ է և՛ մետաղական, և՛ ոչ մետաղական օգտակար հանածոներով, և այնպես չէ, որ հանքարդյունաբերությունը խանգարում է տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը։ Հանքարդյունաբերության ներուժը ճիշտ գնահատելու և ճիշտ շահագործելու դեպքում կարող ենք զարգացնել և՛ հանքարդյունաբերությունը, և՛ զարկ տալ տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը, որոնք ուղիղ կապ ունեն հանքարդյունաբերության հետ»։
Հայաստանում, ըստ նրա՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ հնարավոր է մեղմել կամ ընդհանրապես չեզոքացնել բոլոր այն ռիսկերը, որոնք նախկինում կային հանքավայրերի շահագործման հետ կապված:
«Հայաստանում աստիճանաբար այդ պրոցեսը պետք է գնա։ Օրինակ՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը հսկայական ներդրումներ է կատարել ոլորտում, իրոք նոր չափանիշեր և նոր տեխնոլոգիաներ է բերել Հայաստան»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը ծանոթ է Ամուլսարի ծրագրին, գտնում է, որ իրոք կան ռիսկեր, բայց դրանք, ըստ նրա՝ կան բոլոր հանքավայրերի շահագործման մասով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում.
«Ամուլսարի դեպքում բոլոր այդ ռիսկերը ճիշտ են գնահատված, և դրանց դեմ կան պայքարի միջոցառումներ, որոնք չեզոքացնում են բոլոր ռիսկերը։ «Լիդիան Արմենիան» հստակ ներկայացնում է բոլոր ռիսկերը չեզոքացնելու ձևերը։ Բնապահպանների, ակտիվիստների մտահոգությունների մեծ մասը տեղին չէ, չափազանցված է, ներկայացված են ոչ մասնագիտական մեկնաբանություններ։ Մասնագետների կողմից ներկայացված բոլոր մտահոգություններին «Լիդիան Արմենիայի» կողմից սպառիչ պատասխաններ են տրվել, ներկայացվել են բոլոր այդ մտահոգությունների լուծման ճանապարհները»։
Երկրաֆիզիկոս Գուրգեն Մալխասյանը, ով հանքարդյունաբերության ոլորտում ավելի քան 40 տարվա ակտիվ աշխատանքի ու դասախոսական փորձ ունի, միշտ այն կարծիքին է եղել, որ Հայաստանի տարածքը դեռ սովետական ժամանակներից ամենալավ ուսումնասիրված տարածքն է եղել, և այստեղ նոր հանքավայրեր գտնելու հավանականությունը շատ փոքր է.
«Լավագույն դեպքում կարելի է գտնել փոքր և միջին հանքավայրեր։ Փոքրերի կյանքը 5-7 տարի է, միջին հանքավայրերի կյանքը՝ 15-25 տարի։ Դեռ 25 տարի առաջ մեր պետության տնտեսության զարգացման մոդելը պետք էր լրիվ փոխել, նոր զարգացման ուղիներ ուրվագծել, բայց դա չի արվել, և քանի որ արդեն բավականին երկար ժամանակ ենք բաց թողել, հիմա մոտակա 50 տարին հանքարդյունաբերությունն ամենաազդեցիկ ոլորտներից մեկը պետք է լինի, որը թույլ կտա զարգացնել ալտերնատիվ ուղղություններ, որոնց վրա որպես երկիր մեր հույսը կդնենք 30 տարի անց։ Այդ առումով ուղղակի մանկամտություն է, երբ որոշ տաքգլուխներ ասում են՝ հենց այսօր պետք է այս կամ այն հանքավայրի շահագործումը դադարեցնել»։
Գուրգեն Մալխասյանի կարծիքով՝ մոդեռնիզացման առանձին քայլեր տարբեր հանքավայրերում կան, բայց համալիր մոտեցում ունի միայն «Լիդիան Արմենիա» ընկերությունը.
«Ես չգիտեմ՝ այն կաշխատի՞, թե՞ ոչ, բայց այնտեղ կարելի է ուղղակի ուսանողներին տանել, դասընթաց անցկացնել, թե ինչպես ամենաարդիական, նոր մոտեցնումներով պետք է շահագործել նման հանքավայրերը։ Այդ առումով՝ Ամուլսարին հավասարը չկա»։
Մեր երկու զրուցակիցներն էլ այն կարծիքին են, որ «Լիդիան Արմենիա» ընկերության շուրջ բարձրացված աղմուկն անտեղի է։ Գուրգեն Մալխասյանի խոսքով՝ կոնկրետ թեմաների մասին պետք է կոնկրետ մասնագետները խոսեն.
«Օրինակ՝ շատ է քննարկվում թթվային դրենաժի խնդիրը։ Ես երկար տարվա փորձ ունեցող մասնագետ եմ, բայց ես երկրաֆիզիկոս եմ, թթվային դրենաժի հետ ոչ մի կապ չունեմ, տեսականորեն գիտեմ՝ դա ինչպես է առաջանում, և գուցե շատ բնապահպաններից ավելի լավ գիտեմ, բայց այստեղ գործ ունենք կոնկրետ ինժեներային գիտական հաշվարկների հետ։ Այսինքն, որպեսզի թթվային դրենաժի ռիսկը գնահատվի, պետք են շատ կոնկրետ թվեր միներալային կազմի, ապարների ճեղքայնության մասին, պետք են հստակ տվյալներ տեկտոնիկայի մասին, և այլն, այսինքն՝ այնտեղ պետք են և՛ լեռնային ինժեների, և՛ քիմիկոսի, և՛ երկրաբանի գիտելիքներ։ Թող մասնագետները խոսեն, համոզիչ տվյալներ ներկայացնեն, որ, ենթադրենք, Ամուլսարի ներկայացրած տվյալները սխալ են կամ ճիշտ են, բայց խոսողները բոլորովին չեն տիրապետում առարկային»։
Արկադի Մուխսի-Հովեյանի կարծիքով՝ Ամուլսարի դեպքում փորձ է կատարվում տպավորություն ստեղծել, թե չի կարող առողջարանային քաղաքին մոտ գտնվել ինչ-որ հանքավայր, սակայն, ըստ նրա՝ աշխարհում շատ օրինակներ կարելի է գտնել, որ նույնիսկ ավելի փոքր տարածության վրա գործում են և՛ հանքարդյունաբերությունը, և՛ տուրիզմն է զարգանում, և՛ գյուղատնտեսությունը.
«Տվյալ պարագայում կատարվել են հսկայական ծավալի ուսումնասիրություններ, և հիմք չունեմ կասկածելու կատարված աշխատանքների հավաստիությանը։ Բոլոր այն ռիսկերը, որոնք թե՛ հանքավայրի շահագործման ընթացքում, թե՛ դրանից հետո կարող են առաջանալ, բոլոր այդ ռիսկերի լուծումները կան»։
Ինչո՞ւ են մասնագետները լռում հանքարդյունաբերության ոլորտի մասին։ Մուխսի-Հովեյանի խոսքով՝ պատճառը գուցե այն է, որ ներկայացվող մտահոգություններին մասնագետները լուրջ չեն վերաբերվում, այնինչ, ըստ նրա՝ հարկավոր է ներկայացնել իրականությունը, որպեսզի երկու կողմի ձայնն էլ լսելի լինի:
«Հիմա միայն միակողմանի տեղեկատվություն է տարածվում, և մարդիկ միայն տեսնում են հանքարդյունաբերության հետ կապված վտանգը։ Ինձ թվում է՝ արդեն ժամանակն է, որ հանքարդյունաբերությանը կողմ մասնագետները ևս ներկայացնեն դրա դրական կողմերը»,- ասաց մասնագետը։
Գուրգեն Մալխասյանն էլ նշեց, որ հանքարդյունաբերության վտանգների մասին խոսում են բոլորը, բացի մասնագետներից.
«Կամ վարչապետի հետ պետք է համաձայնել, երբ իր ելույթում ասաց, որ Հայաստանում նման մասնագետներ չկան, և հարցը դուրս բերենք, դրսի մասնագետների օգնությամբ լուծենք այդ հարցը, կամ ինչ-ինչ պատճառներով լռում են»։
Սարգիս Պետրոսյան