«Չես ջոկո՞ւմ ինչի համար է, որ առաջացնենք դեմոկրատական բան էլի․․․Իլյուզիա…». ո՞վ է սենսացիոն տեսանյութի հերոսը
Արդեն մի քանի օր է՝ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ, ամենայն հավանականությամբ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն է, ով գործող իշխանության թիմից է, «Իմ քայլը» շարժման ակտիվ մասնակից: Նրա հետ ևս մեկ մարդ կա տեսանյությում։ Քայլում են Երևանի կենտրոնով և խոսում թավշյա հեղափոխության մասին․ հնարավոր է՝ շարժման առաջին օրերն են։
Մարդը, ով առաջին հայացքից նման է Հովիկ Աղազարյանին, շարժումը մեկնաբանում է որպես ցուցադրություն։ Երբ մյուսը հարցնում է, թե ինչի՞ համար է այս խաղը՝ պատասխանում է․«Չես ջոկո՞ւմ ինչի համար է, որ առաջացնենք դեմոկրատական բան էլի․․․ իլյուզիա․․․ դեմոկրատական երկիր ա էլի»։
Հովիկ Աղազարյանին հիշեցնող մարդը նաև նշում է, որ իրենք հաստատում են «Սերժի օրինական իշխանությունը»։
Ներկայացնում ենք հատված երկխոսությունից.
-Փաստացի էսօր ձեր ծրագրերի մեջ Սերժին հեռացնելու ծրագիր չկա:
Աղազարյանի պատասխանը-Մենք հաստատում ենք Սերժի օրինական իշխանությունը:
-Բա էս ամեն ինչը ինչի՞ համար ա:
-Չես ջոգո՞ւմ, իլուզիա ա ստեղծվում, որ դեմոկրատական երկիր ա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Վերոնշյալի մասին Հովիկ Աղազարյանի կարծիքը լսելու համար ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց նրա հետ։ Հարցին, թե ինչպես կմեկնաբանի տարածված տեսանյութը, Աղազարյանը պատասխանեց․ «Մեկնաբանություն ես կտամ անպայման, բայց՝ մամլո ասուլիսի ժամանակ։ Հուլիսի 3-ին կլինի հանդիպում լրագրողների հետ, որտեղ կտամ պարզաբանումներ»։
Զրույցի ընթացքում Հովիկ Աղազարյանը ոչ մի կերպ չպատասխանեց այն հարցին, թե տեսանյութում ի՞նքն էր թե՞ ոչ՝ առաջարկելով պատասխաններ ստանալու համար ներկա գտնվել ասուլիսին։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը նախկինում ՀՅԴ անդամ էր, այժմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է։