Բաժիններ՝

Նոր դպրոցի հենասյուները

Դպրոցների ապագան մշուշոտ է։ Հատկապես բարձր դասարաններում սովորող աշակերտների մեծ մասը դժկամությամբ են դպրոց գնում։ Ծնողները դժվարությամբ են կողմնորոշվում, թե որ դպրոց ուղարկեն իրենց երեխաներին։ Տնօրեններին, ուսուցիչներին մտահոգում է աշակերտների զգալի մասի անտարբեր վերաբերմունքն ուսման նկատմամբ։

Ներկայումս ամբողջ աշխարհում քննարկվում է դպրոցների ապագայի հարցը։ Եվ այդ քննարկումներում գերակշռում է այն տեսակետը, որ դպրոցներում արմատական փոփոխություններ են պետք։ Դպրոցի ներկա մոդելը հիմնվում է այն մոտեցման վրա, որ միակ տեղը, որտեղ աշակերտները կարող են նոր բան սովորել, դպրոցն է։ Հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ կա ինտերնետ, հեռուստատեսություն, գրադարան, հեռախոսի և սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող ինտենսիվ շփում երեխաների միջև։

Գիտնականները հաշվարկել են, որ աշակերտները դպրոցում անցկացնում են ժամանակի 15-20%-ը։ Ուրեմն դպրոցը հաջողությամբ բարեփոխելու համար պետք է հասկանանք, թե ինչպես է անցնում երեխայի կյանքը դպրոցից դուրս։ Այս իրողությունը միշտ անտեսվել է։ Մեզ թվում է, որ 20-րդ և 21-րդ դարի երեխաները դպրոց են գալիս նույն իրականությունից։ Բայց այդպես չէ։ Ի տարբերություն 20-րդ դարի երեխաների, այսօրվա երեխաները շատ զբաղված են։

Նրանք հսկայական ժամանակ են ծախսում համակարգչային խաղերի, սոցիալական ցանցերի, հեռուստատեսության վրա։ Youtube-ով դիտում են տարբեր տեսանյութեր, սոցիալական ցանցերի միջոցով տեղեկանում են լրահոսին, տարբեր ծրագրերի միջոցով հաղորդակցվում են հեռախոսով։

Կարդացեք նաև

Եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ, նախորդ սերնդի երեխաների նման, այսօրվա երեխաներն էլ են հաճախում տարբեր խմբակների, գյուղատնտեսական աշխատանքներ կատարում, երբեմն խաղում բակում, շփվում ընկերների, հարազատների հետ, ապա պարզ կդառնա, թե որքան բազմազան է այսօրվա երեխայի ապրելակերպը, և որքան շատ են երեխաների վրա ազդող աղբյուրները, և որքան քիչ ժամանակ է մնում դպրոցի ու դասերի համար։

Փաստացի պետք է արձանագրենք, որ այսօր դպրոցական կրթությունն ունի մրցակիցներ, որոնք օգտագործում են երեխաներին գրավելու ավելի արդյունավետ գործիքներ, քան դպրոցը։ Նման իրավիճակում անիմաստ է իներցիայով շարունակել դպրոցական կրթության հին մոդելը։

Այն բարեփոխումները, որոնք իրականացվում են Հայաստանի հանրակրթության ոլորտում, կոսմետիկ են և չեն կարող փոխել հին մոդելը։ Ամենևին կարևոր չէ՝ Հայաստանում կլինի 11-ամյա՞, թե՞ 12-ամյա հանրակրթություն, կօգտագործվի գնահատման 5 միավորանո՞ց, թե՞ 10 միավորանոց համակարգ, դասագրքում կլինի 30 դա՞ս, թե՞ 35 դաս, 10 առարկա՞ կսովորեն, թե՞ 15։ Գլխավոր խնդիրն այն է, որ ուսուցման կազմակերպման ձևերը համարժեք չեն այսօրվա աշխարհին և երեխաների ապրելակերպին։

Ներկայացնեմ նոր դպրոց կառուցելու երեք կարևոր հենասյուն։

Դանիայի կրթության օրենքում այսպիսի ձևակերպում կա. «Դպրոցի նպատակը երեխային գործել սովորեցնելն է»։ Այս միտքը շատ կարևոր է և պետք է դրվի նոր դպրոցի հիմքում։ Խնդիրն այն է, որ պարզապես տեսական կրթությունը, որտեղ երեխաներն ընդամենը վերարտադրում են դասագրքի հեղինակի և ուսուցչի մտքերը, ձանձրալի է։ Այսօրվա երեխաները սիրում են գործել։

Մի առիթով գրել եմ, որ երիտասարդությունը գնաց Նիկոլ Փաշինյանի հետևից, որովհետև նա իր կարճ ելույթներից հետո մարդկանց առաջարկեց գործողություններ անել։

Ի դեպ, նույն տրամաբանությամբ կառուցված են համակարգչային խաղերն ու ծրագրերը։ Դրանք երեխաներին դուր են գալիս, քանի որ մղում են գործողությունների։ Համակարգչային խաղի ժամանակ երեխան հիմնական գործող անձն է։ Իսկ դպրոցում երեխաների մեծ մասը չի զգում դասավանդվող նյութի և իր առնչությունը։ Արդյունքում՝ երեխաներն օտարվում են դասապրոցեսից։

Ուրեմն, առաջին փոփոխությունը պետք է լինի տեսականի և գործնականի կապակցումը։ Հենց այդպիսին պիտի լինի կրթության նոր բովանդակությունը։

Նոր դպրոցի մյուս հենասյունը պետք է լինեն ուսուցիչները։ Ավանդական դպրոցում ուսուցիչը գիտելիք փոխանցող է, բացատրող, ստուգող և վերահսկող։ Նախկինում այս ամենը կարևոր էր։ Գիտելիքի դեֆիցիտ կար, և ուսուցիչը պետք է փոխանցեր ու բացատրեր։ Այդ գործառույթն իրականացնելու համար ուսուցչին պետք էր դասարանում ապահովել լռություն և վերահսկողություն։

Այսօր գիտելիքն ամենուր է։ Կան գիտելիք ստանալու բազմաթիվ աղբյուրներ ու հնարավորություններ։ Հետևաբար՝ դպրոցը գիտելիք փոխանցելու աղբյուրներից ընդամենը մեկն է։ Եվ որպեսզի աշակերտները ցանկանան դպրոցից գիտելիք ստանալ, ապա ուսուցիչը պետք է լինի հետաքրքիր մարդ, ունենա երեխայից սովորելու, երեխային լսելու, հասկանալու հմտություններ։

Այս խնդրի լուծումը շատ դժվար է, որովհետև հետաքրքիր լինելու համար ուսուցիչները պետք է շատ գրքեր կարդան, բազմազան հետաքրքրություններ ունենան, մուլտֆիլմեր ու մանկական ֆիլմեր դիտեն, ունենան մարդկային որակներ։ Իսկ այդ ամենը ժամանակ ու ռեսուրսներ են պահանջում։ 50-60 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչը ստիպված է կրկնուսույց աշխատել, գյուղատնտեսությամբ կամ այլ աշխատանքով զբաղվել։ Բայց կան ուսուցիչներ, ովքեր կարող են բավարարել այս պահանջը։

Պետք է բացահայտել նրանց և խրախուսել, որպեսզի մյուսներն էլ փորձեն նրանց հետևից գնալ։ Ուսուցչի նոր մոդելը պետք է լինի նաև մանկավարժական կրթության հիմքում։

Պետք է փոխվի նաև կրթության կառավարիչների աշխատաոճը։ Կաբինետում հանդիպումներ անցկացնող, ռազմավարություններ ու ծրագրեր գրող, շրջաբերականներ իջեցնող պաշտոնյաներին պետք է փոխարինեն ուսումնական հաստատություններ այցելող, երեխաների ու մանկավարժների հետ զրուցող, նրանց ոգևորող, օրինակ ցույց տվող կառավարիչները։

Եթե նախարարությունը և մնացած կառույցները չլինեն փոփոխությունների օրինակը, դպրոցներում ոչինչ չի փոխվի։ Իսկ դպրոցները պետք է փոխվեն, եթե ուզում են մնալ՝ որպես սոցիալական ինստիտուտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս