Ղարաբաղյան հիմնախնդիրն ու Հայաստանի նոր իշխանությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Լեռնային Ղարաբաղ: Փորձագետները մեկնաբանում են Հայաստանի նոր իշխանությունների մոտեցումները խաղաղ բանակցային գործընթացում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Մայիսի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղայցի ժամանակ ՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետագա ընթացքի վերաբերյալ կարեւոր հայտարարություններով հանդես եկավ:

Վարչապետն ընդգծեց, որ պատրաստ է Հայաստանի անունից շարունակել բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, իսկ Ղարաբաղի ժողովրդի անունից, ըստ վարչապետի, Ադրբեջանի հետ պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղը: Փաշինյանը գտնում է, որ փոխզիջումների մասին հնարավոր է խոսել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը հայտարարի, որ պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հակառակ դեպքում վարչապետն անիմաստ է համարում փոխզիջումների մասին բանակցելը:

Քաղաքագետ Էմիլ Սանամյանը վստահ է, որ ղարաբաղյան հակամարտության գործընթացում փոփոխություններն անխուսափելի են՝ հաշվի առնելով Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումը:

«Անհրաժեշտ է բացել դիվանագիտական կարգավորման նոր էջ: Հայաստանը պետք է հստակեցնի, թե ինչ խնդիր է ցանկանում լուծել բանակցությունների միջոցով»,- նշում է Սանամյանը:

Նախկինում, ըստ քաղաքագետի, հակամարտող երկու կողմերի իշխանությունները հակամարտությունը օգտագործում էին սեփական նեղ օրակարգն առաջ տանելու համար:

«Երկու առաջնորդներն էլ օգտագործում էին բանակցային գործընթացը միջազգային ասպարեզում իրենց դիրքերն ամրապնդելու ու երկրի ներսում իշխանությունը պահպանելու համար: Փաշինյանն ի տարբերություն նրանց դրա կարիքը չունի»,- նշում է Սանամյանը

Իշխանությունների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի չարաշահման կարծիքի հետ համամիտ է վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը:

«Բաքվի և Երևանի քաղաքական ղեկավարությունները նույն ազգայնական մոտեցումներն էին որդեգրում հանրության համար, որը խափանում է դիվանագիտական որևէ լուրջ գործընթաց»,- նշում է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը:

Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով վերջին զարգացումները Հայաստանում և Ադրբեջանում այդպես էլ չեն վերացրել պատերազմի վերսկսման սպառնալիքը:

«Հարցը կայանում է նրանում, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ու Ադրբեջանում քաղաքական փոփոխությունների բացակայությունը չեն վերացրել Հարավային Կովկասում ապակայունացման վտանգը»,- նշում է Կազլյարիչը:

Իր հերթին Էմիլ Սանամյանը չափազանց կարևորում է Հայաստանի նոր իշխանությունների կողմից բանակցային գործընթացում նպատակների հստակ ձևակերպումը:

«Այսօր Հայաստանում նոր իշխանություններ են: Անհրաժեշտ է վերանայել գործընթացը՝ եզրակացնելու համար, թե արդյոք մենք փորձում ենք կանխել պատերազմը, կարգավորել հակամարտությունը, թե հետապնդում ենք երկու նպատակներ միասին»,- նշում է Սանամյանը:

Նրա կարծիքով նախկին բանակցային գործընթացն այլևս չի կարող շարունակվել, քանի որ այն չի բխում Հայաստանի նոր իշխանությունների շահերից:

«Նախկինում բանակցային գործընթացը փակ էր ու ոչ թափանցիկ: Այն չի կարող գոյություն ունենալ ներկա վարչապետի պարագայում, ով նախընտրում է բաց և թափանցիկ գործելաոճ»,- ընդգծում է Սանամյանը:

Պատմաբան Աշոտ Մելքոնյանն էլ իր հերթին կարևորում է Հայաստանի երեք նախագահների ներդրումը ղարաբաղյան հիմնախնդրում՝ ընդգծելով երիտասարդ սերնդի պատրաստակամությունը՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի շահերը:

«Սա այն սերունդն է, որը 2016 թվականի ապրիլին պաշտպանեց Հայրենիքը: Նույն սերունդն այս օրերին հրապարակում պաշտպանեց իր իրավունքները»,- ասում է Մելքումյանը:

Կիսելով վարչապետ Փաշինյանի մոտեցումը բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ուղիղ մասնակցության մասին՝ պատմաբանը հույս է հայտնել, որ նոր իշխանությունների օրոք հնարավոր կլինի առաջընթաց գրանցել հակամարտության կարգավորման հարցում:

Տեսանյութեր

Լրահոս