
«Ամբողջ հասարակությունը դարձել էր մի եռացող կաթսա». Սամվել Խուդոյան

Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց ներքաղաքական զարգացումների ֆոնին հասարակական տրամադրությունների ու այս օրերին օգտագործված հոգեբանական մանիպուլյացիաների մասին, անդրադարձավ նաև առաջնորդի հոգեբանական նկարագրին:
«Ամբողջ հասարակությունը դարձել էր մի եռացող կաթսա: Այն, ինչ արեց ՀՀԿ-ն ընտրության օրը, այլ անուն չունի, քան մարդկանց ներվեր ուտել: Հիմա ժողովուրդը վստահություն չունի նրանց հավաստիացումներին, որ մայիսի 8-ին սպասվելիք ընտրությունների օրը կընտրեն Նիկոլ Փաշինյանին: ՀՀԿ-ն հիմա ժողովրդի սարսափելի ագրեսիային է արժանացել»,- ասում է Սամվել Խուդոյանը:
Հոգեբանը վստահ է՝ ատելության քարոզը, հայհոյանքները, սպառնալիքներն անընդունելի են, միաժամանակ նկատելով, որ դրանց առաջացման պատճառների հիմքում պետք է փնտրել ՀՀԿ-ի վարքը.
«Ինչպես մենք տեսնում էինք, բացառության շարժման առաջին օրերից, այն ընթանում է սիրո և համերաշխության մթնոլորտում: Մասսայական վրդովմունքի և զայրույթի դրսևորումները մենք տեսանք իշխանության հատկապես վերջին օրերի պահվածքից հետո: Դրանք բնական էմոցիաներ էին, որոնք ինչ-որ կերպ պետք է դրսևորվեին: Ինչ-որ պահից ես անհանգստությամբ սկսեցի սպասել արյունահեղության, և, փառք Աստծո, որ նման բան չեղավ: Դա միանշանակ կերպով այդ շարժման առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի գրագետ մարտավարությունն ու ձեռքբերումն էր»:
Անդրադառնալով հոգևոր դասի և հատկապես Հայ Առաքելական եկեղեցու այդ օրերի վարքին՝ Սամվել Խուդոյանը նկատում է՝ եկեղեցու առաջնորդը հրաշալի հարաբերությունների մեջ է իշխանությունների հետ, և այդ ֆոնին նրա դիրքորոշումը շատ սպասելի էր.
«Այստեղ շատ մեծ նշանակություն ունեն նաև անհատի անձնային հատկանիշները: Գուցե, եթե Գարեգին Բ-ի փոխարեն լիներ Վազգեն Առաջինը, նա գար և միանար ցուցարարներին՝ սատար կանգնելով իր հոտի ապահովությանը, բայց Գարեգին Երկրորդը դա չարեց և չէր էլ անելու: Սակայն ես շատ հոգևորականներ գիտեմ, ովքեր այդ օրերին իրենց հստակ դիրքորոշումն էին հայտնում շարժմանն ու այդ շարժման գաղափարները կիսող քաղաքացիներին: Պետք է նաև նկատեմ հետևյալը՝ ինչ-որ պահի, երբ շարժման առաջնորդները ձերբակալված էին, իսկ հասարակական տրամադրությունները՝ խիստ սրված, մենք տեսանք, թե ինչպես մի շարք հոգևորականներ ոչ միայն եկան և կանգնեցին պայքարի ելած երիտասարդների կողքին, այլև սկսեցին առաջնորդել քայլերթը: Սա արվեց մի նպատակով՝ խուսափելու համար արյունահեղությունից»:
Անդրադառնալով «Իմ քայլը» շարժման առաջնորդի հոգեբանական նկարագրին, ինչպես նաև հեղափոխության ընթացքում կիրառված հոգեբանական մեթոդներին՝ հոգեբանն ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանը գրեթե չէր օգտագործում հոգեբանական այն հայտնի մեթոդները, որոնք սովորաբար ընդունված է կիրառել այսպիսի իրավիճակներում: Փոխարենը՝ նա հասարակության լայն շերտերի համակրանքը նվաճեց իր անկեղծ ու ժողովրդական պահվածքով, իսկ երիտասարդների վստահությունը շահեց իր արտաքին տեսքի ատրիբուտներով՝ ուսապարկ, հեղափոխական տրամադրություններ հաղորդող հագուստ, կեպի և այլն: