«Իշխանափոխություն տեղի չի ունեցել». Գևորգ Կոստանյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն ասաց, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել.

«Նախ՝ իշխանափոխություն տեղի չի ունեցել մի պարզ պատճառով. ցանկացած մարդ, ով գոնե մեկ անգամ ընթերցել է մեր Սահմանադրությունը, կհասկանա՝ ինչ է նշանակում իշխանափոխություն: Խորհրդարական կառավարման ձևի երկրում իշխանափոխություն բացառապես ենթադրում է խորհրդարանական մեծամասնության փոփոխություն: Վարչապետ կամ այլ պաշտոնյաների փոփոխությունը չի կարող երբեք դիտվել իշխանափոխություն»:

Հարցին, թե հիմա ՀՀԿ-ն իշխանությունը չի՞ կորցրել, Գ. Կոստանյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ: Նոր ասացի՝ իշխանություն կորցնելը ուժի կողմից ենթադրում է պառլամենտական մեծամասնության փոփոխություն: Քանի պառլամենտական մեծամասնությունը չի փոփոխվել երկրում, խորհրդարանական տիպի երկրներում իշխանափոխության մասին խոսելն անհեթեթություն է»:

Դիտարկմանը, որ այժմ Նիկոլ Փաշինյանը փորձում է կապիտուլյացիայի ենթարկել ՀՀԿ-ին, և համոզում է իրեն ընտրել որպես վարչապետ, որքանո՞վ է հավանական, որ մայիսի 1-ին ՀՀԿ-ն կընտրի Ն. Փաշինյանին, Գ. Կոստանյանը պատասխանեց. «Ինձ համոզելը շատ դժվար է, ես կասեի՝ անհնար: Ես ունեմ մոտեցումներ, սկզբունքներ և ինքս եմ որոշում իմ գործողությունների հաջորդականությունը և բնույթը: Մեկ: Երկորդը՝ ես առիթ ունեցել եմ ասելու, որ թեև ես կուսակցական չեմ, բայց վստահ եմ, որ խմբակցության բոլոր անդամները՝ անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից, իրենց սկզբունքային դիրքորոշումներին հետևողական կլինեն, ինչպես 6 ամիս առաջ, 5 ամիս առաջ կամ 20 օր առաջ, այնպես էլ՝ մայիսի 1-ին և դրանից հետո»:

Կարդացեք նաև

Հարցին, այսինքն՝ դուք կողմ չեք քվեարկելո՞ւ Նիկոլ Փաշինյանի թեկնածության, Գ, Կոստանյանը պատասխանեց. «Մենք կողմ ենք քվեարկելու այն թեկնածուին, որին կորոշի ՀՀԿ խմբակցությունը»:

Դիտարկմանը, թե դա կարող է լինել Նիկոլ Փաշինյանը, Գ. Կոստանյանն այսպես արձագանքեց. «Ես դա բացառում եմ, որովհետև ես չեմ տեսնում նման հնարավորություն»:

Իսկ եթե, ինչպես Ն. Փաշինյանն է պնդում՝ հազարավոր մարդկանցով հեղեղվեն փողոցներն ու ճնշումներ լինեն, ինչպես Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում էր, կրկին ՀՀԿ-ն չի քվեարկի Ն. Փաշինյանի օգտին: Այս առնչությամբ Գ. Կոստանյանն ասաց. «Նախ չեմ կարծում, թե ճնշումների հետևանքով հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: Որովհետև ադրբեջանցիները տարիների ընթացքում իր նկատմամբ չեն կարողացել ճնշում գործադրել: Երկրորդ՝ երբեք ճնշումներով որևէ որոշում չի կայացվում: Եվ հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ և միջազգային կառույցները, բոլոր երկրներն ասում են, որ ընթացքը պետք է լուծվի բացառապես սահմանադրական, իրավական ճանապարհով: Իսկ սահմանադրական, իրավական ճանապարհը ճնշումներ չի ենթադրում»:

Տեսանյութեր

Լրահոս