Ինչո՞ւ էր կառավարությունն այդքան անպատասխանատու մոտեցել ԱՄՆ դեսպանի խոսքի թարգմանությանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ու հանրապետության այլ քաղաքների փողոցներում նոր թափով ու ըստ էության՝ շարժմանը միացած նոր քաղաքական ուժերով վերսկսված գործընթացն ուղեկցվել է իշխանության թևում հետաքրքիր զարգացումներով: Մասնավորապես՝ վարչապետի պաշտոնակատար և երեկ օրվա գլխավոր հակահերոս Կարեն Կարապետյանը հանդիպել է Եվրամիության և ԱՄՆ դեսպանների հետ՝ առանձին-առանձին:
Ընդ որում՝ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման մասին հաղորդագրության մեջ տեղի էր ունեցել բավականին ուշագրավ մի թյուրիմացություն: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ դեսպանին վերագրվել էր քաղաքացիների բողոքի դրսևորումների վերաբերյալ գնահատական, թե իբր դրանք խնդիր ունեն օրենքի հետ:
Մինչդեռ հետո ԱՄՆ դեսպանատունը տարածեց հատուկ հայտարարություն, որ դա թարգմանական սխալ է, և դեսպանը խոսել է ուղիղ հակառակի մասին, որ դա քաղաքացիների իրավունքն է:
Ինչո՞ւ էր կառավարությունն այդքան անպատասխանատու մոտեցել ԱՄՆ դեսպանի խոսքի թարգմանությանը, թե՞ դա, այսպես ասած, «կազմակերպված անպատասխանատվություն» էր, օրվա ընթացքում Կարապետյանի, այսպես ասած, արժեթղթերի սրընթաց անկումը կասեցնելու համար:
Միևնույն ժամանակ, նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ:
Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հերթական անգամ հայտարարել էր, որ Հայաստանում իրավիճակը Հայաստանի ներքին գործն է, և հույս ունեն, որ այն կկարգավորվի առաջիկա օրերին: Փաստացի, ՌԴ նախագահի խոսնակը առնվազն հրաժարվել է աջակցություն հայտնել ՀՀԿ-ին կամ Կարեն Կարապետյանին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: