Իրանը նշել է պայմանը, որի դեպքում պատրաստ է փոխզիջումներ քննարկել ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության շուրջ

Իրանը պատրաստ է փոխզիջումներ քննարկել ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկացիները ցանկանան քննարկել պատժամիջոցների վերացումը, BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ փոխնախարար Մաջիդ Թահթ-Ռավանչին։

ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս պնդել են, որ հենց Իրանն է, ոչ թե ԱՄՆ-ն, որ խոչընդոտում է առաջընթացը այս երկարաձգված բանակցային գործընթացում։ Շաբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրում է կնքել համաձայնություն, սակայն այն «շատ դժվար է կնքել» Իրանի հետ։

Իր հերթին BBC-ին Թեհրանում տված հարցազրույցում Մաջիդ Թահթ-Ռավանչին ասել է, որ գնդակը «Ամերիկայի դաշտում է, որպեսզի ապացուցեն, որ ուզում են կնքել համաձայնություն»։

«Եթե նրանք անկեղծ են, վստահ եմ, որ մենք կլինենք համաձայնության ճանապարհին», – նշել է Թահթ-Ռավանչին։

Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին, եթե չկնքվի համաձայնություն նրա միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ, իսկ ԱՄՆ-ն կշարունակի մեծացնել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։

Փետրվարին ԱՄՆ-ն և Իրանը անուղղակի բանակցություններ են անցկացրել Օմանի ծոցում, իսկ Թահթ-Ռավանչին, որը հաստատել է, որ երկրորդ փուլը պետք է կայանա Ժնևում երեքշաբթի օրը, ասել է, որ նրանք «քիչ թե շատ առաջ են շարժվել դրական ուղղությամբ, բայց դեռ չափազանց վաղ է դատել»։

Թրամփը նույնպես այս բանակցությունները բնութագրել է դրական։ Իրանի փոխարտգործնախարարը մատնանշել է Թեհրանի առաջարկը՝ նոսրացնել իր 60% հարստացված ուրանը՝ որպես փոխզիջման իր պատրաստակամության ապացույց։

«Մենք պատրաստ ենք քննարկել այս և մեր ծրագրի հետ կապված այլ հարցեր, եթե նրանք պատրաստ են խոսել պատժամիջոցների մասին», – ասել է Թահթ-Ռավանչին BBC-ին տված հարցազրույցում։

Տեսանյութեր

Լրահոս