Օբաման արձագանքել է իրեն պատկերող ռասիստական տեսանյութին, որը հրապարակել է Թրամփը
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման անուղղակիորեն մեկնաբանել է նախագահ Դոնալդ Թրամփի սոցիալական ցանցում տեղադրված ռասիստական տեսանյութը՝ փոդքաստի հաղորդավարին ասելով, որ «ամոթն» ու «պարկեշտությունը», որոնցով ժամանակին առաջնորդվում էին պետական պաշտոնյաները, այժմ կորսված են. հայտնում է BBC News-ը։
Վիրավորական տեսանյութում ներառված էր մի կադր, որտեղ Օբաման և նրա կինը՝ Միշելը, պատկերված էին կապիկների տեսքով։ Սա դեմոկրատների և հանրապետականների շրջանում համատարած քննադատության ալիք է բարձրացրել։
Օբաման զրուցել է լիբերալ փոդքասթեր Բրայան Թայլեր Քոենի հետ, որը ԱՄՆ առաջին սևամորթ նախագահին հարցրել է քաղաքական երկխոսության տոնայնության մասին։ Քոենը Թրամփի գրառումն անվանել է վերջին շրջանի մի քանի հակասական իրադարձություններից մեկը։
Փոդքաստի թողարկումը սկսվում է նրանով, որ հաղորդավարը խնդրում է մեկնաբանել ամերիկյան «դիսկուրսը», որը, ըստ նրա, «հասել է դաժանության այնպիսի մակարդակի, որը նախկինում չենք տեսել»։
Քոենը նշել է Սպիտակ տան հայտարարություններն այն մասին, թե Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) «զոհերը» «ներքին ահաբեկիչներ» են, և հավելել. «Ընդամենը մի քանի օր առաջ Դոնալդ Թրամփը Ձեր դեմքը, տեղադրել էր կապկի մարմնի վրա»։ Ի պատասխան՝ Օբաման ասել է. «Կարևոր է գիտակցել, որ ամերիկացիների մեծ մասը նման վարքագիծը խորապես անհանգստացնող է համարում։ Իրոք, դա ուշադրություն է գրավում։ Իրոք, դա շեղում է»։
Միաժամանակ ԱՄՆ նախկին նախագահը նշել է, որ ԱՄՆ-ում ճամփորդելիս հանդիպել է մարդկանց, որոնք «դեռ հավատում են պարկեշտությանը, քաղաքավարությանը, բարությանը»։
«Սոցիալական ցանցերում և հեռուստատեսությամբ մի տեսակ ծաղրածուների շոու է տեղի ունենում։ Եվ ճշմարտությունն այն է, որ կարծես թե ամոթի զգացում չկա այն մարդկանց մոտ, որոնք նախկինում կարծում էին, թե պետք է լինեն պատշաճության որոշակի կանոններ, պարկեշտության զգացում և հարգանք աշխատանքի նկատմամբ, այնպես չէ՞: Դա կորսվել է»,- նշել է Օբաման։
Սակայն իր պատասխանում նա Թրամփի անունը չի տվել։
Սպիտակ տունը սկզբում պաշտպանել էր տեսանյութը՝ բացասական արձագանքն անվանելով «կեղծ վրդովմունք»։ Ավելի ուշ հրապարակման համար մեղադրել են աշխատակիցներից մեկին, իսկ տեսանյութը հեռացվել է։
The Lion Sleeps Tonight երգի տեսահոլովակը ներառվել էր Թրամփի Truth Social սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութի վերջում, որտեղ պնդումներ կային 2020 թվականի ընտրությունների արդյունքների կեղծման մասին։ Հրապարակումը զայրույթ է առաջացրել քաղաքական գործիչների, այդ թվում՝ Թրամփի Հանրապետական կուսակցության բարձրաստիճան անդամների շրջանում։ Թրամփն ասել է, որ «իհարկե» դատապարտում է տեսանյութի ռասիստական պահերը՝ միաժամանակ նշելով, որ չի պատրաստվում ներողություն խնդրել։



