Արևմուտքը Հայաստանը դարձնում է գործիք՝ ՌԴ-ի հետ դիմակայությունում. Գալուզին
Երևանը մեծացնում է արևմտյան երկրների հետ ռազմաքաղաքական և տնտեսական մերձեցման տեմպերը, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարարը. հայտնում է ՏԱՍՍ-ը: խմբագրություն
Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք՝ Մոսկվայի հետ դիմակայության հարցում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նշել էր, որ Հայաստանի քաղաքական գիծը չի ենթադրում Ռուսաստանի շահերին վնաս հասցնել։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Երևանը մեծացնում է արևմտյան երկրների և միավորումների հետ ռազմաքաղաքական ու տնտեսական մերձեցման տեմպերը։
Բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին, որ Արևմուտքի համար՝ և այնտեղ դա այլևս չեն թաքցնում, Հայաստանը աշխարհաքաղաքական պայքարի գործիք է Մոսկվայի հետ դիմակայության հարցում», – ասել է նա։
Գալուզինի խոսքով՝ Երևանում տեղյակ են Մոսկվայի սկզբունքային գնահատականներին՝ Եվրոպական միությունին անդամակցությունը անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությունում անդամակցության հետ։
Նա ընդգծել է, որ այլ ինտեգրացիոն միավորման կարգավորումների դաշտ անցնելու դեպքում Երևանը չի կարող ապահովել ԵԱՏՄ նորմերի և կանոնների պահպանումը, ինչը հղի է համապատասխան հետևանքներով։
«Հուսով ենք, որ հանրապետությունում առաջնորդվելու են պրագմատիզմով․ Հայաստանի տնտեսության բարձր աճի տեմպերը, գնաճի ցածր մակարդակը, կայուն ազգային արժույթը, հայկական արտադրանքի իրացման լայն շուկան՝ այս ամենի գրավականը Ռուսաստանի հետ համագործակցությունն է և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիան», – նշել է փոխնախարարը։
Գալուզինը ընդգծել է, որ, ինչպես նախկինում, ՌԴ-ն ելնում է այն փաստից, որ Երևանը Մոսկվայի բնական դաշնակիցն է Հարավային Կովկասում։ Նա հիշեցրել է, որ ՌԴ-Հայաստան հարաբերությունների ռազմավարական կարգավիճակը ամրագրված է ամուր պայմանագրաիրավական բազայով։
«Մենք միշտ հանդես ենք եկել հզոր և իսկապես ինքնիշխան հայկական պետության օգտին։ Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցությանը այլընտրանք չկա։
Մեր երկրների և ժողովուրդների միջև ամուր կապերը մեծապես ձևավորում են հանրապետության և ամբողջ տարածաշրջանի կայուն զարգացման հիմքը։ Երկկողմ համագործակցությունը, համադրված աշխատանքը ընդհանուր եվրասիական կառույցների շրջանակում Հայաստանի ապագա բարգավաճման գրավականն են», – հավելել է Գալուզինը։



