Կենսաբանները մկներին մարդու փոքրիկ ուղեղ են փոխպատվաստել
Ամերիկացի գիտնականները մկներին մարդու ուղեղի բջիջներ են փոխպատվաստել եւ ուսումնասիրել, թե վիրահատությունն ինչպես է ազդել դրանց վարքի վրա: Հետազոտությունը հրապարակված է Nature Biotechnology հանդեսում։
Կենսաբանները փորձանոթում մարդու ուղեղի՝ ոսպի հատիկի չափով օրգանանմաններ են աճեցրել եւ փոխպատվաստել մկան գլխում:
«Մինի-ուղեղը» մասնակիորեն փոխարինել է կրծողների սեփական ուղեղին: Արդյունքում նյարդային բջիջները ոչ միայն չեն ոչնչացել, այլեւ սկսել են զարգանալ. 233 օր անց դրանց կառուցվածքը եւ հասունությունը համեմատելի են եղել նորածնի ուղեղի հետ:
«Մարդկային» ուղեղով մկների վարքը չի տարբերվել սովորականից: Սկզբում փորձակենդանիներն սկսել են ավելի լավ անցնել հիշողության թեստերը, բայց ի վերջո վերադարձել են իրենց համար ստանդարտ ցուցանիշներին: Գիտնականները կարծում են, որ հետազոտության արդյուքները կարող են հեղաշրջում կատարել ռեգեներատիվ բժշկության բնագավառում. աճեցված բջիջները կարելի կլինի օգտագործել մարդկանց փոխպատվաստելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: