«Կարևորն այն է, որ Սարգսյանն ուժային լուծման չգնաց». Տարասով
«Սարգսյանը բարձր ժողովրդավարական նշաձող սահմանեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի որոշմանը:
Հիշեցնենք, որ հաղորդագրության մեջ Ս. Սարգսյանը նշել էր. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը»։
Ստանիսլավ Տարասովն ասաց, որ անհանգստությամբ հետևում են Երևանում տեղի ունեցող զարգացումներին, քանի որ անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, որը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: «Հետևում ենք, տեսնում ենք, որ հայ ժողովուրդը տոնում է նրա հրաժարականը: Բայց պետք է հասկանալ, որ Սերժ Ազատովիչը մեծ ներդրում է ունեցել ՀՀ պատմության մեջ, նա դիրքեր չի զիջել Ղարաբաղում, պետք է ընդունել, որ նա սահմանադրական բարաեփոխումներ է իրականացրել, հայերը պետք է հանդուրժողական վերաբերմունք դրսևորեն նրա նկատմամբ, նա մաքսիմումն է արել այդ պաշտոնում, ներքին խնդիրներ կան յուրաքանչյուր երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում, այդ խնդիրները գրգռում են հասարակությանը:
Մենք մեծ երկիր ենք, շատ շրջաններում բողոքի ակցիաներ են ծավալվում, հետո մարում, Նովոսիբիրսկում է լինում, բայց քանի որ մեծ երկիր է, դրանք ոչ մի արդյունքի չեն բերում: Հայաստանը փոքր երկիր է, նման բողոքները միանգամից դուրս են գալիս ջրի երես, մեծ տարածում են գտնում:
Կարևորն այն է, որ Սարգսյանն ուժային լուծման չգնաց, նա հասկանում է, որ Ղարաբաղում հայի արյուն է թափվում, նա չցանկացավ Հայաստանում հայի արյուն թափել: Ենթադրում եմ, որ կլինեն արտահերթ ընտրություններ, կամ այլ կոմբինացիա, կամ ով կառաջադրվի, մենք վստահ ենք, որ ցանկացած ֆիգուր, ով կլինի վարչապետի պաշտոնում, կլինի հայրենասեր:
ՌԴ-ի տեսանկյունից մենք ուզում ենք վստահ լինել, որ ռազմավարական համագործակցությունը կպահպանվի: Նկատեցինք, որ շարժման ժամանակ քաղաքական կարգախոսներ, հակառուսական ելույթներ չեն եղել, Ղարաբաղի վերաբերյալ չեն եղել, այսինքն` ներքին գործընթաց էր սա: Այսինքն` սա բացառապես ներհայաստանյան գործընթաց էր»,- ասաց նա:
Ռուս քաղաքագետի կարծիքով՝ արտաքին քաղաքական պատճառներ չեն եղել: Նրա որակմամբ, Սերժ Ազատովիչը ցույց տվեց, որ ՀՀ-ում կա ժողովրդավարություն, ի տարբերություն ավտորիտար Ադրբեջանի, որ ժողովուրդը կարող է ազատ արտահայտել իր կարծիքը:
«Նա սահմանադրական բարեփոխումներ իրականացրեց, ժողովուրդն ավելի մեծ ազատություն ձեռք բերեց, դրանից Փաշինյանն օգտվեց, պետք է ընդունել, որ նա պատվաստեց հայ ժողովրդին, նա ցույց տվեց ժողովրդավարություն: Դա պատմական ձեռքբերում է, նա ժողովրդավարական որոշում կայացրեց, ունիկալ ժողովրդավարական պրոցես, հայերը պետք է ծափահարություններով ճանապարհեն Սարգսյանին: Հայերը չկրակեցին միմյանց, նա մեծ առաջընթաց կատարեց, նա այնպիսի նշաձող դրեց, որ ՀՀ ոչ մի առաջնորդ այլևս ուժային լուծման չի գնա: Սա պետք է գնահատել»,- ասաց Տարասովը:
Ստանիսլավ Տարասովն ասաց, որ շատ ուշադիր հետևել են շարժմանը: «Մենք տեսնում էինք այդ գեղեցիկ ռեժիսուրան, գեղեցիկ շարժումը՝ գունավոր հեղափոխության տարրերով, բայց փաստեր չունենք պնդելու, որ շարժումն ուներ ԵՄ հովանավորությունը, գուցե որոշ ժամանակ անց իմանանք այդ մասին»,- ասաց նա: