Պետք է մաքսիմալ օգտագործել առկա տնտեսական թրենդը տրամաբանական ավարտի գալու համար. Կարեն Կարապետյան
ՀՀ նոր կառավարությունում առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը կոորդինացնելու է տնտեսական բլոկը և տարածքային զարգացումը: Այդ մասին Կարեն Կարապետյանը նշել է «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Լրագրողը Կարեն Կարապետյանից հետաքրքրվել է`կա՞ արդեն հստակ պատկերացում թե ո՞ր ոլորտներն են լինելու իր պատասխանատվության տակ, ինչին ի պատասխան առաջին փոխվարչապետն ասել է. «Այո, կա: Ես կոորդինացնելու եմ տնտեսական բլոկը և տարածքային զարգացումը: Եվ այն բոլոր բարեփոխումները, որը մենք նախատեսել ենք և այն տնտեսական թրենդը, որը մենք ունենք, պետք է մաքսիմալ օգտագործել, որպեսզի գանք տրամաբանական ավարտի: Եվ այս կարգավիճակը որոշակի առավելություններ ունի, ազատության աստիճան ունի, քանի որ մենք շատ նախագծեր ունենք մեր հարևան երկրների հետ, որտեղ շատ հաճախ ներկայությունը պարտադիր է, բայց քո կարգավիճակը թույլ չի տալիս այդքան հաճախ գնալ, ավելի հասցեական ներդրողների հետ աշխատել: Եվ իրականում, կրկնվեմ, օգտագործել այն ներուժը, որը ունենք: Մենք լավ թրենդի վրա ենք: Այսօր Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է թվերը: Երեք ամսվա կտրվածքով մենք ունենք 10.6 % տնտեսական աճ, դա շատ ավելի բարձր է, քան միջինը աշխարհում: Ես շատ լավ հասկանում եմ և գիտակցում եմ, որ մեր շատ քաղաքացիները դա չեն զգում, բայց պետք է ֆիքսենք, որ միակ ճանապարհը ռեգուլյար միջինից բարձր տնտեսական աճ ապահովելն է:
Հարցին` արդյոք շարունակվելու են այն ծրագրերը, որոնց մասին Կարեն Կարապետյանը խոսել է և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ և դրանից հետո՝ որպես վարչապետ, ծրագրեր կան, որոնք եռամյա էին, քառամյա էին: Առաջին փոխվարչապետը դրական պատասխան է տվել և նշել, որ մոտ ժամանակներս կառավարության նոր ծրագրով դա կֆիքսեն: