Կիմ Չեն Ընի կինը ճանաչվել է «ԿԺԴՀ-ի հարգարժան առաջին տիկին»
Հյուսիսկորեական պաշտոնական ԶԼՄ-ները երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի կնոջը՝ Լի Սոլ Չժուին, ներկայացրել են որպես ԿԺԴՀ-ի «հարգարժան առաջին տիկին»: Դիտորդները նշել են, որ այդ տիտղոսն այս երկրում չէր գործածվել արդեն ավելի քան 40 տարի։
Արեւմտյան փորձագետներն այն կարծիքին են, որ Կիմ Չեն Ընը կարող էր կնոջն առաջին տիկնոջ պաշտոնական կարգավիճակ տալ, որպեսզի նրա դիրքերն ուժեղացնի Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցությունների նախաշեմին:
Բացի այդ, ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռուստատեսության տեղեկատվության համաձայն, անցած հանգստյան օրերին Լի Սոլ Չժուն առաջին անգամ հանրությանը ներկայացել է առանց ամուսնու ուղեկցության: ԿԺԴՀ-ի առաջին տիկինը ներկա է եղել չինական բալետային խմբի ելույթին, որը երկիր է ժամանել հյուրախաղերով: Ընդ որում՝ Լի Սոլ Չժուին ուղեկցել են ԿԺԴՀ-ի կառավարության մի խումբ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի ղեկավարի կրտսեր քույրը՝ Կիմ Ե Չենը: