
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Արցախի դպրոցներից մեկում 6-րդ դասարանի աշակերտների միջև. պարզաբանում է տնօրենը

Արցախի ոստիկանության հասարակայնության հետ կապի բաժինն օրերս հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Բերձոր քաղաքի Վահան Զատիկյանի անվան միջնակարգ դպրոցում ապրիլի 9-ին վիճաբանություն է առաջացել 6-րդ դասարանի աշակերտների միջև, որի ընթացքում կողմերը միմյանց հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
168.am-ի հետ զրույցում Վահան Զատիկյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Համբարձում Արզանյանը նշեց, որ իրականում ոչ մի լուրջ վիճաբանություն էլ չի եղել. «Երեխաները խաղալիս իրար խփել են և ինչ-որ թեթև վնասվածքներ են ստացել: Ամեն ինչ սկսվել է 6-րդ դասարանի երեխաների խաղից: Իրենց բուն վեճը դպրոցի տարածքում չի եղել, այլ՝ դպրոցից դուրս: Մարդիկ փորձում են տպավորություն ստեղծել, որ դպրոցում անիշխանություն և բարձիթողի իրավիճակ է, որն իրականությանը չի համապատասխանում: Մեր դպրոցը մեր շրջանի լավագույն դպրոցներից է»:
Մեր ճշտող հարցին՝ ձեր կողմից նշված խաղը դպրոցում չի՞ եղել, Հ. Արզանյանն այսպես պատասխանեց. «Ես լրիվ ճշտել եմ՝ կետ առ կետ ինչպես է դեպքը տեղի ունեցել. խաղը սկսվել է դպրոցի տարածքում, երեխաներից մեկը պատահաբար վնասվածք է ստացել, հետո դպրոցի տարածքից դուրս վնասվածք ստացած երեխան փորձել է իր վնասվածքի համար մյուս երեխայի հետ հաշիվներ պարզել, բայց դպրոցի տարածքում որևէ կռիվ չի եղել»: