«Դա շատ հաճելի տեղեկատվություն է. հիմա իրենք պետք է կրեն այդպիսի դժվարություններ». Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի հասցրել հետևել երեկ խորհրդարանում «Ելք» խմբակցության իր գործընկերների ելույթներին։

Հարցին՝ տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը հավաքվել են «Բանվորի արձանի» մոտ, հետո մետրոյով հասել Բաղրամյան կայարան, որը, ըստ քաղաքապետարանի՝ տեխնիկական խնդիրների պատճառով չի աշխատում, ինքն ինչպե՞ս է վերաբերվում դրան, նա պատասխանեց.

«Դա շատ հաճելի տեղեկատվություն է։ Ես երեկ ասացի, որ նրանք անընդհատ և շարունակական դժվարություններ են ստեղծել ՀՀ քաղաքացիների համար՝ Հայաստանում ապրելու համար, հիմա իրենք պետք է կրեն այդպիսի դժվարություններ և պետք է հավաքվեն մի տեղ, փակ կայարաններով երթևեկեն, և այլն։ Մենք շատ հստակ սկսել ենք ազդել իշխանությունների գործողությունների վրա, և ըստ էության, իրենք չեն որոշում՝ ինչ անեն, այլ մենք ենք որոշում նրանց անելիքը»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ որքան էլ ասում է, որ օրինական են իրենց գործողությունները, ոստիկանությունը, իշխանությունները հակառակն են պնդում, կարո՞ղ է երաշխիք տալ հավաքի մասնակիցներին, որ դա չի վերածվի զանգվածային մեկուսացումների: Ի պատասխան՝ Ն. Փաշինյանն ասաց. «Ես կարծում եմ, որ երեկվա հանրահավաքն ու համահայկական աջակցությունն այն հիմնական երաշխիքն է, որը պետք է կանխի նման գործողությունները։ Երեկվա հանրահավաքից առաջ մենք մտավախություններ ունեինք, որ տեղի կունենան զանգվածային ձերբակալություններ, բայց երեկվա հանրահավաքի մասշտաբն ու դրա համահայկական աջակցությունը կանխեցին այդ գործողությունները։ Ես ինչքան տեղեկություն ունեմ՝ գիշերվա ընթացքում ձերբակալություններ չեն եղել մեր կողմնակիցների շրջանում»։

 

Տեսանյութեր

Լրահոս