
«Այսօրվա ակցիաների մասնակիցները ժամանակին տարբեր քաղաքական ուժերին ձայն տված քաղաքացիներ են». Արմեն Աշոտյան

«Այսօր դժվար է ասել, թե բողոքողներն ում են ընտրել, որովհետև գտնում եմ, որ այսօրվա ակցիաների մասնակիցները ժամանակին տարբեր քաղաքական ուժերին ձայն տված քաղաքացիներ են»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ա. Աշոտյանն ասաց, որ աշխատանքի հասել է սովորականի պես. «Ես աշխատանքի եմ հասնում ամեն օր բավականին վաղ առավոտյան»:
Դիտարկմանը, թե ասում են՝ ՀՀԿ-ականները գիշերել են Ազգային ժողովում՝ Ա. Աշոտյանն այսպես արձագանքեց. «Ես նման ՀՀԿ-ական չեմ տեսել, գուցե ոմանք գիշերել են, չեմ խոսել ոչ մեկի հետ, բայց ես չեմ մնացել այստեղ»:
Հարցին՝ դուք ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում ցույցի դուրս եկած քաղաքացիների համար, Ա. Աշոտյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ կա էներգետիկա, և այդ էներգետիկան պետք է քաղաքական գործընթացների միջոցով փոխակերպել գործողությունների մեխանիզմների արդյունքների: Եթե գործընթացները, որոնք տեղի են ունենում երկրում, բացառապես քաղաքական են, իրավաչափ են և բռնի չեն, կարծում եմ՝ մնացածն աշխատանքով պետք է ապացուցել:
Մենք մեր թիկունքում պետք է զգանք և՛ շնչառություն, և՛ սատարում: Այսօր գուցե շնչառության ժամանակն է: Գուցե պատմության մեջ լինեն դեպքեր, երբ զգանք նորից նմանատիպ սատարում, որը զգացել ենք ապրիլյան պատերազմի ժամանակ»: