Պրիմորիեում կատուն հոգացել է նորածին ջրարջերի մասին, որոնց լքել էր մայրը
Վլադիվոստոկում կատուն խնամքի տակ է վերցրել երեք նորածին ջրարջերի, որոնց մայրը դուրս էր նետել բնից: Այդ մասին Instagram-ում հայտնել է «Սադգորոդ» կենդանաբանական այգին:
«Ապրիլի 12-ի առավոտյան Դեւոչկա անունով էգ շերտավոր ջրարջը երեք ձագ է բերել եւ դրանց դուրս նետել բնից: Մենք, իհարկե, հասկացանք, որ փոքրիկներին փրկել է պետք: Բարեբախտաբար, մեր անասնաբույժ Վիկտորի մոտ վերջերս կատու էր ցնկնել: Ձագերին նա ընդունեց, կերակրեց, լիզեց, ինչպես հարազատների»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ աշխատակիցները հասկացել են մայր ջրարջի վարմունքի պատճառը. գիշերը նա եւս երկու ձագ է բերել: «Մենք ենթադրեցինք, որ դա կարող էր լինել նրա վարմունքի պատճառներից մեկը, եւ ճիշտ էինք… Այժմ նա իրեն հանգիստ է պահում ձագերի հետ»,- նշել են կենդանաբանական այգու աշխատակիցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: