«Միակ նպատակը, որին ձգտում է գրեթե ողջ քաղաքական դաշտը, իշխանությունն է, որի միջոցով փող կաշխատեն». Կարեն Քոչարյան

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ գաղափարի հատիկ անգամ չկա ամբողջ քաղաքական դաշտում։ Այս պարագայում միակ գաղափարը և միակ նպատակը, որին ձգտում է գրեթե ողջ քաղաքական դաշտը, իշխանությունն է, որի միջոցով կաշխատեն փող»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Ներքաղաքական իրավիճակը Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին. սպասվող զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Ստեղծված իրավիճակը, ըստ նրա՝ շատերի համար է շահավետ. «Դա մենք տեսնում ենք։ Սուբյեկտիվ միջամտությունների շնորհիվ օբյեկտիվ հասել ենք նրան, ինչին հասել ենք»։

Նա նկատեց՝ համաշխարհային տենդենց է՝ գաղափարականը չէ գերիշխողը. «Բայց գալու է մի սերունդ, որը կառուցի այն, ինչ իրեն է դուր գալիս, ոչ թե հարմարվի նրան, ինչ իրեն թելադրում են նախորդ սերունդները։ Սերունդը կա, նա ագրեսիվ է, բայց քաղաքականության մեջ առայժմ չկա։ Դրա ծիլերը չեն էլ երևում դեռ, և չեմ շտապի ասել, թե 2022թ. կլինի այդ սերունդը։ Դրա ծիլերը երևում են սերնդի վերաբերմունքի մեջ ընդամենը»։

Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ 1988թ. այս կողմ պայքարը եղել է ընդդեմ, ոչ թե՝ հանուն. «Միայն 88-ին սկսված պայքարն էր հանուն ազատության, անկախության, Արցախի։ Դրանից հետո՝ ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի։ Այդ ընդդեմն ընդհանուր քաղաքական դաշտի խնդիրն է, որովհետև, երբ ասում են՝ սա չլինի, շատերն ընդունում են և համաձայն են, բայց չեն ասում՝ ով լինի, ոնց լինի, ինչ է անելու, ինչպես է այս վիճակից դուրս բերելու։ Խնդիրը նաև դա է, որ բերեց համընդհանուր ապատիայի և անվստահության, այդ թվում նաև՝ ընդդիմադիր ուժերի հանդեպ»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս